Գլխավոր Լրահոս

ԵԽԽՎ-ի բանաձևը որքանո՞վ է «նիկոլանպաստ»․ «դեմ» քվեարկած Մամիջանյանի պնդման հետքերով

ԵԽԽՎ-ի բանաձևը որքանո՞վ է «նիկոլանպաստ»․ «դեմ» քվեարկած Մամիջանյանի պնդման հետքերով

#CivilnetCheck

Անի Գրիգորյան

Հայկ Հովհաննիսյան

Համացանցում և լրատվամիջոցներում քննարկվում է հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը և դրա վերաբերյալ քվեարկությունը։ Առանձին ուշադրության է արժանացել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանի «դեմ» քվերակությունը։ 

ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը, որում անդրադարձ է կատարվում վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին, ընդունվել է 50 կողմ, 14 դեմ և 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։  

«Թուրքիան, Ադրբեջանը և Հայկ Մամիջանյանը դեմ են քվեարկել ԵԽԽՎ-ի՝ Հայաստանին վերաբերող նախագծին»․ նման վերնագրով նյութեր և գրառումներ ներկայում տարածվում են համացանցում։ 

Հայկ Մամիջանյանը, իսկապես, դեմ է քվեարկել այս բանաձևին։

Մամիջանյանը հունվարի 28-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պատճառաբանելով «դեմ» քվեարկելու իր որոշումը։ Նա պնդում է, որ բանաձևը «նիկոլանպաստ է» և ոչ՝ «հայանպաստ»։ 

«Զեկույցը վերաբերվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերվում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն»  [ուղղագրությունը և կետադրությունը՝ հեղինակի - ՍիվիլՆեթ․],- պնդում է Մամիջանյանը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNetCheck) կապ հաստատեց Մամիջանյանի հետ՝ քվեարկության պատճառները պարզելու համար։ Նա վերահաստատեց՝ բանաձևը «որևե կերպ չի վերաբերում Արցախին և գերիներին»։ 

«Զեկույցը Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր ձևակերպումներ պարունակող է։ Եվս մեկ անգամ պնդում եմ, որ զեկույցը չի վերաբերում հայ-ադրբեջանական հարաբերություններին և Արցախին, այլ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը»,- հայտնեց Մամիջանյանը։ 

Մինչդեռ Մամիջանյանի այս պնդումները տարակուսելի են, քանի որ զեկույցը վերաբերում է ինչպես վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած դրական, այնպես էլ մտահոգիչ գործընթացներին։

Բանաձևում անդրադարձ կա՛ գերիներին

Հակառակ Հայկ Մամիջանյանի պնդմանը, թե բանաձևը չի վերաբերում Արցախին և հայ-ադրբեջանական հարաբերություններին, բանաձևի 5-րդ կետը հենց այս խնդիրներն է արծարծում։ Դրանում, մասնավորապես, խոսվում է հայ գերիների վերադարձի, հարաբերությունների կարգավորման կարևորության, եռակողմ հայտարությունների դրույթների պահպանման և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման մասին։

«Վեհաժողովը նշում է, որ վերջին հակամարտությունը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, ինչպես նկարագրված է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մարդասիրական հետևանքները/Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» 2391 (2021) բանաձևում։ Մասնավորապես, խորհուրդը կրկին իր վրդովմունքն է հայտնում բոլոր կողմերից սպանվածների թվի առնչությամբ և վերահաստատում է իր պահանջը՝ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն»,- նշվում է բանաձևում։ Նույն՝ 5-րդ կետով Վեհաժողովը ևս մեկ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական հանգուցալուծման կոչ է անում։ Վեհաժողովը, միևնույն ժամանակ, վերահաստատում է մշակութային ու կրոնական ժառանգության կարևորությունը, շեշտում դրա պաշտպանության ու վերականգնման անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման հրատապությունը։ Այն նաև ողջունում է Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը։

