Ոսկե ծիրաններն ու փտած բադրջանները

Երևանն ապրեց կինոարվեստի տոնական օրեր. շքեղ ու գեղեցիկ հանդիսություններ տեղի ունեցան, աշխարհահռչակ կինոռեժիսորներ մեզ հյուր եկան, բերեցին իրենց ընտրյալ աշխատանքները, ու արվեստասերներից ոմանք այս օրերին աշխարհին նայեցին նոր, անսպասելի ու անպատկերացնելի տեսանկյուններից:
Իսկ նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով չկարողացան գնալ կինոթատրոն, կինոտոնը մնաց ռեժիսորների հետ հարցազրույցների ու լուրերի մակարդակում: Այդպիսիք շատ-շատ էին` երևանցիների մեծ մասը, հայաստանաբնակների ճնշող մեծամասնությունը:
Այն, ինչ ցուցադրվող ֆիլմերի մասին պատմում ու ներկայացնում էին հարցազրույցներով, հետաքրքիր էր, հաճելի, սակայն նման էր գովազդվող ապրանքի, որը ձեռք բերելն անհնար է: Փառատոնային ֆիլմերից որևէ մեկը` մրցանակակիր կամ ոչ, հայերի մասին կամ օտարների, Ցեղասպանության մասին կամ մանր-կենցաղային հոգսերի, հայաստանյան որևէ հեռուստատեսությամբ չի նախատեսվում ցուցադրել. և այդպես է եղել այս բոլոր ինը տարիներին:
Վերջերս մտավորականները տարօրինակ քայլ կատարեցին. եթերը բռնարարքներով լի անհամ սերիալներից մաքրելու խնդրանքով դիմեցին նախագահին: Նշված սերիալներով սնվող հեռուստատեսության որոշ աշխատակիցներ էլ հակադարձեցին, թե լավ բան տվեք, լավ բան կցուցադրենք, հիմա խելքներս այսքան է կտրում, այս ենք նկարում ու ցուցադրում:
Իրականում, ցուցադրելու լավ բաներ շատ կան. օրինակ, այն ֆիլմերը, որ փառատոնի շրջանակում Հայաստան եկան, որ ցուցադրվել են աշխարհի տարբեր անկյուններում, ու հուզել են մարդկանց, դարձել քննարկումների կամ բողոքի ցույցերի առիթ, բարձր արվեստով վերհանել մարդկային ու համամարդկային տարբեր խնդիրներ: Եթե թանկ է բերված ֆիլմերը գնելու իրավունքը, կարելի է համագործակցել հայ ռեժիսորների հետ` ցուցադրել գոնե նրանց աշխատանքները: Հայ մրցանակակիր ռեժիսորները (օրինակ` Սուրեն Բաբայանը, Էդգար Բաղդասարյանը) հաճախ են ափսոսանք հայտնում, որ իրենց ֆիլմերն ու իրենք այդպես էլ հայ հասարակության համար ճանաչելի չեն դառնում: Հայ կինոն հեռուստատեսությունը ներկայացնում է անորակ սերիալների տեսքով, իսկ հայ փառատոնային կինոն մրցանակներ է վաստակում Հայաստանում ու արտերկրում, ինչի մասին միայն ծանուցում են լուրերով:
Մտավորականները, եթե շատ էին ուզում եթերի մասին նամակ գրել նախագահին, պիտի գոնե պահանջեին, որ մեր հարկերով սնվող հանրային հեռուստատեսությունները ցուցադրեն հայկական լավ ֆիլմեր, որ նշված գումարով ոչ թե գեներալի հիստերիկ աղջիկ նկարվեր կամ ընկած հրեշտակների դպրոց, այլ` ձեռք բերվեր նորմալ ֆիլմի ցուցադրման իրավունք: Թե չէ լուրերով գովազդում են ոսկե ծիրաններ, իսկ անմիջապես հետո` մատուցում որդնած բադրջաններ:
Կարմեն Մարտիրոսյան
Civilnet










