Իշխանության «Ժառանգությունը»

«Հարսնաքարի» գործով արտահերթ նստաշրջան հրավիրելու պահանջի և դրա հետ կապված զարգացումները քաղաքական դաշտում էական հստակեցումներ մտցրին, որոնք կարող են հուշել, թե դաշտում որ քաղաքական ուժը ինչ խնդիր է լուծում: Մասնավարոպես, արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տապալումից հետո ակնհայտ հակաքարոզչություն է սկսվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ:
Որքան էլ տարօրինակ է (կամ արդեն՝ օրինաչափ), ԲՀԿ-ի դեմ հակաքարոզչության առաջամարտիկ է դարձել ընդդիմություն համարվող «Ժառանգություն» կուսակցությունը: Այս առումով կասկածելի ակտիվություն է դրսևորում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Վերջինս կարծես խանդով է նայում այն հանգամանքին, որ ԲՀԿ-ն մեծ հաշվով գործում է ընդդիմադիր դաշտում: Նա ասում է, որ ԲՀԿ-ն լիարժեք ընդդիմություն չէ, քանի որ ամբողջությամբ չի միացել արտահերթ նստաշրջան հրարավիրելու պահանջին: «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է հետևյալը. «Ընդդիմադիր այս փոքր դաշտի նկատմամբ մեծ ագրեսիա է իրականացվում օլիգարխիայի կողմից: Օլիգարխիան ուզում է իրենով անել ընդդիմադիր դաշտը, և ինչ-որ չափով դա նրան հաջողվեց, որովհետև պառլամենտական ընտրությունների ժամանակ օլիգարխիան կարողացավ տեր կանգնել ընդդիմադիր դաշտի 15-20 տոկոս ձայներին»:
Ստացվում է, որ Հայաստանում «օլիգարխիա» ասելով՝ Ռուբեն Հակոբյանը նկատի ունի բացառապես Գագիկ Ծառուկյանին: Տարօրինակ պատկերացում է: Անհասկանալի է, թե ինչ է նշանակում «իրենով անել» ընդդիմադիր դաշտը: Եթե հանրային ընկալման մեջ ԲՀԿ-ն սկսում է ընկալվել որպես ընդդիմություն, ապա Ռուբեն Հակոբյանը միայն ուրախ պետք է լինի, որ այդ դաշտը՝ ի դեմս ԲՀԿ-ի, հզորանում է: Իսկ եթե «իրենով» անելու տակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հասկանում է ընդդիմադիր դաշտը փողով գնելը, ապա նա ընդդիմադիր դաշտը շփոթում է հաճախորդների դաշտի հետ:
Եզրահանգումներ անելուց առաջ հարկավոր է ֆիքսել, որ ընդդիմադիր դաշտի հռչակած ռազմավարական նպատակը Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնելն է: Եթե խնդրին նայենք այս տեսանկյունից, կստացվի, որ «Ժառանգությունը» կամ նրա որոշ ներկայացուցիչներ այլ ռազմավարական նպատակներ ունեն, քանի որ իշխանությանը հակակշռող դաշտի հզորացումը ամենևին էլ ձեռնտու չէ նրանց:
Տարօրինակ զուգադիպությամբ ժառանգականների ցանկությունները համընկնում են իշխանության բնական ցանկությունների հետ:
Իսկ եթե «Ժառանգությունը» համարում է, որ համակարգային փոփոխություններ են պետք, ապա այս դեպքում առնվազն անհասկանալի է, թե ինչու է ամեն կերպ ձգտում ԲՀԿ-ին նույնացնել իշխանությունների հետ, իսկ շատ դեպքերում՝ իշխանություններին անուղղակիորեն կոչ անելով հաշվեհարդար տեսնել Ծառուկյանիի հետ՝ որպես խոշոր գործարարի: Տպավարություն է, որ «Ժառանգությունը» առնվազն հանրային ընկալման մեջ ԲՀԿ-ին նույնացնելով իշխանությունների հետ, լծված է իշխանական բուրգի նախկին մոնոլիտությունը վերականգնելու իշխանահաճո գործին:
Իշխանությանը հակակշռող դաշտը պառակտելով և դեգրադացնելով՝ «ժառագնությունը» կարող է լուծել ընդամենը մեկ խնդիր՝ 2013թ. ապահովել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը:
Դերենիկ Մալխասյան











