Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ Հայաստանում սպառողական գների ինդեքսի (որը գնաճը բնութագրող միակ ցուցանիշն է) հաշվարկման մեթոդոլոգիան ամբողջովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Այդուհանդերձ, Եվրամիության «Թվինինգ» ծրագրի շրջանակում հատկացված մոտ €1 մլն-ի դրամաշնորհային միջոցները ԱՎԾ-ի համար լրացուցիչ խթան են՝ գնաճի հաշվարկման մեկ այլ մեթոդոլոգիայի անցնելու համար։
Հայաստանում քննարկվում է Սպառողական գների ինդեքսի փոխարեն ԵՄ-ում ընդունված Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի (ՀՍԳԻ) ներդրման տարբերակը: ՀՍԳԻ-ի ներդրումը ԱՎԾ-ի համար կարևոր քայլ է ԵՄ ստանդարտներին համապատասխանելու ճանապարհին։
Նոր ինդեքսի ներդրումը ենթադրում է տվյալների հավաքագրման փոփոխություններ, ապրանքների և ծառայությունների վերադասակարգում: ՀՍԳԻ-ն նախատեսվում է հրապարակել 2014թ. սկզբից։
Նշենք, որ հաշվարկման բազայի, մեթոդոլոգիայի փոփոխությունն անխուսափելիորեն բերելու է Սպառողական գների ինդեքսի և ՀՍԳԻ-ի միջև շեղման։ Այսպես, օրինակ, ի տարբերություն սպառողական գների ինդեքսների, ՀՍԳԻ-ում չեն ներառվում բնակարանի սեփականատիրոջ համար պայմանական հաշվարկվող վարձավճարները, կյանքի ապահովագրությունը, բժշկական ապահովագրությունը և այլն։
Այդուհանդերձ, «Թվինինգ» ծրագրի շրջանակում Ազգային վիճակագրական ծառայության և ոլորտի մասնագետների համար անցած շաբաթ կազմակերպված սեմինարին՝ նվիրված Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի ներդրմանը, ԱՎԾ-ի գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը «Օրակարգին» ասաց, որ երկու ինդեքսների միջև շեղում պետք է որ չլինի՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը, որոնք հաշվարկում են երկու ինդեքսներն էլ։ «Շեղումները լինում են միայն կազմ-կառուցվածքի փոփոխությամբ պայմանավորված։ Գնային տեղեկատվությունը հիմնականում նույնն է»,– նշեց Մարտիրոսյանը։
Առայժմ հստակ չէ՝ ԱՎԾ-ն երկու ինդեքս է հրապարակելու, թե հրաժարվելու է ազգային Սպառողական գների ինդեքսից՝ հօգուտ ՀՍԳԻ-ի։ Եթե անգամ հրապարակվեն երկու ինդեքսներն էլ, անհասկանալի է մնում, թե դրանցից որը պիտի հիմք ընդունել գնաճի չափման համար։ Նշենք, որ ներկայում այս նպատակի համար օգտագործվում է Սպառողական գների ինդեքսը։
Բացի այդ՝ ՀՍԳԻ-ի ներդրումը թույլ չի տա համեմատություններ կատարել նախորդ տարիների հետ, քանի որ ըստ էության համեմատվելու են երկու տարբեր ցուցանիշներ։
Հիշեցնենք՝ Հայաստանում Սպառողական գների ինդեքսը (գնաճը) ըստ մեթոդաբանության հաշվարկվում է՝ հիմք ընդունելով 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով գների փոփոխությունը։

Civilnet










