Գլխավոր Լրահոս

Վանաձորցիները պատրաստվում են զարմացնել

Վանաձորցիները պատրաստվում են զարմացնել

Վանաձորում սեպտեմբերին սպասվող քաղաքապետի ընտրությունները կարող են ուշագրավ անակնկալներ մատուցել: Եթե Գյումրիում քաղաքապետի թեկնածուների առումով սղություն է նկատվում, ապա հանրապետության երրորդ քաղաքի ղեկավարի աթոռի համար արդեն բազմաթիվ հավակնորդներ կան:

Վանաձորը հետաքրքրություն է ներկայացնում նաև նրանով, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վանաձորցիները կարողացան մեծամասնական կարգով պատգամավոր ընտրել քաղաքացիական հասարակության ներկայացուցչին՝ Էդմոն Մարուքյանին, որը որևէ կոնկրետ քաղաքական ուժի աջակցություն չէր վայելում: Այսինքն՝ Վանաձորում լուրջ այլընտրանքի առկայության պարագայում հնարավոր եղավ արմատական փոփոխության հասնել:

Վանաձորի համայնքային ընտրություններին քաղաքացիական հասարակության ներկայացուցչի դերը կարող է ստանձնել փաստաբան Կարեն Թումանյանը, որն արդեն հայտարարել է առաջադրվելու մասին և քաղաքական որևէ թիմի չի հարում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վանաձորում հնարավոր եղավ կոտրել այն կարծրատիպը, որ ընտրություններում միայն կարող է հաղթել այն թեկնածուն, որը վայելում է իշխող քաղաքական ուժի աջակցությունը և տիրապետում է մեծ ֆինանսական ռեսուրսների: Վանաձորցիները այլընտրանքի հասկացությունը գերադասեցին իշխանական և ֆինանսական լծակներից: Այժմ Կարեն Թումանյանը ընկալվում է որպես այլընտրանքային թեկնածու և կարող է իշխանություններին տհաճ անակնկալ մատուցել:

Թումանյանի հետ մրցակցելու է գործող քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարրբինյանը, որը վանաձորցիների շրջանում վարկանիշի և վստահության լուրջ խնդիր ունի: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ըստ շրջանառվող լուրերի, հայտարարել է, որ Սամվել Դարբինյանը իրեն սպառել է և ինքը չի պաշտպանելու նրան: Մարզպետի աջակցություն չստանալը հավասար է իշխանության աջակցություն չստանալուն, ուստի այս պարագայում Դարբինյանի՝ վերընտրվելու հնարավորությունները էականորեն նվազում են:

Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև աշխատանքից ազատված բժիշկ, ՀՀՇ-ական Կարեն Ադամյանը, որը փորձում է ներկայանալ որպես ընդդիմության թեկնածու, սակայն որոշ տեղեկությունների համաձայն՝ սերտ հարաբերություններ ունի ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի հետ և, ըստ լուրերի, գաղտնի հանդիպումներ է ունենում Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ: Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դժվար է ասել՝ Կարեն Ադամյանը ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության թեկնածու է:

Որպես իշխանությունների աջակցությունը վայելող թեկնածու իրեն ներկայացնում է նաև Տարոն Ապրեսյանը (ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած Վահրամ Բաղդասարյանի եղբոր փեսան), որը փորձում է շրջապատին համոզել, թե վերևներից «դաբրո» ունի: Բնականաբար, «դաբրոյի» հարցերը լուծել է Վահրամ Բաղդասարյանը, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀԿ-ի ցուցակում հայտնվել է միայն Վանաձորի կենտրոնում գտնվող իր շքեղ խանութը նվիրաբերելու գնով:

ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել թեկնածուների հարցում: Որպես ԲՀԿ-ի հավանական թեկանածուներ շրջանառվում են Ստյոպա Այվազյանի և Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանի անունները: Սակայն երկուսն էլ իմիջի և վարկանիշի առումով խնդիրներ ունեն Վանաձորում:

Ընտրապայքարին որոշել է մասնակցել նաև վանաձորցիների բնութագրմամբ՝ «մշտական թեկանծու» Սեյրան Հարությունյանը (Կոմսի Սեյրան), որը գրեթե բոլոր ընտրություններին առաջադրվում է և ստանում է մոտ 1800 քվե:

Հանրապետությանն երրորդ քաղաքում ստեղծված քաղաքական խճանկարից պարզ է դառնում, որ իշխանությունը ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում վարկանիշ ունեցող կադրերի լուրջ պակաս ունի: Այս իրադրությունը խիստ նպաստավոր է ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրական այլընտրանքի գոյության դեպքում իշխանական մեքենան պարզապես պարալիզացվում է:

Դերենիկ Մալխասյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում