Գլխավոր Լրահոս

Ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի․ Փաշինյանը՝ Ղարիբաշվիլիին

Ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի․ Փաշինյանը՝ Ղարիբաշվիլիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը։

«Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա և ջանքերը պետք է ուղղել այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի վարչապետը այցի ընթացքում հայտարարել է նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնելու նպատակի մասին։

«2019-ին մենք Վրաստանի հետ նպատակ ենք դրել ավելացնել երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը՝ հասցնելով մինչև 1 մլրդ դոլար։ Սակայն, համավարակը դանդաղեցրեց այդ գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել համավարակի հետ միասին, ես առաջարկ ունեմ շարունակել մեր նպատակին հասնելու ուղղությամբ աշխատանքները և անպայման հասնել 1 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության»,-միջկառավարական հանձնաժողովի նիստին ասել է Փաշինյանը, փոխանցում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Ըստ Սպուտնիկի՝ Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների շարքում 7-րդն է։ 2021-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 611,7 մլն դոլար, ինչը 10 տոկոսով ավելի է 2020-ի նույն ժամանակահատվածից։

Հայաստանի և Վրաստանի ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ղարիբաշվիլին վստահեցրել է, որ Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության հասնելու գործում։

«Վրաստանը մշտապես շահագրգռված է այդ գործընթացում (խաղաղության և կայունության հասնելու գործում – խմբ.) խաղալ կարևոր դերերից մեկը, և հենց այդ նպատակով ես հնչեցրեցի խաղաղ հարևանության նախաձեռնությունը։ Եվ ցանկանում եմ հաստատել, պարոն վարչապետ, որ մենք միշտ պատրաստ ենք մասնակցել և մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»,- հայտարարել Է Իրակլի Ղարիբաշվիլին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում