Գլխավոր Լրահոս

Ախր հեչ սիրուն չի

Ախր հեչ սիրուն չի

Կանաչ տարածքների կառուցապատումը, որպես կանոն, սկսվում է հանկարծ. շինարարները` միամիտ, ասում են, որ իրենք պատասխանատու չեն, շինարարության անմիջական ղեկավարները ևս միամիտ դեմքով սկսում են զանգել ու… ու եթե նախագահը միամիտ նկատի սխալը, միամիտ դեմքով հորդորն ընդունող քաղաքապետը կխոստանա հարցին լուծում տալ:

Բնապահպանները Հայաստանում պիտի շատ արթուն լինեն` նույնիսկ պիտի շուրջօրյա հերթապահություն սահմանեն, հանգստյան օրերին` խստացված գրաֆիկով, որովհետև Հայաստանում իշխանությունները ծառերի ասֆալտապատումն ու թփերի կառուցապատումը կազմակերպում են հին հայկական «ռազ, դվա, տրի» խաղի սկզբունքով: Հիշեցնեմ` դեպի պատը շրջված մեկն արագ հաշվում է մինչև երեքն ու հետ շրջվում, քսան քայլի վրա կանգնած ընկերներն այդ ընթացքում պիտի մի քայլ առաջ գան ու անշարժանան, փակողը քայլողներից որ մեկին շարժվելիս տեսնի, շարժվողը կպարտվի. խնդիրը մինչև փակողին հասնելը «ռազ, դվա, տրի» հաշվի ընթացքում քայլ-քայլ առաջ գալն ու միամիտ կեցվածքով անշարժանալն է. եթե աննկատ հասնես փակողին, հաղթում ես:

Նույն սկզբունքով, հենց մի պահ մտածում ես, որ իշխաններն արդեն հասկացել են` ինչն է գեղեցիկ, ինչը` ոչ, աչքերդ փակում ես ու հաշվում մինչև երեքը, իմանում ես, որ մի տեղ ծառերը կտրել են, մի մեծ շենքի հիմք են փորել: Տեղ հասած բնապահպանները մի քիչ աղմկում են, սպասում, շինարարներն անշտապ զանգում-կանչում են ինչ-որ մարդկանց, շինարարությունը շարունակվում է: Հետո գալիս է մի պատասխանատու, որն ասում է, որ ինքն էլ ղեկավար ունի, իսկ այդ ղեկավարը, բնականաբար, ղեկավար ունի, իսկ նրա ղեկավարից ոչինչ պարզել հնարավոր չէ, որովհետև օրն աշխատանքային չէ` տվյալ դեպքում՝ Մեռելոց է…

Իսկ թե ինչու են շինարարներին աշխատեցնում ոչ աշխատանքային օրով, դա ուրիշ օրվա թեմա է, այսօրով առավելագույնը կարելի է արձանագրություն կազմելուն հասնել: Բայց դե նշված խաղի սկզբունքով, այն, որ արդեն շարժը նկատել ես, հիմք է տալիս մտածելու, որ շարժվողները կպարտվեն:

Աբովյան փողոցի կրպակների տեղը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս շինարար ազգիս իշխաններին, Մասիվում էլ կանաչ տարածքը ինչ-որ շատ է երևում, Հանրապետության հրապարակի մետրոյի շատրվանների վրա հյուրանոց կառուցելու հարցն է ժամանակ առ ժամանակ դրվում քննարկման ու չի փակվում` մինչև հարմար պահ լինի. սրանք նկատված շարժեր են, ուղղակի պետք է չանտեսել: Իսկ Դավթաշենում, օրինակ, կա շատ զգուշորեն կազմակերպված համառ-դանդաղ շարժ: Այստեղ երկու այգի կա. մեկը ՄԱԿ-ի այգին է, որը խնամվում է, ջրվում, մաքրվում ու պահպանվում, մյուսը` «Դեյզին»` այգի, որը մի քանի տարի առաջ բաց էր դավթաշենցիների համար ու մուտքի մոտ մեծ ցուցանակի վրա գրված էր. «Գևորգյանը նվիրում է սիրելի դավթաշենցիներին», իսկ հետո Գևորգյանը նվերը հետ վերցրեց սիրելի դավթաշենցիներից, այգու դռները կողպեց ու որոշ ժամանակ լռություն տիրեց: Դավթաշենը սովորեց փակ դարպասների վրայով նայել ծառերին: Իսկ երեկ այգու մի մասի դիմաց հայտնվեցին խողովակներ` տնկվեցին հենց մայթի վրա, վրաները թիթեղներ քաշվեցին, ու այսօր այդ խողովակների հետևում մնացած այգու մի փոքր հատվածը… էլ այգի չէ: Եղած բույսերն արմատախիլ են արված, շինանյութ է կիտված: Նույն փողոցի շարունակության վրա էլի այդպես կամաց-կամաց ու սուսուփուս «Վիկտորիա» խանութի դիմացի մասում աննկատ անհետացել էին ծառերը, հետո` տարածքը բետոնապատվել, իսկ հիմա շինում են մի հսկա հիմնական կառույց: Այդ փողոցով մի քիչ էլ որ բարձրանանք, կտեսնենք «շատ խորը էտված ծառեր»` մնացել են թարմ ծառերի երկու մետրանոց հաստլիկ կոճղերը: Վստահ եմ, որ նույն սցենարով դրանք էլ կամաց-կամաց կկարճանան, հետո աննկատ կանհետանան, մի գիշեր կբետոնապատվի տարածքը, իսկ առաջիկա տոնի շրջանում` այնպես որ երկուշաբթին մեռելոց լինի, արանքում երեք հանգստյան օր, մի խանութ էլ այդտեղ կսկեն շինել:

Չնայած, առջևում նախագահական ընտրություններ են, մեկ էլ տեսար, նախագահն ընտրություններից առաջ հանկարծ միամտաբար նկատի, որ «Ախր հեչ սիրուն չի»:

Կարմեն Մարտիրոսյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում