Գլխավոր Լրահոս

Առաքելությունն անիրագործելի է

Առաքելությունն անիրագործելի է

Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների կանխատեսումները շարունակում են վատթարանալ, ինչին Հայաստանում ուշադրություն չեն դարձնում։ Չնայած Հայաստանի տնտեսության զարգացման թե՛ արտաքին, թե՛ ներքին սահմանափակ հնարավորություններին՝ ընթացիկ տարվա համար բյուջեի հիմքում դրված 4,2% աճին փոխարինել է նախագահի նախանշած 7%-ի թիրախը։ Նման աճի պայմաններում, ֌101 մլրդ լրացուցիչ հարկային մուտքերից բացի, անհրաժեշտ կլինի հավաքագրել ևս ֌50 մլրդ, ինչը գործնականում գրեթե անհնարին է։

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) շարունակում է հոռետես մնալ համաշխարհային տնտեսության աճի հարցում։ ԱՄՀ-ն World Economic Outlook հուլիսյան զեկույցում թե՛ ընթացիկ, թե՛ հաջորդ տարվա համար նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի նախորդ՝ ապրիլյան կանխատեսումը։ Արդյունքում 2012թ. համար կանխատեսվում է 3,5%-ի աճ (ապրիլյան կանխատեսումը նվազեցվել է 0,1-տոկոսային կետով), 2013թ. համար՝ 3,9% (նվազեցումը՝ 0,2-տոկոսային կետ)։

Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներ ԵՄ-ի և Ռուսաստանի տնտեսական ցուցանիշները հուլիսյան զեկույցում պահպանվել են ապրիլյան կանխատեսումների մակարդակում։ Այս տարի ԵՄ-ում կարձանագրվի 0,3%-ի անկում, Ռուսաստանում՝ 4% տնտեսական աճ։ Ուշագրավ է, որ թեև ԱՄՀ-ն անփոփոխ է թողել աճի կանխատեսումը ԱՊՀ տարածաշրջանի համար (ընթացիկ տարում այն ակնկալվում է 4,1%-ի մակարդակում), ԱՊՀ երկրների համար (բացառությամբ Ռուսաստանի) կանխատեսումն իջեցվել է 0,1-տոկոսային կետով՝ մինչև 4,5%։

ԱՄՀ-ն դեռևս չի հրապարակել World Economic Outlook-ի ամբողջական տարբերակը, որտեղ ներկայացված կլինեն կանխատեսումներն առանձին երկրների մասով, սակայն գլոբալ տնտեսության, առանձին տարածաշրջանների և խոշոր տնտեսությունների մակրոտնտեսական ցուցանիշներից կարելի է ենթադրել, որ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումում հազիվ թե էական փոփոխություններ լինեն։

Հիշեցնենք՝ ապրիլին ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 3,8% տնտեսական աճ, այն դեպքում, երբ կառավարությունը այս տարվա բյուջեի հիմքում դրել է 4,2%-ի տնտեսական աճ։ Եթե ԱՄՀ-ն ընթացիկ տարվա համար նույնիսկ բարձրացրած լինի կանխատեսումը՝ հաշվի առնելով գլոբալ տնտեսության զարգացումը, այն հազիվ թե գերազանցի 4,2%-ը։

Սահմանափակ հնարավորություններ
Հիշեցնենք՝ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին կառավարության առաջին նիստում վարչապետի և նախարարների առջև խնդիր է դրել ընթացիկ տարվա համար ապահովել 7%-ի տնտեսական աճ։ Թե ինչ հաշվարկների հիման վրա է որոշվել ցուցանիշը, հստակ չէ։ Ամեն դեպքում, այն մինչև տարեվերջ գործադիրի հիմնական գլուխկոտրուկն է լինելու։

Խնդիրն այն է, որ ոչ բարենպաստ արտաքին և ներքին միջավայրի պայմաններում սահմանափակ են բյուջեի հիմքում դրված 4,2%-ից բարձր տնտեսական աճի ապահովման հնարավորությունները։

Նախ՝ կառավարությունը մեծ հույսեր չի կարող կապել արտաքին միջավայրի հետ, քանի որ գլոբալ տնտեսության կտրուկ բարելավում հազիվ թե լինի։ Ըստ ԱՄՀ փորձագետների՝ զարգացող երկրներում տնտեսական աճի տեմպի ռիսկերը կարճաժամկետ հեռանկարում կապված կլինեն արտաքին գործոնների հետ։ «Զարգացող և ձևավորվող շուկայական տնտեսություններով երկրներում կարգավորող մարմինները պետք է պատրաստ լինեն քաղաքականության ճշգրտման՝ հաշվի առնելով զարգացող երկրների թույլ հեռանկարները, արտահանման աճի տեմպի դանդաղումը և կապիտալ ներհոսքի տատանողականությունը»,– նշվում է ԱՄՀ զեկույցում։

Այս ամենը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է պատրաստվի ոչ թե տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովմանը, այլ հակառակը՝ ունենա գլոբալ տնտեսական պայմանների փոփոխություններին արձագանքելու և հետևանքները մեղմելու սցենար։

Ծրագրված բարձր աճի ապահովման մյուս ուղղությունը կարող են ներքին ռեսուրսները լինել։ Թեև գործադիրը գտնում է, որ առկա են ներքին ռեսուրսների հաշվին տնտեսական աճի ապահովման հնարավորություններ՝ հստակ չէ, թե խոսքը քանի տոկոսային կետով ավելացման մասին է։

Նշենք, որ ներքին ռեսուրսների հաշվին տնտեսական աճի ապահովման լավագույն ճանապարհներից մեկը պահանջարկի խթանումն է՝ մեղմելով հարկաբյուջետային քաղաքականությունը։ Այդ հարցում ևս կառավարության հնարավորությունները բավական սահմանափակ են. գործադիրը սա չի էլ թաքցնում։

Այսպես՝ Կենտրոնական բանկի «Դրամավարկային քաղաքականության ծրագրի» մասին իր եզրակացությունում ֆինանսների նախարարությունը մայիսին նշել էր, թե հարկաբյուջետային քաղաքականությունը, պարտադրված լինելով պարտքի կայունության ապահովման խնդրով, խիստ սահմանափակ հնարավորություններ ունի ընդլայնվող քաղաքականություն իրականացնելու առումով:

«Հետևաբար՝ դրամավարկային քաղաքականության չեզոք սցենարի ընտրության ներքո Կենտրոնական բանկը պետք է առավել բարձր ճկունություն ցուցաբերի՝ տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման պարագայում պատրաստ լինելով անմիջապես ճշգրտել քաղաքականության ուղղությունները»,– ասված էր ֆինանսների նախարարության պատրաստած փաստաթղթում։
Այդուհանդերձ, ԿԲ-ն այս ընթացքում ոչ միայն չի գնացել դրամավարկային քաղաքականության պայմանների մեղման, այլև շարունակում է անփոփոխ պահել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Եվս ֌50 մլրդ
Ըստ էության՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին պայմանները լուրջ հնարավորություններ չեն ստեղծում 7% տնտեսական աճի ապահովման համար։ Իհարկե, թվաբանական մանիպուլյացիաների ճանապարհով կարելի է ապահովել ոչ միայն 7%-ի, այլև երկնիշ տնտեսական աճ, սակայն անհրաժեշտություն է առաջանալու ապահովել սոցիալ-տնտեսական և մակրոտնտեսական ցուցանիշների աճ ևս։

Մասնավորապես՝ տնտեսական աճը պետք է ապահովի հարկերի հավաքագրման մակարդակի ավելացում։ Այսպես՝ ընթացիկ տարվա համար կառավարությունը նախանշել է ֌101 մլրդ լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրում, որից մոտ ֌70 մլրդ-ը պետք է ապահովվի 4,2% տնտեսական աճի և գնաճի (4±1,5%) հաշվին։ Եթե կառավարությանը հաջողվի ապահովել ֌101 մլրդ-ի հավաքագրումը, և այս տարի արձանագրվի 7% տնտեսական աճ, ապա պետբյուջե պետք է մուտքագրվի հավելյալ ֌50 մլրդ գումար։

Եթե հաշվի առնենք, որ կառավարությունը ֌101 մլրդ հարկերից ֌70 մլրդ-ը ծրագրում է հավաքագրել այս տարվա երկրորդ կիսամյակում, ապա ստացվում է որ առաջիկա 6 ամիսներին ընդհանուր առմամբ պետք է հավաքագրվի ֌120 մլրդ հավելյալ հարկային եկամուտ կամ ամսական կտրվածքով ֌20 մլրդ-ով (33,3%-ով) ավելի։ Հավաքագրման նման տեմպերի ապահովում գործնականում գրեթե անհնար է, առավել ևս, որ առկա են ռիսկեր անգամ ֌101 մլրդ-ի հավաքագրման հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում