Գլխավոր Լրահոս

Ալեն Սիմոնյանն ու եղբայրը պնդում են՝ «ասֆալտի բիզնեսում բաժնեմաս չունեն»

Ալեն Սիմոնյանն ու եղբայրը պնդում են՝ «ասֆալտի բիզնեսում բաժնեմաս չունեն»

Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը, որ զբաղվում է ավտոճանապարհների ասֆալտապատմամբ, հայտարարություն է տարածել ընկերության հիմնադրման, բաժնետերերի վերաբերյալ։ 

Օգոստոսի 26-ին Սիվիլնեթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը տնօրեն է դարձել «Եվրոասֆալտ1», «Եվրոասֆալտ» ընկերություններում և փոխտնօրեն «Թի էս քնսթրաքշն» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ «Եվրոասֆալտ»-ը հասցրել է նաև մասնակցել պետական գնումների ու հաղթել՝ երկու մրցույթների արդյունքում կնքելով ընդհանուր առմամբ 655 միլիոն դրամի պայմանագրեր։ Գրել էինք նաև, որ «Եվրոասֆալտ1»-ի բաժնետեր է հանդիսանում Ուշի գյուղի բնակիչ Սիրուշ Դավթյանը, ում բիզնես գործունեության մասին ուշեցիներն ու Ուշիի համայնքապետը տեղեկություններ չունեին։

«Եվրոասֆալտ»-ը իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանն ու Կառլեն Սիմոնյանը ընկերությունում չունեն մասնաբաժին, իսկ պնդումները, թե «ԱԺ նախագահը կամ եղբայրը կապ ունեն ընկերության շահած մրցույթի հետ և այդ մրցույթում հաղթելը կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկ, ոչ մի աղերս չունեն իրականության հետ»։ Ըստ «Եվրոասֆալտի»-ի հայտարարության՝ իրենք մասնակցել են մի քանի տասնյակ մրցույթների և բազմաթիվ դեպքերում չեն կարողացել շահեկան գին առաջարկել, իսկ հաղթած երկու մրցույթներում առաջարկած գինը «չի ենթադրում շահույթ»։ 

«Կ. Սիմոնյանը հանդիսանում է կազմակերպության տնօրենը, և նշված մրցույթների դրական կամ բացասական արդյունքները որևէ կերպ չեն կարող և չեն արտահայտվում Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա»,- հայտարարել են ընկերությունից։ 

Այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ պետական գնումների մրցույթներում հաղթանակներն ու պայմանագրից ստացվող ֆինանսական միջոցները ուղիղ ազդեցություն ունեն ընկերության ֆինանսական վիճակի, նաև՝ աշխատավարձային ֆոնդի, այդ թվում Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի ձևավորման վրա։  

Ըստ «Եվրոասֆալտ»-ի՝ «Եվրոասֆալտ 1» ընկերությունը ստեղծվել է հողամասի առքուվաճառքի գործարքի համար. «Սիրուշ Դավթյանը հիմնադրել է ընկերությունը՝ կանոնադրական կապիտալում ներդնելով իրենց ընտանիքին պատկանող հողամասը, որից հետո «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք է բերել Գրետա Թադևոսյանը: Ներկայիս դրությամբ հողամասի տարածքում կառուցվել է ասֆալտի արտադրության գործարանը, իսկ տարածքը վարձակալել է «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերությունը: Բաժնետոմսերի առուվաճառքից հետո Սիրուշ Դավթյանը որևէ առնչություն չի ունեցել այս երկու ընկերությունների հետագա գործունեության հետ»,-նշված հաղորդագրությունում։ 

«Եվրոասֆալտ»-ի բաժնետերեր, ըստ ընկերության, հանդիսանում են երկու այլ կանայք՝ Սվետլանա Պողոսյանն ու Գրետա Թադևոսյանը։ «Եվրոասֆալտ»-ի հաղորդագրությունում ոչինչ չկա երրորդ ընկերության՝ «Թի էս քնսթրաքշն» ընկերության մասին, որտեղ Կառլեն Սիմոնյանը փոխտնօրեն է։ 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում խոսել էր եղբոր գործունեության մասին՝ դեղին մամուլ լինելու մեջ մեղադրելով այն լրատվամիջոցներին, որ անդարադարձել են թեմային։ 

Մկրտիչ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում