Գլխավոր Լրահոս

Նկարել և հավատալ

Նկարել և հավատալ

Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է համաշխարհային տնտեսության աճի ապրիլյան կանխատեսումը՝ այն 0,1-տոկոսային կետով նվազեցնելով՝ մինչև 3,5% (տե՛ս «Առաքելությունն անիրագործելի է» հոդվածը): Չնայած համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները վերանայվում են, սակայն Հայաստանում չեն շտապում վերանայել տնտեսական աճի սեփական կանխատեսումները: Կամ ավելի ճիշտ՝ հակառակը՝ վերանայում են դեպի բարձրացում. Հայաստանի 2012թ. բյուջեի հիմքում դրված է 4,2% աճ, ինչը նախագահական ընտրություններից առաջ քիչ է թվացել Սերժ Սարգսյանին, և նա կառավարության առաջ աճի նոր նշաձող է դրել՝ 7%:

Բնական է, որ նախագահի սահմանած նշաձողը հետևում չունի տնտեսագիտական մանրամասն հաշվարկներ ու հիմնավորումներ: Այն քաղաքական նշաձող է:

Այս պայմաներում ի՞նչ պետք է անի կառավարությունը, երբ անգամ բյուջեով նախատեսված 4,2% աճի ապահովումն է կասկածի տակ դրվում միջազգային կառույցների կողմից (ԱՄՀ-ն Հայաստանում 2012թ. կանխատեսել է 3,8%, իսկ Համաշխարհային բանկը՝ 4% աճ). բնականաբար, պետք է զբաղվի նկարչությամբ:

Ներկա իրավիճակում անհնար է 7% աճ ապահովել տարվա կտրվածքով՝ առանց ստվերի կրճատման: Տարին արդեն կիսվել է, սակայն որևէ խոշորամասշտաբ ներդրումային ծրագիր, որը կարող է մուլտիպլիկատիվ էֆեկտով ազդել տնտեսական աճի վրա, չի սկսվել:
Թեև մայիսին հայտարարվեց, որ մեկնարկում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը, սակայն այդ ծրագիրն էլ առայսօր թղթի վրա է: Թղթի վրա են շարունակում մնալ նաև հայ-իրանական նախագծերը, որոնց մասին անընդհատ խոսվում է:

Սահմանափակ է նաև կառավարության՝ պահանջարկի խթանման գործիքակազմը: Չկան օտարերկրյա կամ տեղական խոշորամասշտաբ ներդրումներ, իսկ եղած ներդրումներն էլ հիմնականում ուղղված են հանքարդյունաբերությանը, որը ծայրահեղորեն կախված է միջազգային շուկայի տատանումներից և ընդհանուր համաշխարհային շուկայի կոնյունկտուրայից:

7% աճը նշանակում է կենսամակարդակի բարելավում՝ նոր աշխատատեղեր, աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում և այլն: Կառավարությունը ստիպված է լինելու նկարել թվերը և մարդկանց համոզել, որ նրանք սկսել են լավ ապրել:

Մյուս կողմից՝ Հայաստանն ունի 7% աճ ապահովելու ներուժ: Դա հնարավոր է, եթե իշխանությունը քաղաքական կամք դրսևորի և իր վերարտադրությունը մի կողմ դնելով՝ լրջորեն զբաղվի կարճ ժամանակահատվածում թեկուզ կացնային մեթոդներով ստվերի կրճատմանը, հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն, բիզնեսը իշխանությունից տարանջատելուն: Սակայն դա նման կլինի, որ իշխանությունը կտրի այն ծառի ճյուղը, որի վրա նստած է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում