Տնտեսությունում 2012թ. առաջին կիսամյակի արդյունքները դրական են և լավատեսական, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով՝ տնտեսությունում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, կա տնտեսական աշխուժություն, ու այդ ամենը՝ մակրոտնտեսական կայուն ֆոնի վրա:
Ըստ նախարարի՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 7,8%-ի տնտեսական ակտիվության: Աճի բարձր տեմպեր արձանագրվել են մի շարք ոլորտներում. գյուղատնտեսության ոլորտում՝ 8%, արդյունաբերության ոլորտում՝ 13%, արտահանման մասով՝ 13,5%,: «Տնտեսության բոլոր ուղղությունները գրանցել են առաջընթաց: Կարծում եմ, որ դինամիկան կպահպանվի մինչև տարեվերջ»,- ասել է նախարարը:
Նշենք, որ չնայած նախարարի լավատեսությանը՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն այլ բանի մասին են խոսում։ Այսպես, ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերության ոլորտի աճի տեմպը դանդաղում է. այս տարվա առաջին եռամսյակում ոլորտում աճը կազմել է 16,4%, չորս ամիսներին՝ 15,3%, հինգ ամիսներին՝ 15%, իսկ կիսամյակի կտրվածքով՝ 13%։
Աճի տեմպը դանդաղում է նաև արտահանման մասով։ Եթե առաջին եռամսյակում արտահանման աճի տեմպը կազմել է 32,5%, ապա չորս ամիսներին այն արդեն 17,8% էր, հինգ ամիսներին՝ 15,2%, կիսամյակի կտրվածքով՝ 13,5%։
Տնտեսության «որակյալ» աճի լավագույն ցուցիչ կարող է լինել հարկահավաքման մակարդակը։ Իհարկե, առաջին կիսամյակում Պետական եկամուտների կոմիտեն 4,1 մլրդ դրամով կամ 1%-ով գերակատարել է պետական բյուջեի եկամուտների եռամսյակային հավաքագրման գրաֆիկը՝ հավաքագրելով 395,4 մլրդ դրամ, բայց պետք է հաշվի առնել, որ բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման գրաֆիկը և հավաքագրման ծավալը ծրագրվել է հիմք ընդունելով տարվա կտրվածքով 4,2% տնտեսական աճը։
Եթե տնտեսական աճն իսկապես որակյալ է և գերազանցում է կիսամյակային ծրագրված ցուցանիշը, ապա հարկահավաքման մակարդակը ևս պետք է ավելի մեծ տեմպերով աճեր։ Մոտավոր հաշվարկներով, առաջին կիսամյակում ՀՆԱ-ի 1% աճը պետք է ապահովեր 6-7 մլրդ դրամի հարկահավաքում։
Ուշագրավ է, որ թեև ըստ ԱՎԾ-ի և էկոնոմիկայի նախարարի Հայաստանի տնտեսական ակտիվությունը թափ է հավաքում, հունիսին հարկերի հավաքագրման ծավալը մայիսի ցուցանիշին զիջել է 1,8 մլրդ-ով՝ կազմելով մոտ 72,4 մլրդ դրամ։ Ստացվում է, որ տնտեսության աճը բերում է հարկերի հավաքման կրճատման։
Civilnet











