Եվրոպական կայունացման հիմնադրամներից աջակցություն ստացող հիմնադրամների նկատմամբ բյուջետային վերահսկողությունը պետք է մեծանա, և եվրոգոտւ արվարձանային երկրների կառավարությունները, իրենց հերթին, պետք է բարձրացնեն հարկաբյուջետային պատասխանատվության մակարդակը: Այսպիսի տեսակետ է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մերկելը վստահ է, որ առանց բացառության եվրոգոտու անդամ բոլոր երկերները պետք է կատարեն բյուջետային փաթեթի պահանջները և իրականացնեն ծախսերի լիակատար վերահսկողություն: Նրա կարծիքով՝ Եվրոպայի տնտեսության ամրապնդման ծրագրի կարևոր կետերից մեկը ֆինանսական հաշիվների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն է: Հակառակ դեպքում՝ ըստ Մերկելի՝ իմաստ չունի «գումարները լցնել անհատակ տակառը»: Մերկելը նշել է նաև, որ Գերմանիան կարող է արգելափակել Հունաստանին հերթական տրանշի փոխանցումը, եթե Աթենքի կողմից բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցում առաջընթաց չարձանագրվի:
Նշենք, որ այս շաբաթվա վերջին Արժույթի միջազգային հիմանդրամի, Եվրամիության և Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը հերթական զեկույցը կներկայացնի Հունաստանի վերաբերյալ: Գերմանական զանգվածային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանձնաժողովի նախնական զեկույցը Հունաստանի ֆինանսական դրության վերաբերյալ լավատեսություն չի ներշնչում: Փորձագետները նշում են, որ Հունաստանը չի կատարել խնայողության ծրագրի մասնավորապես 201 և 300 կետերը:
Ի դեպ՝ հարցազրույցի ընթացքում Մերկելը հաստատել է կանցլերի պաշտոնը պահպանելու իր մտադրությունը և պատրաստակամությունը՝ երրորդ անգամ առաջադրվելու ընտրություններում, որոնք տեղի կուենան 2013թ. սեպտեմբերին: Մի շարք հարցումների համաձայն՝ նրան աջակցում է գերմանցիների 70%-ը, որոնք կողմ են Մերկելի՝ եվրոպական ինտեգրման խնդիրների լուծման տարբերակներին:
Civilnet











