Գլխավոր Լրահոս

Հացը ալյուր չի ճանաչում

Հացը ալյուր չի ճանաչում

Համաշխարհային շուկայում ցորենի գնի վերջին բարձրացումն ու պահպանվող լարվածությունը իրեն զգացնել է տալիս նաև Հայաստանում։ Երևանում մի շարք արտադրամասեր հացը թանկացրել են Դ10-ով, մյուսներն էլ պատրաստվում են գները վերանայել առաջիկա օրերին։ Նշենք, որ հացը թանկացել է մինչև ալյուրի գնի բարձրացումը։

Երևանում հացի մի շարք արտադրամասեր մի քանի օր է, ինչ բարձրացրել են հացի գինը. հիմնավորումն ալյուրի թանկացումն է։ Հայաստան ցորեն ներկրող «Մանանա Գրեյն» ընկերության (շուկայում մասնաբաժինը՝ 34,4%) տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը «Օրակարգին» ասաց, որ ալյուրի գները վերանայվել են հուլիսի 18-ին։ 1 կգ բարձր տեսակի ալյուրը թանկացել է Դ10,76-ով, առաջին տեսակը՝ ?10-ով, երկրորդ տեսակի ալյուրը՝ Դ5-ով։ Ըստ նրա՝ ներքին շուկայում գների բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում ցորենի գների աճով, պահպանվող լարվածությամբ, ինչպես նաև վերջին ամիսներին դոլարի արժևորմամբ։

«Մինչ այժմ մենք կարողացել ենք զսպել ներքին գները՝ նախկինում ներկրված էժան ցորենի պաշարների հաշվին։ Սակայն արդեն ներկրվել է թանկ ցորենի որոշակի խմբաքանակ, և նույնիսկ էժան ցորենի պաշարների առկայության պայմաններում չենք կարողանա պահպանել նախկին գները»,– ասաց Նիկողոսյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում ցորենի արտադրության ծավալներն էական չեն, պահանջարկի հիմնական մասը բավարարվում է ներկրումների հաշվին։ Վերջին այս հանգամանքը նշանակում է, որ ներքին շուկայում ցորենի գները գրեթե ամբողջությամբ պայմանավորված են համաշխարհային շուկայում գների փոփոխությամբ, ինչը, իր հերթին, կախված է հիմնական մատակարար երկրներում բերքի ծավալներից։

Շուկայի մյուս խոշոր խաղացող «Ալեքս Գրիգ» ընկերությունից (մասնաբաժինը՝ 47,3%) ալյուրի գների փոփոխության վերաբերյալ որևէ տեղեկություն հնարավոր չեղավ ստանալ։

Հացն առաջ է ընկել

Հացի գործարանների և արտադրամասերի կողմից հացի գնի բարձրացումը այնքանով, որքանով 1 կգ բարձր տեսակի ալյուրինը, անհասկանալի է այն առումով, որ հացի ինքնարժեքում ալյուրի մասնաբաժինը 30-50% է։ Սա նշանակում է, որ 1 կգ հացի գինը, ալյուրի գնի փոփոխությամբ պայմանավորված, պետք է բարձրանար Դ3-5-ով, այնինչ հացի բոլոր տեսակները, անկախ քաշից, թանկացել են Դ10-ով։ Ստացում է, որ հացի գնի բարձրացումը համարժեք չէ ալյուրի գնի բարձրացմանը, և հացի արտադրամասերը, ըստ էության, որոշել են ապահովագրել իրենց։

Մյուս կողմից՝ հացի գնի բարձրացումը հենց Դ10-ով ունի օբյեկտիվ պատճառներ։ Հայաստանում այսօր ամենամանր դրամը 10-դրամանոցն է, ինչը նշանակում է, որ եթե հացի արտադրամասերը և փոքր խանութները հացի գինը բարձրացնեին ալյուրի գնի փոփոխությանը համապատասխան՝ Դ3-5-ով, նրանք չէին կարողանալու հաճախորդներին վերադարձնել մանրը։

Նշենք, որ Հայաստանում մանր դրամները շրջանառություն վերադարձնելու առաջարկ դեռևս 2009թ. արել է «Սթար» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը։ 5-դրամանոցի վերադարձը, օրինակ, ըստ նրա կարող է էապես մեղմել գնաճը։ «Շատ հաճախ թե՛ արտադրողները, թե՛ ներկրողները և թե՛ մանրածախ ցանցերը կլորացնում են գները և սովորաբար դեպի վերև։ 5-դրամանոցի վերադարձը շրջանառություն իր դերակատարությունը կունենա գնաճի մեղմման գործում։ Մանր դրամների առկայությունը կարող է նպաստել ավելի արդար գնագոյացմանը»,– ասել էր Քերոբյանը։

Առաջարկը կարծես դուրս մնաց Կենտրոնական բանկի ուշադրությունից, և ներկայում, ինչպես երևում է հացի դեպքում, գների բարձրացումը կատարվում է նվազագույնը Դ10-ով։

Համաշխարհային միտումներ

Հայաստանում ցորենի տարեկան մոտ 730 հազ. տ պահանջարկի 60-70%-ը բավարարվում է ներկրումների հաշվին։ Ցորենի ինքնաբավության ցածր մակարդակը երկիրը պահում է կախյալ վիճակում, և համաշխարհային շուկայում ցանկացած բացասական զարգացում անխուսափելիորեն ազդում է ներքին շուկայի վրա։

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում համաշխարհային շուկայում ցորենի գների բարձրացումը պայմանավորված է եղել հիմնականում բացասական սպասումներով։ Այսպես, եթե այս տարվա հունիսի 15-ին Լոնդոնի բորսայում 1 տ ցորենի գինը կազմում էր $192, ապա երեկ նոյեմբերի ֆյուչերսների գինը կազմում էր $233։ Ռուսաստանում, որին բաժին է ընկնում Հայաստան ներկրումների մոտ 70%-ը, երեկ 1 տ երրորդ կարգի ցորենի միջին գինը կազմում էր $252։

Նշենք նաև, որ գյուղատնտեսական տարվա սկզբին, երբ շուկաներում սկսվում է նոր բերքի վաճառքը, որպես կանոն տեղի է ունենում գների նվազում։ Այս տարի, սակայն, նման միտում դեռևս չկա։

Հացահատիկի համաշխարհային շուկայում լարվածությունը պայմանավորված է ԱՄՆ-ում և Ավստրալիայում երաշտով, ինչպես նաև Ռուսաստանում, հատկապես հարավային շրջաններում սպասվող բերքի կանխատեսումների նվազումով։

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության հուլիսյան կանխատեսման մեջ այս տարվա համար ցորենի համաշխարհային արտադրության ծավալները մայիսյան կանխատեսման համեմատ նվազեցվել են 6,7 մլն տ-ով՝ մինչև 665,3 մլն։ Ռուսաստանում ցորենի բերքի կանխատեսումը նվազեցվել է 4 մլն տ-ով՝ մինչև 49 մլն, Ղազախստանում՝ 2 մլն-ով՝ մինչև 13 մլն տ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում