Արցախում ընդդիմություն ծնվեց

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած ընտրությունների նախնական արդյունքներով գործող նախագահ Բակո Սահակյանը հավաքել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների շուրջ 66,5 տոկոսը, իսկ այլընտրանքային թեկնածու Վիտալի Բալասանյանը՝ 32,5 տոկոսը: Ընտրություններին մասնակցած երրրորդ թեկնածուն հավաքել է 1 տոկոսից պակաս ձայն:
Արցախի նախագահի այս ընտրություններին գրանցված ցուցանիշները (անկախ ընտրախախտումներից և գործող նախագահի կողմից վարչական ռեսուրսի օգտագործումից) իսկապես կարևոր քայլ առաջ էին նախորդ բոլոր ընտրությունների համեմատ:
- Որ գործող նախագահը հավաքում է 66,5 տոկոս և ոչ թե 90 կամ 95 տոկոս ձայն, նշանակում է, որ այլընտրանքային թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է առնվազն բանակի միջին հրամանատարական կազմը: Բնական է, որ բարձրաստիճան հրամանատարները ստիպված են պաշտպանել գործող նախագահին:
- Այլընտրանքային կամ ընդդիմադիր թեկնածուի հավաքած 32,5 տոկոս ձայնը նշանակում է, որ նրա օգտին քվեարկել են նաև շարքային դաշնակցականները՝ չնայած ՀՅԴ-ի երևանյան ղեկավարների ճնշման տակ Արցախի ՀՅԴ կառույցը հայտարարեց Բակո Սահակյանին պաշտպանելու մասին:
- Արցախը շատ կարևոր քայլ կատարեց չճանաչված հանրապետությունների շարքում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: 2004 թվականին Աբխազիան առաջին անգամ անցկացրեց իրական մրցակցային ընտրություններ: Հարավային Կովկասի մեկ այլ չճանաչված միավոր՝ Հարավային Օսիան, վերջին նախագահական ընտրություններում հաղթողին որոշեց՝ նոր ընտրություններ նշանակելով: Ճիշտ է՝ Ղարաբաղում նախագահական ընտրություններում երբեք երկրորդ փուլ չի եղել, բայց այս ընտրություններով առաջին անգամ արձանագրվեցին արդյունքեր, որոնք արժանահավատ են ոչ միայն միջազգային հանրության, այլև արցախցիների համար: Վիտալի Բալասանյանից առաջ Արցախի նախագահական ընտրություններում լավագույն արդյունք գրանցած նախագահի ընդդիմադիր թեկնածուն Մասիս Մայիլյանն էր, որը 2007թ. հավաքել էր 12,5 տոկոս քվե:
- Ցանկացած երկրի համար աքսիոմ է, որ ուժեղ ընդդիմության առկայությունը և նրա կողմից իշխանությունների վերահսկողությունը վերջիններին ստիպում է ավելի արդյունավետ աշխատել և հաշվետու լինել հասարակությանը: Կարելի է ենթադրել, որ Արցախի իշխանություններն այսուհետ ավելի հաշվետու կլինեն հասարակությանը:
- Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում ժողովրդավար Արցախը կարևոր խաղաթուղթ կլինի հայկական կողմի ձեռքում: Այլևս փաստ է, որ Արցախում, ի տարբերություն Ադրբեջանի, նախագահը չի ընտրվում 95 տոկոս քվեով:
Արցախի թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը ներկայում արդեն պետք է անեն ամեն հնարավորը, որպեսզի բարձրացնեն չճանաչված հանրապետության միջազգային քաղաքական վարկանիշը, և այնպիսի կազմակերպությունների գնահատականներում, ինչպիսին է Freedom House-ը, մեկընդմիշտ փոխեն իրենց դասակարգումը և Ադրբեջանի հետ համեմատվելու եզր չունենան:
Տեղադրություն
Civilnet










