Հուլիսի 14-ի ուշ երեկոյան ավարտվեց 9-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որի յոթ օրերը բազում հաճելի պահեր պարգևեցին փառատոնի հյուրերին ու հանդիսատեսին։
Այս տարվա ժյուրիի նախագահը Վիկտոր Էրիսեն էր՝ արտհաուսի մեծագույն ռեժիսորներից մեկը։ Հենց նա էլ շնորհեց փառատոնի գլխավոր մրցանակը Սերգեյ Լոզնիցային՝ «Միջազգային լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչված «Մշուշում» ֆիլմի համար: Երկու տարի առաջ բելառուս ռեժիսորի առաջին խաղարկային ֆիլմը՝ «Իմ ուրախությունը», Երևանից «Արծաթե ծիրան» էր տարել։ Հաջորդ փառատոնին, չկրկնվելու համար, Լոզնիցան գուցե ներկայանա այլ անվանակարգում, օրինակ` «Հայկական համայնապատկերում»: «Ես չեմ ուզում ոչինչ տանել, ես ուզում եմ տալ: Նախ ուզում եմ գալ այստեղ և փոքր ֆիլմ նկարահանել սարերում»,– ասաց ռեժիսորը։
Այս տարվա հերոսների շարքում նաև Միքայել Պողոսյանն ու Նատալյա Բելյաուսկենեն էին։ «Եթե բոլորը» ֆիլմը «Ոսկե ծիրան» ստացավ «Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ» անվանակարգում և արժանացավ էկումենիկ ժյուրիի հատուկ մրցանակի: Ռուս ռեժիսորը համոզված էր, որ ֆիլմն արժանի է մրցանակին: «Մեր ֆիլմում այնքան Հայաստան կա, որքան երևի հայկական ֆիլմերում չկա»,– պնդում էր նա: Միքայել Պողոսյանի համար էլ պատվաբեր էր մրցանակ ստանալ հայրենիքում ու միջազգային փառատոնին։ «Ես ինձ հիմա ավելի առողջ եմ զգում»,– անկեղծացավ նա: Ըստ հեղինակների՝ «Եթե բոլոր» ֆիլմի գլխավոր մրցակիցը ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանի «Նանան» էր՝ զգացմունքային պատմություն փոքր աղջկա մասին, որը միայնակ ապրում է անտառում: Համամիտ էին նաև ժյուրիի անդամները՝ Վալերիին հանձնելով «Արծաթե ծիրանը»:
Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց Խոսե Լուիս Տորես Լեյվային (Չիլի) խորհրդավոր «Ամառը» ֆիլմի համար։
Լավագույն վավերագրական ֆիլմի համար «Ոսկե ծիրանի» արժանացավ պաղեստինցի օպերատոր և լուսանկարիչ Էմադ Բուրնաթի «Հինգ կոտրված տեսախցիկ» լիամետրաժը։ Նույն անվանակարգում «Արծաթե ծիրան» շնորհվեց ռուս ռեժիսոր Ալեքսեյ Վախրուշևին արդեն հայտնի «Տունդրայի գիրքը» ֆիլմի համար: Հայկական ֆիլմերի շարքում լավագույն վավերագրականը ճանաչվեց Բրազիլիայում ստեղծված «Հայկական ռապսոդիան»:
Բրազիլիացի Էդուարդու Մուրուտոն արժանացավ «Ոսկե ծիրանի» «Կորիզ» մրցույթում «Երբ մեռնենք գիշերը» կարճամետրաժի համար:
Կինոքննադատներն իրենց FIPRESCI-ի մրցանակը հանձնեցին ղազախա-ճապոնական համատեղ արտադրության «Գարնան առաջին անձրևները» ֆիլմի ռեժիսոր Սանո Սինձյուին:
Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Տիգրան Ավետիքյանը «Վատ հայրը» կարճամետրաժի համար, որում նկարահանվել է նրա հայրը՝ հայտնի ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը:
Ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակը շնորհվեց Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» վավերագրական ֆիլմին:
Հայաստանի Ֆիլմարտադրողների միությունը հատուկ մրցանակ շնորհեց Գորան Ռադովանովիչի՝ Կուբայում նկարահանած «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմին: Հայտնի չէ՝ ինչն էր ավելի մեծ տպավորություն թողել հայ կինոարտադրողների վրա՝ սերբ ռեժիսորի հայկական կինոյի մասին գիտելիքներն ու հիացմունքը Փելեշյանո՞վ, թե՞ սուր հայացքն առ կուբայական իրականություն։ Ռեժիսորը, որը բազմաթիվ մրցանակներ է ստացել այլ փառատոներում, կարծում է, որ սովորաբար մեծ դեր ունի քաղաքականությունը, ժյուրիի կազմում ընդգրկված կինոգործիչների կամ քննադատների անձնական ճաշակը: «Այս մրցանակը շփման, բարեկամության խորհրդանիշ է, ոչ թե մեծարման»,– ասաց Ռադովանովիչը:
Կինոփառատոնի փակմանը կայացավ երկու մեծ ռեժիսորների ու 9-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի՝ Ալեքսանդր Սոկուրովի և Ագնեշկա Հոլանդի հուզիչ հանդիպումը: Սոկուրովը Հոլանդին հանձնեց «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակն ու ասաց, որ չնայած տեսել է Հոլանդի բոլոր ֆիլմերը, երբևէ հնարավորություն չի ունեցել հանդիպելու նրա հետ:
Նախահոբելյանական 9-րդ «Ոսկե ծիրանը» դարձավ այն խաչմերուկը, որում հանդիպեցին վաղեմի բարեկամները, և միմյանց գտան նորերը։
Շնորհվեցին «Ոսկե ծիրանները»

Թեմա
Իրադարձություն
Civilnet










