«Ուզդունռոբիտա» ընկերության արտոնագրի գործողությունը դադարեցվում է հաճախակի և պարբերաբար կրկնվող կոպիտ խախտումների, վերահսկիչ մարմնի կարգադրությունները չկատարելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է Ուզբեկստանի կապի և տեղեկատվության գործակալության կայքը:
«Ուզդունռոբիտա»-ն ռուսական ՄՏՍ բջջային օպերատորի ուզբեկական դուստր ընկերությունն է:
Արտոնագրի գործողությունը, ըստ հաղորդագրության, դադարեցվում է տասը աշխատանքային օրով՝ սկսած այսօր ժամը 18:00-ից: Խոսքը «Ուզդունռոբիտա»-ին 2004թ. տրված արտոնագրի մասին է, ըստ որի՝ ընկերությունը իրավունք է ձեռք բերում շարժական կապի ցանցերի նախագծման, շինարարության, շահագործման և ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնել:
Երեկ Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը արտոնել է նաև «Ուզդունռոբիտա»-ի երեք թոփ մենեջերների ձերբակալությունը: Նրանցից մեկը ընկերության կորպորատիվ զարգացման հարցերով, մյուսը՝ ռոումինգի դեպարտամենտի ղեկավարն է, երրորդը՝ ընկերության փոխտնօրենը: Ավելի վաղ իշխանությունները արտոնել են «Ուզդունռոբիտա»-ի գլխավոր տնօրեն Բեկզոդ Ահմեդովի ձերբակալությունը՝ մեքենայությունների և փողերի լվացման մեղադրանքով:
Դեռ հունիսին Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ ստուգումների արդյունքում օրենսդրության կոպիտ խախտումներ են հայտնաբերվել , այդ թվում՝ հարկերի վճարումից խուսափում և փողերի լվացում: «ՄՏՍ»-ում հայտարարել են, որ ստուգումները և «Ուզդունռոբիտա»-ի հետաքննությունն իրականացվում է օրենքի խախտմամբ և Ուզբեկստանի իրավապահ մարմինների գործողությունները բնորոշել էր որպես ռուսական ներդրողի նկատմամբ ճնշում:
«Ուզդունռոբիտա»-ն Ուզբեկստանի բջջային չորս օպերտորներից մեկն է: 2012թ. սկզբին ընկերության բաժանորդային բազան 9,5 մլն է եղել:
Civilnet











