Գլխավոր Լրահոս

Քնեցնել Հյուսիս-հարավը

Քնեցնել Հյուսիս-հարավը

Հայաստանի կառավարությունը, մոտ երեք տարի ձգձգելով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Հյուսիս-հարավ» վարկային ծրագրի մեկնարկը, ԱԶԲ-ին կոչ է անում որոշումներն ավելի արագ ընդունել։ Բանկում, սակայն, քննարկվում է վարկային ծրագրի վաղաժամ դադարեցման հնարավորությունը՝ հայկական կողմը չի կարողանալու այն ավարտել նախանշված ժամկետներում՝ 2017թ.։

Երեկ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի հանդիպմանը բավական ուշագրավ հայտարարություն է արել։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ Գևորգյանը նշել է, թե հաշվի առնելով «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի գործնական փուլին անցումը՝ նպատակահարմար է ԱԶԲ-ի կողմից ծրագրի իրականացման մասով առավելագույն ներգրավվածություն, մասնավորապես՝ որոշումների կայացման ավելի արագ մեխանիզմների կիրառում։

Հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Տրանշ-3 նախագծի նախապատրաստման աշխատանքներն արագացնելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արագացնել նաև ընթացակարգային գործընթացները։

Տապալման եզրին
«Որոշումների կայացման ավելի արագ մեխանիզմներ կիրառելու» փոխվարչապետի կոչը ԱԶԲ-ին տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ բանկը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման համար $500 մլն վարկային միջոցների հատկացման որոշումն ընդունել է դեռևս 2009թ. սեպտեմբերին, իսկ հայկական կողմը ծրագրով նախատեսված աշխատանքները դեռ չի էլ սկսել։

Այս տարվա ապրիլի 27-ին կառավարությանը Տրանշ-1 և Տրանշ-2 նախագծերով կատարվելիք շինարարական աշխատանքների համար դեռ 2011թ. օգոստոսի 2-ին հայտարարված մրցույթում վերջապես հաղթող ճանաչեց և պայմանագիր ստորագրեց իսպանական Сorsan Corviam Construccion S.A. ընկերության հետ։ Պայմանագրի ստորագրումից հետո ընկերության նախագահը՝ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը, լրագրողներին վստահեցնում էր, որ ընդհանուր առմամբ 82 կմ ճանապարհահատվածների վերակառուցման և կառուցման աշխատանքները կմեկնարկեն մոտ մեկ ամսից (մայիսի 27-ից)։

Վերջերս, սակայն, պարզ դարձավ, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն միայն սեպտեմբերին, ասֆալտապատումը նախատեսվում է սկսել 2013թ. տարվա գարնանից։ Այս ժամկետները հուլիսի սկզբին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին նշել է իսպանական ընկերության տրանսպորտային հարցերով պատասխանատու Էդուարդո Էռնանդեսը։
Նշենք, որ իսպանական ընկերությունը, աշխատանքները դեռ չսկսած, ըստ էության, արդեն վտանգի տակ է դրել դրանց կատարման ժամկետներն ու որակը։

Խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված Տրանշ-1 և Տրանշ-2 պայմանագրերով Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., Աշտարակ-Թալին ճանապարհատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։ Իսպանական ընկերությունը խոստացել է Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում (եթե աշխատանքները սկսվեն սեպտեմբերին, ապա լավագույն դեպքում դրանք կավարտվեն 2014թ. ձմռանը), իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում (այսինքն՝ 2015թ. աշնանը)։

Թե՛ տարածքային կառավարման նախարարության և թե՛ նախագահի մամուլի ծառայության (ԱԶԲ փոխնախագահին ընդունել է նաև Սերժ Սարգսյանը) հաղորդագրություններում չեն նշվում բանկի փոխնախագահի այցի իրական նպատակները, բայց «Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԶԲ-ում քննարկվում է Հայաստանին հերթական՝ Տրանշ-3-ը չհատկացնելու հնարավորությունը ($160 մլն միջոցների հատկացումը տնօրենների խորհրդում նախատեսված է քննարկել նոյեմբերին)՝ սահմանափակվելով արդեն իսկ տրամադրված $230 մլն-ով։

ԱԶԲ-ում կարծիք է շրջանառվում, որ Հայաստանի կառավարությունը նախորդ տարիների դանդաղկոտության հետևանքով ի վիճակի չէ նախանշված ժամկետներում՝ մինչև 2017թ., ավարտել ծրագրով նախատեսված աշխատանքները։ Իհարկե, ԱԶԲ-ի կողմից հատկացվող միջոցները վարկային են (տրամադրվել են 32 տարի ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ), բայց վարկառուն՝ Հայաստանի կառավարությունը, ստանձնել է պարտավորություններ և կարծես դրանք ամբողջությամբ չի կատարում։

Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել 2009թ. և ավարտել 2017թ.։ Ճանապարհը պետք է ունենա 556 կմ երկարություն (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա)։ Բանկը այս ծրագրի համար հաստատել է $500 մլն վարկային միջոցներ կառավարության $462 մլն համաֆինանսավորման պայմաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում