Գլխավոր Լրահոս

Դրամը հավատացել է Սահմանադրությանը

Դրամը հավատացել է Սահմանադրությանը

Սահմանադրության օրվան (հուլիսի 5) հաջորդող ուրբաթը ոչ աշխատանքային հայտարարելու գործադիրի որոշումը հանգեցրել է դրամի 8 կետով ամրապնդման։ Կարելի է պնդել, որ անցած շաբաթվա դրամի կտրուկ արժևորումը պայմանավորված էր դոլարի արհեստական առաջարկով և սպեկուլյատիվ սպասումներով. Կենտրոնական բանկը չի շտապել չեզոքացնել դրանք։

Այս կամ այն տոնին հաջորդող մեկ կամ երկու օրը ոչ աշխատանքային հայտարարելու կառավարության որոշումներն իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն տնտեսության իրական հատվածի, այլև ֆինանսական շուկայի վրա։ Դրա վառ ապացույցը անցած շաբաթ արտարժութային շուկայում դրամի կտրուկ արժևորումն է։

Մայիսից մեկնարկած դրամի արժեզրկումը հուլիսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում ոչ միայն կանգ առավ, այլև դրամը կտրուկ արժևորվեց՝ մոտ 2%-ով։ Այսպես, եթե հուլիսի 9-ին բանկերի կողմից դոլարի առքի փոխարժեքը ֌417 էր, ապա հուլիսի 14-ին այն արդեն ֌409 էր: Մակրոտնտեսական ցուցանիշներից, ինչպես նաև արտարժութային շուկայում գործարքների քանակից և ծավալից երևում է, որ անցած շաբաթ դրամի արժևորումը չէր կարող լինել մոտ 2%: Ամրապնդման տենդենցը եղել է արհեստական և պայմանավորված սպեկուլյատիվ սպասումներով։

Խնդիրն այն է, որ Հայաստանում դոլարի առաջարկը ձևավորվում է հիմնականում մասնավոր տրանսֆերտների և արտահանման հաշվին։ Հուլիսի 2-8-ը Հայաստանում եղել է կիսով չափ աշխատանքային (աշխատանքային էին միայն շաբաթվա առաջին երեք օրերը), ինչը նշանակում է, որ հուլիսի 5-ին և 6-ին բանկային համակարգով մասնավոր փոխանցումները քաղաքացիները կարող էին ստանալ միայն հուլիսի 9-ից հետո։ Ոչ աշխատանքային օրերին Հայաստան փոխանցված գումարներն ըստ էության «տեղափոխվել» են հաջորդ շաբաթ՝ դրանով իսկ ստեղծելով ավելցուկային առաջարկ, ինչը չէր կարող չազդել փոխարժեքի վրա։

Ոչ աշխատանքային օրերի ազդեցությունը արտարժութային շուկայի վրա երևում է նաև շուկայում իրականացված գործարքներից: Այսպես՝ հուլիսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ $120 մլն և վաճառվել $126 մլն։ Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում բանկերը սովորաբար գնում են միջինը $70-80 մլն և վաճառում $80-90 մլն։
Անցած շաբաթվա առաջին երեք օրվա ընթացքում առանձին բանկերում դոլարի ավելցուկի մասին է վկայում նաև այն, որ միջբանկային շուկայում ընդհանուր առմամբ իրականացվել է $3,7 մլն-ի առք և վաճառքի գործարք (հունիսի 25-ից 29-ը գործարքների ծավալը կազմել է $1,7 մլն):

Առանձին բանկերում դոլարի ավելցուկի մասին վկայում է նաև այլ արտարժույթներով գործարքների ծավալը, մասնավորապես՝ ռուբլու։ Հաշվի առնելով ԿԲ նորմատիվների պահանջները՝ ավելցուկը բանկերը վաճառել են բորսայի միջոցով։ Անցած շաբաթ «Նասդաք ՕէՄԷՔՍ Արմենիա» բորսայում իրականացվել է մոտ $20 մլն-ի գործարք: Այդ ծավալի զգալի մասը, ամենայն հավանականությամբ, ձեռք է բերել ԿԲ-ն։

Եթե հաշվի առնենք, որ անցած շաբաթվա ընթացքում բորսայում միջին փոխարժեքը եղել է ֌412,6/$1, իսկ ԿԲ-ն հունիսին բորսայում վաճառել է $25,6 մլն՝ ֌414/$1 և $1,6 մլն՝ ֌419,44/$1 փոխարժեքով (հունիսի 22-ից հետո ԿԲ-ն բորսայում գործարք չի իրականացրել), ապա անցած շաբաթ բորսայից դոլար ձեռք բերելով՝ ԿԲ-ն, ամենայն հավանականությամբ, «բավական կլորիկ գումար է աշխատել»։

Թեև ԿԲ-ն միջամտել է արտարժութային շուկային և մեղմել դրամի ամրապնդման գործընթացը, միջամտությունը, այդուհանդերձ, ուշացած էր, ինչի հետևանքով էլ ձևավորել են դրամի հետագա ամրապնդման սպասումներ՝ տեղի տալով սպեկուլյացիաների։ Դրա մասին է վկայում թերևս այն, որ եթե հուլիսի 9-ին բորսայում միջին փոխարժեքը ֌418,25/$1 էր (իրականացվել էր $900 հազ-ի առք ու վաճառքի գործարք), ապա հուլիսի 10-ին փոխարժեքը կտրուկ փոխվել է և կազմել ֌415/$1 ($4,1 մլն-ի գործարք)։ Հուլիսի 14-ին բորսայում միջին փոխարժեքը կազմել է ֌411,5/$1։

Կայունացնել փոխարժեքը
Ստացվում է, որ թեև ԿԲ-ն տիրապետել է շուկայի տվյալներին և որոշակի պատկերացում ունեցել ավելցուկային դոլարի ծավալի մասին, այնուհանդերձ հակված չի եղել անմիջապես կանխել դրամի ամրապնդումը։ Չի բացառվում, որ այդ քայլով ԿԲ-ն փորձել է նպաստել, որ դրամը վերադառնա իրական փոխարժեքի սահմաններին (ըստ մասնագետների՝ այս ժամանակահատվածի համար միջին իրական փոխարժեքը ֌400/$1-ի շրջանակում է)։

Դրամի երկու ամիս արժեզրկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում 8 կետով ամրապնդումը խոսում է արտարժութային շուկայում գործընթացների անկանխատեսելի լինելու մասին։

Նշենք, որ բիզնեսի համար վտանգավոր է ոչ այնքան ամրապնդվող կամ թուլացող դրամը, որքան կտրուկ տատանումներն ու փոխարժեքի վեկտորի անորոշ ուղղությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում