Գլխավոր Լրահոս

Քծնանք՝ ակադեմիական ձևով

Քծնանք՝ ակադեմիական ձևով

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե իր կարծիքով՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի պահվածքը սխալ է եղել, քանի որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իրենց վերադասն է, և բուհի ղեկավարը պետք է հաշվետու լինի նախարարին: «Զոլյանն իր կարծիքը բավական ոչ կոռեկտ արտահայտեց, ինչը հարիր չէ գիտնական մարդուն: Պետք է հասկանալ մի բան՝ աշխարհում ոչինչ հավերժ չէ՝ ո՛չ պաշտոնը և ո՛չ էլ դիրքը»,- ասել է Սիմոնյանը:

Եթե Արամ Սիմոնյանը լիներ ոչ թե Հայաստանի մայր բուհի ղեկավարը, այլ, ասենք՝ կոպերատիվ մի ինստիտուտի, նրա արտահայտած մտքերին գուցե այսքան ուշադրություն չդարձնեինք: Սակայն երբ ԵՊՀ ռեկտորն ակադեմիական հարթությունում խորացնում է քծնանքի և վերադասին հպատակվելու ավանդույթը, կարելի է ասել՝ գործ ունենք համակարգային արատի հետ: Որպես կանոն՝ հենց բուհերում են ձևավորվում ազատ մտածող, անկախ և առաջադեմ այն քաղաքացիները, որոնք պետությունների և հասարակությունների շարժիչ ուժն են լինում:

Եթե երկրի մայր բուհի ռեկտորը խրախուսում է քծնանքն ու վերադասին հպատակվելը, նա դեգրադացնում է ամբողջ ակադեմիական պրոցեսը: Անկախ նրանից, թե ինչ տիպի ռեկտոր է եղել Սուրեն Զոլյանը, նա կարողացել է հակադրվել վերադասին և անվերապահորեն չհպատակվել կրթության և գիտության ապաշնորհ նախարարին, որը մինչ այժմ հայերեն լատինատառ է գրում և որի ստորագրած հրամանում բազմաթիվ ուղղագրական և կետադրական սխալներ կան:

Կառավարությունն ու ԿԳՆ-ն ամեն ինչ արեցին, որ Զոլյանի հարցը կարգավորվի վերադաս-հպատակ ձևաչափում՝ «վերադասը միշտ ճիշտ է» սկզբունքով: Արամ Սիմոնյանի հայտարարությունը թերևս մեսիջ է Աշոտյանին, որ ինքը դասը լավ սերտել է և «նրա գլխից չի թռնի»:

Ամենառեպրեսիվ հասարակություններում անգամ ակադեմիական հաստատությունները, հատկապես՝ մայր բուհերը, այն հարթակներն են, որտեղ ծնվում, զարգանում և թափ է հավաքում ազատ միտքը: Կարելի է պնդել, որ ԵՊՀ ներկա ղեկավարն իր արժեհամակարգով խոչընդոտ է կրթական միջավայրի առողջությանը:

Բարեբախտաբար, մայր բուհում ազատ միտքը դեռևս բավականաչափ զորեղ է, որպեսզի չերկրորդի ղեկավարության արժեհամակարգը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում