Գլխավոր Լրահոս

Ի՞նչ կապ ունի՝ Շուշանը լավ ձայն ունի, թե չէ

«Ուրվագծի» հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարցնում է. «Ինչո՞ւ Մազը [Թատերական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը] չի խոսում «Հարսնաքարի» դեպքերի մասին»: Ահավասիկ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր բլոգում խոսեց. «Ոնց ենք ձգտում փոթորկի էֆեկտ ստանալ ու չենք ստանում»: Մազմանյանն ի դեպ նույնպես խոսեց. «Ես Մազ եմ իմ ընկերների համար, այ գնդիկ-բոքոնիկ»: Համարյա մարտահրավեր:

Ավելի վաղ խոսել էր ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը: Նա Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո դեպքերի մասին ասել էր. «Գիտեք, որ ոչ մեկս էլ Տեր Աստված չենք: Բոլորս էլ աչքեր ունենք, ականջներ ունենք, բայց մենք չենք դատավորները»: Ոչ մեկս էլ Տեր Աստված չէ, քանի դեռ ցավը մեզ չի դարձնում «Տեր Աստված»: Շուշան Պետրոսյանի խոսքի վրա էլ հենց կանգ կառնենք, բայց այդ խոսքում հասցեատեր կլինեն հռչակավոր Մազը և «պաշտոնաթող» լրագրող Մարգարիտ Եսայանը: Չմոռանանք՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները «Հարսնաքարում» մահվան ելքով բռնություն էին գործադրել Վահե Ավետյանի հանդեպ: Եվս չորս հոգի համեմատաբար էժան պրծավ նույն առիթով:

Ո՞վ է Շուշան Պետրոսյանը, որից լրագրողները դեպքի մասին ընտրյալ պատգամավորի և մոր խոսք էին ուզում: Մենք բոլորս համակրել ենք Շուշան Պետրոսյանին, մենք հիացել ենք նրա ձայնով, թեպետ ոչ երգերով: Բայց ձայնը հարաբերություն չէ: Հեռուստատեսությամբ հնչած ձայնը նույնն է, ինչ հեռուստատեսությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ձայնը, տաղանդավոր երգիչների փնտրտուքով զբաղվող «Շանթ» հեռուստաընկերության «Աստղիկ» կամ «Ժողովրդական երգիչ» նախագծերի երգիչների ձայնը, որոնց աչքերի մեջ մենք չենք նայում: Եվ իրենք էլ մեր աչքերի մեջ չեն նայում: Հարաբերությունը Շուշանի ՀՀԿ-ացումն է, նրա հայտարարությունը Ռուբեն Հայրապետյանի մասին, որովհետև այդ հայտարարությամբ նա մտնում է որդեկորույսի տուն:

Թերթերից մեկի խմբագիրը հասարակությանը կոչ էր անում հարգանքով արտահայտվել Շուշանի մասին: «Կին է»,– գրել էր խմբագիրը: Ես կարող եմ Շուշանի մասին հարգանքով արտահայտվել, եթե նրա ձեռքին էլ «Կալաշնիկով» ավտոմատ կա, իմ ձեռքին էլ: Մենք կարող ենք հարգանքով սպանել միմյանց: Բայց մենք անհավասար վիճակում ենք, ավտոմատը նրա ձեռքին է, ես ընդամենը «անապատում կանչողի ձայնն» եմ (հո շատ անհամեստ չստացվե՞ց): Ասածս է՝ ես անզեն եմ, Վահեի ընտանիքն անզեն է, իսկ Ռուբեն Հայրապետյանը դեռ զինված է: Ընդ որում՝ Շուշանը նրանց կողմից է, ովքեր ունեն հետևակ, մի խոսքով՝ բանակ: Ես համաձայն եմ չվիրավորել կնոջը, ինչպես էլ նա արտահայտվի, բայց մեզ մի՛ դրեք էթիկայի դաշտում, որովհետև նա էլ չի կարող ասել այն ամենը, ինչ մտածում է: Ի վերջո, ես իրավունք ունեմ մտածելու, որ խոսելիս Շուշանն ավելի անկեղծ է, քան երգելիս: Նրա երգից երբեք էլ ազդակներ չեն հասել ինձ, բայց խոսքից հասնում են: Ես զենք եմ փնտրում պաշտպանվելու համար: Երգելիս նա չի ասում՝ սիրեք զմիմեանս, բայց խոսելիս կարծես ասի՝ լավ է արել, սպանել է:

Ես համաձայն եմ չվիրավորել նրան, բայց չգիտեմ, թե ոնց կպահեմ ինձ, եթե ի Հայաստանս շառաչեցրած նրա ապտակը հասնի իմ երեխային: Չէ՞ որ նա ի վերջո ապտակ է հնչեցրել: Որովհետև Վահեն էլ ինչ-որ մեկի որդին էր: Եթե մարդը երեխաներ չունի, պետք է ունենա էթիկայի զգացում: Շուշանն ունի երեխաներ, նրա ամուսինը, որը պատրաստ է սատկացնել (ամուսնու բառն է) ոմանց, համապատասխանաբար հայր է: Այ Շուշանին վիրավորողների մի մասը երեխա չունի: Վիրավորանքի մեջ միշտ արյուն կա: Վիրավորանքը, եթե այն զոհի բերանից է, նրան հավասարեցնում է մարդասպանին: Շուշանը և նրա ամուսինը հավատարմություն են հայտնել մարդասպանին, նրանք այդպիսով իրենց երեխաներին առիթ են տվել լինելու նույնքան զոհ, որքան Վահեն էր: Նրանք դա արել են՝ այդպես էլ Ռուբեն Հայրապետյանից չկորզելով նույնքան զոհ լինելու ինտելեկտուալ պատասխանատվությունը: Պատճա՞ռը: Որովհետև Շուշանն ու նրա ամուսինը սոված են: Հացը նրանց վիճակվում է կորպորատիվ համակրանքի շրջանակներում: Այստեղ ի՞նչ կապ ունի՝  Շուշանը լավ ձայն ունի, թե չէ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում