Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 7,8%-ով։ Այդուհանդերձ, դանդաղել են արդյունաբերության ոլորտի և արտահանման աճի տեմպերը։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման՝ այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվությունն ավելացել է 10,8%-ով։ Հունվար-հունիսի կտրվածքով ցուցանիշը կազմել է 7,8%։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա հինգ ամիսներին ակտիվությունն ավելացել էր 7,4%-ով, չորս ամիսներին՝ 7,2%-ով, առաջին եռամսյակում՝ 6,1%-ով։
Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 13%։ Նշենք, որ աճի տեմպը, այդուհանդերձ, դանդաղում է։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոլորտում ցուցանիշը 16,4% էր, չորս ամիսների կտրվածքով՝ 15,3%, հինգ ամիսներին՝ 15%։
Հաշվետու ժամանակահատվածում ծառայությունների ոլորտում արձանագրվել 12,4% աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 8,1%, առևտրաշրջանառությունն ավելացել է 2,4%-ով։ Տնտեսության միակ ոլորտը, որտեղ անկումը պահպանվել է, շինարարությունն է (այս տարվա առաջին կիսամյակում անկումը կազմել է 6,7%)։
Այս հունվար-հունիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է $2,7 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8,3%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպն առաջանցիկ է եղել՝ համեմատ ներկրման։ Վեց ամիսների կտրվածքով արտահանումն ավելացել է 13,5%-ով ($684,4 մլն-ի), ներկրումն աճել է 6,7%-ով ($2 մլրդ-ի)։
Նշենք, որ ինչպես արդյունաբերության ոլորտում, այնպես էլ արտահանման մասով աճի տեմպերը դանդաղում են։ Այսպես, եթե առաջին եռամսյակում արտահանման աճի տեմպը 32,5% էր, ապա չորս ամիսների կտրվածքով այն արդեն 17,8% էր, հինգ ամիսներին՝ 15,2%, կիսամյակի կտրվածքով՝ 13,5%։
Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում ամսական միջին աշխատավարձն աճել է 6,2%-ով (հասնելով 117,6 հազ. դրամի)։ Մասնավոր հատվածում միջին աշխատավարձն աճել է 6,9%-ով՝ կազմելով 146,4 հազ. դրամ, պետական համակարգում՝ 5%-ով՝ կազմելով 93,26 հազ. դրամ։
Նշենք, որ հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0,7%։
Civilnet











