Երևանի փողոցների, մասնավորապես Բաղրամյան պողոտայի ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքներն իրականացնում է մի կազմակերպություն, որն իրավաբանորեն գոյություն չունի։ Թեև Երևանի քաղաքապետարանն իր հայտարարած մրցույթներից մեկում հաղթող է ճանաչել «Սահակյանշին» ՍՊԸ-ին, նման ընկերություն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում գրանցված չէ։
Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով՝ զարգացող երկրներում ճանապարհաշինական հայտամրցույթներում գումարի 5-20%-ը պաշտոնյաներին տրվող կաշառքներն են։ Հայաստանի մասով թեև հստակ ուսումնասիրություններ չկան, բայց Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթների բովանդակությունն ու հաղթող ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու որոշումներն արդեն իսկ հուշում են կոռուպցիոն ռիսկերի մասին։
Թեև անցած և այս տարի Երևանում ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման, հիմնանորոգման և պահպանման համար քաղաքային բյուջեով գրեթե նույն ծավալի գումարներ են հատկացվել, այնուհանդերձ ընթացիկ տարում նմանատիպ աշխատանքները կարծես ավելի լայնածավալ են։ Դրա մասին է վկայում թեև այն, որ մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներում ընթանում են ոչ թե փոսալցման, այլ ասֆալտի նոր շերտի փռման աշխատանքներ։ Նշենք, որ Երևանի բյուջեով այս տարի վերոնշյալ աշխատանքների համար նախատեսված է մոտ 4,3 մլրդ, բայց թե գումարները ինչ ծավալի աշխատանքներ են նախատեսում և որ փողոցներում, հստակեցված չէ։
«Գնումների մասին» օրենքի համաձայն՝ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումը պետք է իրականացվի մրցութային կարգով։ Այս տարի օրենքի տառին համապատասխան Երևանի քաղաքապետարանն իսկապես հայտարարել է մի քանի մրցույթներ, սակայն չի նշել ո՛չ աշխատանքների համար նախատեսվող գումարի չափը, ո՛չ էլ ճանապարհահատվածները։
Օրինակ՝ հունվարի 11-ին հայտարարվել է «Երևանի քաղաքապետարանի կարիքների համար փողոցների ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքներ ձեռք բերելու» բաց ընթացակարգի մրցույթ (փաստաթուղթը հասանելի է ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական կայքում)։ Քաղաքապետարանը թեև ֆորմալ առումով պահպանել է օրենքով սահմանված պահանջները, սակայն հրավերի գնման առարկան բնութագրող բաժնում նշվում է միայն, որ գնման առարկան բաղկացած է չորս բաժիններից: Չհստակեցնելով ո՛չ աշխատանքների ծավալը, ո՛չ էլ կատարման տարածքները, քաղաքապետարանն ըստ էության սահմանափակել է մրցույթի մասնակիցների հնարավորությունները։ Չափաբաժիններն ընդամենը բնութագրվում են որպես «Երևան քաղաքի փողոցների և մայթերի ասֆալտ-բետոնյա ծածկի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ»։
Երևանի փողոցների ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքներ ձեռք բերելու բաց ընթացակարգով մրցույթի հայտարարություն քաղաքապետարանը տվել է նաև հունվարի 30-ին։ Նկարագրելով գնման առարկան՝ քաղաքապետարանն այս անգամ սահմանափակվել է հստակեցումով, թե աշխատանքները բաղկացած են 7 չափաբաժնից։
Ուշագրավ է, որ հունվարի 11-ին հայտարարված մրցույթի հաղթող ընկերությունների հետ պայմանագիր կնքելու հանձնաժողովի մարտի 1-ի որոշման մեջ նշվում են միայն հաղթող ընկերությունների անունները, իսկ թե որ ընկերությունը որքան գումար է պահանջել և ինչ աշխատանքներ է կատարելու, չի հստակեցվում։
Այն, որ այս գնումները ձևական բնույթ են կրում, պարզ է անգամ որոշման բովանդակությունից։ Օրինակ՝ նշվում է. «2012թ. մարտի 1-ին կայացած գնահատող հանձնաժողովի նիստին մասնակիցների որակավորման պահանջներին իրենց համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ հանձնաժողովը որոշեց 1-ին և 4-րդ չափաբաժինների մասով հաղթող ճանաչել «Սահակյանշին» ՍՊԸ-ին, 2-րդ չափաբաժնի մասով հաղթող ճանաչել «Խաչհար» ՍՊԸ-ին, 3-րդ չափաբաժնի մասով հաղթող ճանաչել «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ին»։
Նշենք, որ Հայաստանում «Սահակյանշին» ՍՊԸ իրականում գոյություն չունի։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևով «Սահակյանշին» ընկերություն գրանցված չէ։ Ըստ նույն համակարգի որոնման արդյունքների՝ Հայաստանում գրանցված է միայն «Սահակյանշին» ՓԲԸ։
Հասկանալի է, որ քաղաքապետարանը վերջին այս ընկերության հետ էլ կնքել է պայմանագիրը։ Սակայն կազմակերպաիրավական ձևի ոչ ճիշտ նշումը ցույց է տալիս, թե որքան լուրջ է քաղաքապետարանը վերաբերվում իր իսկ կողմից հայտարարվող մրցույթներին։
Քաղաքացիական օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանվում է. «Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին»: Սա նշանակում է, որ ըստ օրենսդրության՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ն և «Սահակյանշին» ՍՊԸ-ն տարբեր կազմակերպություններ են, քանի որ տարբերվում են կազմակերպաիրավական ձևով։ Ստացվում է, որ իրավական տեսակետից քաղաքապետարանն աշխատանքների կատարման պայմանագիր է ստորագրել մի ընկերության հետ, որը գոյություն չունի։
Civilnet











