«Աղիքային վարակ» ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կազմակերպություններից: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
«Նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից»,- ասված է հաղորդագրությունում։
Հիվանդների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ:
ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում:
«Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են»,- հայտնում է կենտրոնը։
https://civilnet.am/news/639025/%d5%bf%d5%a1%d5%b7%d5%ab%d6%80-%d5%ba%d5%ab%d6%81%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%bd%d5%b6%d5%b6%d5%a4%d5%ab%d6%81-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6/
Civilnet











