Կառավարության թեթև ձեռքով Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ գործարան» ընկերությունը ստիպված է լինելու մարել Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited-ի (պատկանում են «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը) $70 մլն վարկը։ «Նաիրիտը», բացի այս, ևս 51 մլրդ դրամի ($130 մլն) վարկային պարտավորություններ ունի։
«Նաիրիտ գործարանի» 2011թ. ֆինանսական հաշվետվության անկախ աուդիտորական եզրակացությունում նշվում է, որ համաձայն 2006թ. կնքված երաշխավորման պայմանագրի՝ «Նաիրիտ գործարանը» պարտավորվել է կատարել ԱՊՀ Միջպետական բանկի առջև Rhinoville Property Limited-ի վարկային պարտավորության պայմանագիրը։ Ըստ պայմանագրի՝ վարկային գումարը կազմում $70 մլն, մարման ժամկետն ավարտվում է 2018թ. դեկտեմբերի 27-ին։
Հիշեցնենք՝ 2006թ. օգոստոսին Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է ստորագրում մինչ այդ անհայտ Rhinoville Property Limited ընկերության հետ, որով վերջինս «Նաիրիտ գործարանի» հենքի վրա պարտավորվում է զարգացնել կաուչուկի արտադրությունը։ Նույն ամսին ԱՊՀ Միջպետական բանկը $70 մլն-ի վարկային գիծ է բացում Rhinoville Property Limited-ի համար՝ 5,3 տարի մարման ժամկետով (մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը) և տարեկան 12,5% տոկոսադրույքով։ Վարկից $39 մլն-ն ուղղվում է «Նաիրիտ գործարանի» 90% բաժնետոմսերի ձեռքբերմանը, $12,8 մլն-ը՝ շրջանառու միջոցների համալրմանը, $18,2 մլն-ը՝ արդիականացմանը։
Նշենք, որ թեև Rhinoville Property Limited-ը մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը չի կատարել իր վարկային պարտավորությունները և «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը գրավադրված են Միջպետական բանկում, օֆշորային այս ընկերությունը շարունակում է մնալ քիմիական հսկայի հիմնական բաժնետերը։ Համաձայն հաշվետվության՝ «Նաիրիտի» ղեկավարությունը գտնում է, որ հաշվետու տարվա վերջին որևէ օբյեկտիվ պատճառ չկա, որ Rhinoville Property Limited ընկերությանը չի կատարի վարկային իր պարտավորությունները ԱՊՀ Միջպետական բանկի առջև։
«Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը պատկանում են Rhinoville Property Limited-ին, 4,49%-ը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,59%-ը՝ «Հայգազարդին», 1,9%-ը՝ Երևանի ջէկ-ին։
Օֆշորային ընկերության վարկը «Նաիրիտի» միակ խնդիրը չէ։
Գործարանը սեփական կարիքների համար 2009թ. Միջպետական բանկից 8,5% տոկոսադրույքով և մինչև 2019թ. մարման ժամկետով ներգրավել է ևս Դ35,5 մլրդ-ի ($95 մլն) վարկային միջոցներ։ Քիմիական հսկան վարկային պարտավորություններ ունի նաև հայկական բանկերին։
«Նաիրիտի» սեփական վարկային պարտավորությունների ծավալը 2011թ. վերջին կազմել է 51 մլրդ դրամ։ Ուշագրավ է, որ մեկ տարվա ընթացքում ընկերության պարտքերն ավելացել են 10 մլրդ-ով՝ այն դեպքում, երբ գործարանը մատնված է պարապուրդի։ Ներգրավված միջոցները «Նաիրիտն» ուղղել է աշխատավարձերի վճարմանը։
Նշենք, որ 2011թ. վերջին «Նաիրիտի» ակտիվները կազմել են 72,2 մլրդ ($185 մլն), վարկային պարտավորությունները և վարկային երաշխիքով ստանձնած պարտավորությունների հանրագումարը՝ $200 մլն։ Սա նշանակում է, որ ընկերությունը կանգնած է կործանման եզրին՝ քիմիական հսկան ի վիճակի չէ սեփական միջոցներով մարել վարկային պարտավորությունները և պետք է սնանկ հայտարարվի։
«Նաիրիտի» վարկային բեռում մեղքի բաժնի զգալի մի մասն ընկնում է կառավարության վրա։ Թեև գործադիրն ամեն կերպ հերքում է մասնակցությունը «Նաիրիտի» վաճառքին, փաստը, այնուամենայնիվ, անհերքելի է։
Այսպես, 2006թ. օգոստոսի 18-ին կառավարությունը երկու որոշում է ընդունել, մեկը՝ ««Հայգազարդ» ՓԲԸ-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման թույլտվություն տալու» մասին (18 օգոստոսի 2006թ. N 1130-Ա), մյուսը՝ ««Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերը վաճառելու մասին» (18 օգոստոսի 2006թ. N 1131-Ա)։
Առաջին որոշման մեջ նշվում է. «Էներգետիկայի նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» ընկերությանը, որը հանդիսանում է «Նաիրիտ գործարանի» խոշոր բաժնետերը և սեփականության իրավունքով տնօրինում է ընկերության 56,2% բաժնեմասը, ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերը, արդյունքում «Հայգազարդը» կդառնա ընկերության մինչև 90%-ի սեփականատերը»։
Կառավարության այս որոշմամբ՝ պետական մասնակցությամբ «Հայգազարդը» «Նաիրիտի» բաժնետոմսեր է ձեռք բերել պետական մասնակցությամբ «Պետպոլիմեր» ՍՊԸ-ից և պետական մասնակցությամբ «Ռադիո» ընկերությունից։
Նույն որոշմամբ՝ կառավարությունը Կենտրոնական բանկի նախագահին առաջարկել էր Հայաստանի Կենտրոնական բանկի սեփականությունը հանդիսացող ընկերության բաժնետոմսերն օտարել «Հայգազարդին»՝ դրանց անվանական արժեքի 25%-ի չափով: Նույն օրն ընդունված երկրորդ որոշմամբ՝ էներգետիկայի նախարարին հանձնարարվել է թույլատրել «Հայգազարդ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող «Նաիրիտ գործարանի» 90%-ը՝ $40 մլն ընդհանուր շուկայական արժեքով, ուղղակի եղանակով վաճառել բրիտանական Rhinoville Property Limited ընկերությանը։
Civilnet











