Ոչ թե ով, այլ ինչպես

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացան նախագահական ընտրությունները, որոնց նախնական արդյունքներով առջևում է գործող նախագահ Բակո Սահակյանը: Թե ինչ արդյունքներ կստացվեն վերջնահաշվարկի արդյունքում, և ով կղեկավարի (թեև պարզ է՝ ով) Արցախը հաջորդ հինգ տարիներին, այնքան էլ կարևոր չէ:
Կարևորն այն է, որ այս ընտրություններով Արցախը կարողանա թոթափել ընդդիմություն չունեցող երկրի արատավոր կարգավիճակը: Դրանում ընդդիմությունից առավել շատ պետք է շահագրգռված լինեն ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանությունները, որովհետև իրապես արդար, մրցակցային և ժողովրդավարական ընտրությունները հենց այն կարևոր խաղաքարտն են, որ հայկական կողմին անհրաժեշտ է Ադրբեջանի հետ բանակցություններում:
Կարևորն այն չէ, թե ով է ընտրվել, այլ այն, թե ինչպես է ընտրվել: Կարևոր է, որ հաղթող թեկնածուն քայլեր ձեռնարկի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ուժեղացման ուղղությամբ:
Արցախի նախորդ նախագահական ընտրություններին հաջորդեցին հաղթող թեկնածուի ռեպրեսիվ գործողությունները հիմնական մրցակցի և նրա մերձավորների նկատմամբ: Ժողովրդավարական արժեքների անտեսման և ռեպրեսիաների տրամաբանական շարունակությունը եղավ այն, որ 2010թ. Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր թեկնածու չկար, և միջազգային հեղինակավոր իրավապաշտպան Freedom House կազմակերպության զեկույցում Արցախը, մասամբ ազատ երկրների շարքից դասվելով անազատ երկրների շարքում, քարտեզի վրա ներկվեց Ադրբեջանի գույնով:
Ցանկացած առողջ հասարակության համար ժողովրդավարությունը նորմալ զարգացման ներքին հասարակական պահանջն է: Արցախի պարագայում ոչ միայն ներքին զարգացման պարզ պահանջն է, այլև գոյատևման գրավականը, բանակցությունների գլխավոր հաղթաթուղթը: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ճիշտ է նկատում, որ «խոշոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք են կազմում ոչ թե մեր իշխանությունների հայտարարություններով և տեղական հեռուստատեսությունների ռեպորտաժներով, այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ու գնահատականներով»:
Հայաստանն ու Արցախը քարտեզի վրա պետք է փոխեն իրենց գույները և եզր չունենան համեմատվելու Ադրբեջանի հետ:
Civilnet










