Սամվել Բալասանյա՞ն, թե՞ Վարդան Ղուկասյան

Հունիսի 19-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածու է առաջադրելու ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանին: Զուգահեռաբար լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ երեկ Սամվել Բալասանյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս տեղեկությունը մինչ այժմ չի հերքվել: Այսինքն՝ փորձ է արվում ցույց տալ, որ Սամվել Բալասանյանը այն կոմպրոմիսային թեկնածուն է, որը կարող է ընդունելի լինել նաև գործող իշխանությունների համար:
Բալասանյանի առաջադրմամբ՝ Գյումրիում կանխվում է ՀՀԿ-ԲՀԿ սպասվող սուր և անկանխատեսելի մրցակցությունը: Եթե Գյումրիի քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն առաջադրեր Մարտուն Գրիգորյանին կամ Վարդևան Գրիգորյանին (Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորը), ապա ՀՀԿ-ի հետ մրցակցությունը կարող էր վերաճել հակամարտության, ինչը այս փուլում ցանկալի սցենար չէր կողմերից և ոչ մեկի համար, հատկապես՝ իշխանությունների, քանի որ շատ մեծ էր հավանականությունը, որ սպասվող սուր մրցակցությունից հաղթող դուրս կգար ԲՀԿ-ն, որի դիրքերը Գյումրիում ամուր են: Բացի այդ, ՀՀԿ-ն Գյումրիում չունի քիչ թե շատ հեղինակություն վայելող և որոշակի ռեսուրսների տիրապետող թեկնածու: Իշխող կուսակցության միակ հույսը գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, որը քաղաքապետի պաշտոնում երկար տարիներ իշխանավարելուց հետո հասցրել է «վաստակել» շատ ցածր վարկանիշ, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո հեղինակազրկվել նաև հարազատ կուսակցության մոտ: Վարդան Ղուկասյանին ևս մեկ անգամ պաշտպանելը ՀՀԿ-ի համար կնշանակի քաղաքական ինքնասպանություն՝ առնվազն Գյումրիում:
Սամվել Բալասանյանի թեկնածությունը այս պարագայում պարզապես ստեղծված բարդ իրավիճակից օպտիմալ ելքի տարբերակն է: Վերջինս կոմպրոմիսային և ոչ կոնֆլիկտային գործիչ է, որի թեկանծության առկայության պայմաններում Գյումրիում կրքերը կարող են նկատելիորեն հանդարտվել:
Սակայն հակամարտության պոտենցիալը պահպանվում է, քանի դեռ Վարդան Ղուկասյանը խաղից դուրս չի եկել: Վերջինս չի թաքցնում, որ մեծ ցանկություն ունի 5-րդ անգամ Գյումրիի քաղաքապետ դառնալ: Սակայն, ամենայն հավանականությամբ, Վարդան Ղուկասյանի ցանկությունը անիրագործելի կմնա. այս անգամ նրա քաղաքական ճարպկությունը արդյունավետ չի եղել:
Մինչև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումը, Վարդան Ղուկասյանը հայտարարում էր, որ ինքը՝ անկախ ՀՀԿ-ի որոշումից, առաջադրվելու է, քանի որ քաղաքապետին ընտրում է ոչ թե կուսակցությունը, այլ ժողովրուրդը: Սակայն այդ խորհրդավոր հանդիպումից հետո Ղուկասյանի հռետորաբանությունը կտրուկ փոխվեց, այժմ նրա շրջապատը հայտարարում է, որ իրենք կսպասեն ՀՀԿ-ի որոշմանը: Թե ինչ են ՀՀԿ-ից շշնջացել Վարդան Ղուկասյանի ականջին, կարելի է միայն ենթադրել: Այս ամենի հետ միաժամանակ նա փորձում էր ցույց տալ, որ ընկճված չէ և նույնիսկ սպառնում էր հրապարակել Սամվել Բալասյանյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու մասին դիմումը:
Սակայն եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի չառաջադրել Վարդան Ղուկասյանին, ապա վերջինս հազիվ թե որոշի հակադրվել կուսակցությանը: Իշխանության արխիվներում գտնվող Վարդան Ղուկասյանի «դոսյեն» բավական հաստափոր է: Իսկ ՀՀԿ-ի ներսում բավական լուրջ դժգոհություն կա Ղուկասյանի նկատմամբ: ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը հրապարակայնորեն արդեն իսկ հայտարարել է, թե «գործող քաղաքապետը որ օրվանից թողեց պաշտոնը, Գյումրին լավ կապրի»: Իշխող կուսակցության ներկայացուցիչները առանց ղեկավարության հետ համաձայնեցնելու հազիվ թե նման կտրուկ հայտարարություններով հանդես գան: Շատ հնարավոր է, որ մոտ ժամանակներս Վարդան Ղուկասյանը հայտարարի, որ որոշել է չառաջադրել իր թեկանծությունը առաջիկա ընտրություններին: Իսկ ՀՀԿ-ն Գյումրիում կա՛մ «չեզոքություն» կցուցաբերի, կա՛մ կորոշի աջակցել Սամվել Բալասանյանին:
Civilnet










