Ըստ «ՀայՌուսգազարդի» տվյալների՝ 2012թ. հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 22,37%-ով ավելացել են Ռուսաստանից ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 մլրդ խմ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 844,38 մլն խմ գազ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 14,74%-ով (148 մլն խմ-ով):
Նշենք, որ իրացված ծավալի 66,7%-ը (563,1 մլն խմ) բաժին է ընկել ընթացիկ տարվա առաջին եռամսյակին, 33,3%-ը (281,3 մլն խմ)՝ երկրորդին։ Ընդ որում՝ անցած տարվա երկրորդ եռամսյակի համեմատ իրացված գազի ծավալների 32,1 մլն խմ-ով կամ 12,9%-ով աճը պայմանավորված է եղել էներգետիկ ընկերությունների, արդյունաբերական ոլորտի և ԱԳԼՃԿ-ի կողմից սպառման ծավալների ավելացմամբ։
Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 13,4%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 334,2 մլն խմ: Աճը ամբողջովին պայմանավորված է ձմռան ցուրտ ամիսներով։ Դրա մասին է վկայում այն, որ թեև ըստ ԱՎԾ-ի՝ առաջին կիսամյակում միջին աշխատավարձն աճել է մոտ 6,2%-ով, իսկ հունիսին 12-ամսյա գնաճը եղել է ընդամենը 0,7%, երկրորդ եռամսյակում բնակչության կողմից գազի սպառումը կրճատվել է մոտ 5 մլն խմ-ով կամ մոտ 7%-ով։ «ՀայՌուսգազարնը» այս ժամանակահատվածում բնակչությանն իրացրել է 68,6 մլն խմ գազ.։ Սպառման կրճատումը խոսում է այն մասին, որ նույնիսկ գազի այժմյան գների պայմաններում (132 դրամ/1խմ) բնակչությունը դիմում է խնայողության։
Տարվա ընթացքում բենզինի գների աճը նպաստել է, որ «ՀայՌուսգազարդի» կողմից ԱԳԼՃԿ-ներին իրացված բնական գազի ծավալներն ավելանան 19,5%-ով՝ կազմելով շուրջ 187 մլն խմ։ Նշենք, որ ծավալի 102,7 մլն խմ-ն իրացվել է երկրորդ եռամսյակում (աճը՝ 16,8 մլն խմ կամ 20%), երբ ներքին շուկայում ռեգուլյար տեսակի 1լ բենզինի գինը տատանվում էր 480-500 դրամի սահմաններում։
Այս տարվա առաջին եռամսյակում էներգետիկ ոլորտում գազի սպառման ծավալներն ավելացել են 43%-ով, արդյունաբերությունում՝ 12,85%-ով՝ կազմելով համապատասխանաբար 100,3 մլն խմ և 119,2 մլն խմ:
Ուշագրավ է, որ երկրորդ եռամսյակում էներգետիկ ընկերությունների սպառած գազի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 5,6 անգամ՝ կազմելով 22,6 մլն խմ գազ։ Նույն ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտի ընկերություններին իրացված գազի ծավալը 74,8 մլն խմ է, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 9,3 մլն խմ-ով կամ 14%-ով։
Civilnet