ԵԽԽՎ-ի բանաձևում կան նաև մտահոգություններ

Բանաձևի առաջին կետով ԵԽԽՎ-ն նախ ողջունում է 2018-ից ի վեր Հայաստանում գրանցված ժողովրդավարական առաջընթացը։ ԵԽԽՎ-ն դրական է գնահատում փաստը, որ Հայաստանը հաջողությամբ է հաղթահարել քաղաքական լուրջ ճգնաժամը, որն առաջացել էր ղարաբաղյան պատերազմի արդյունքում։ Շեշտվում է, որ ճգնաժամը հանգուցալուծվել է 2021թ․ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել են ժողովրդավարական ճանապարհով՝ ի հեճուկս մեծապես բևեռացված մթնոլորտին։

ԵԽԽՎ-ն նաև գնահատում է բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը, 2018-ին քաղաքական ղեկավարության փոփոխությունից ի վեր նոր նախագծերի մեկնարկը և Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության աստիճանը։

Բանաձևում տեղ են գտել նաև մտահոգություններ և դիտողություններ Հայաստանում տեղի ունեցած գործընթացների և իշխանությունների քայլերի վերաբերյալ։ Օրինակ, 9-րդ կետով Վեհաժողովն անդրադարձել է 2021թ. ընտրություններին՝ ափսոսանք հայտնելով ստեղծված քաղաքական մթնոլորտի առնչությամբ, որը, ըստ Վեհաժողովի, «խիստ բևեռացված էր և ստվերված մրցակիցների միջև չափազանց սադրիչ հռետորաբանությամբ»:

Բանաձևում անդրադարձ է եղել 2021թ. օգոստոսին ԱԺ-ում իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումներին։ 

«Ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ իշխանության ճիշտ հավասարակշռության ապահովմանը և քաղաքական դաշտում ժողովրդավարական մշակույթ արմատավորելու հնարավորություն ապահովելուն, Վեհաժողովը դատապարտում է 2021թ․ օգոստոսին Ազգային ժողովի մեծամասնության և ընդդիմության միջև տեղի ունեցած բռնի միջադեպերը»,- նշված է 11-րդ կետում, որում նաև կոչ է արվում մեծամասնությանը և ընդդիմությանը կառուցողական և հարգալից համագործակցություն հաստատել։ 

Վեհաժողովը 12-րդ կետով անդրադարձել է nերքին գործերի նախարարությունը վերականգնելու իշխանությունների ծրագրին՝ կոչ անելով իրականացնել այն և այդ նախարարության իրավասության տակ փոխանցել որոշ իրավապահ մարմիններ, որոնք ներկայում վարչապետի անմիջական վերահսկողության տակ  են։

Բանաձևում քննադատական անդրադարձ կա նաև զրպարտության և վիրավորանքի քրեականացմանը, համավարակի և պատերազմի ժամանակ կիրառված տեղեկատվական սահմանափակումներին՝ դրանք որակելով «ակնհայտորեն չափազանցված»։ 

Բանաձևի 20-րդ և 21-րդ կետերով խոսվում է Սահմանադրական դատարանի դատավորների կողմից վաղ կենսաթոշակի անցնելու գործընթացի մասին։ Թեև Վեհաժողովը նշում է, որ իշխանությունները փորձել են գտնել պատվաբեր լուծում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար, սակայն նաև ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները չեն հետևել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին Սահմանադրական դատարանի կազմի թարմացման վերաբերյալ, որը նախատեսում էր անցումային շրջան․ այն  թույլ կտար աստիճանաբար փոխել ՍԴ կազմը՝ խուսափելով դատարանի անկախությունը վտանգող ցանկացած կտրուկ և անհապաղ փոփոխությունից: 

Այսպիսով, ԵԽԽՎ բանաձևում անդրադարձ կա ինչպես Ադրբեջանում գտնվող գերիներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցող դրական և մտահոգիչ գործընթացներին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում