Հայաստանում կստեղծվի հայրենադարձության ինտեգրման կենտրոն, որը զբաղվելու է հայրենադարձության խնդիրների համակարգմամբ, լուծմամբ։ Կառավարությունը նախատեսում է կենտրոնն ապահովել տարածքով, դրա շրջանակում մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքվելու «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեշն» կորպորացիայի մասնաճյուղի հետ։ Հարցը ներառված է կառավարության փետրվարի 10-ի՝ կառավարության նիստի օրակարգում։
Հայրենադարձության ինտեգրման կենտրոնը տրամադրելու է անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և արևմտահայերեն, խորհրդատվություն և գործնական աջակցություն հայրենադարձներին հետևյալ փաստաթղթավորման, անձնական գույքի և բիզնեսի տեղափոխության, առողջապահական, կրթամշակութային, սոցիալ-տնտեսական, զբաղվածության և աշխատանքի, զինվորական հաշվառման և ծառայության, օրենսդրական, հարկային, բանկային գործարքների և ֆինանսների ոլորտներում։
Կենտրոնի աշխատանքների համար Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից առաջարկվել է չորս տարածք, որոնք, ըստ վարչապետի աշխատակազմի, չեն համապատասխանել արդյունավետ գործունեության պայմաններին։ Վարչապետի աշխատակազմը որոշել է գնումն իրականացնել «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեյշն» կորպորացիայի մանսաճյուղից, որը Երևանի Հանրապետության 37 շենքի նկուղային հարկում գտնվող 309 քմ մակերեսով տարածքը տրամադրելու է անհատույց օգտագործման համար:
Տարածքի ամսական սպասարկման ծախսը կազմելու է 605 000 դրամ։ Տարածքի նախագծման և վերանորոգման ծախսերը կատարվելու են «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեշն» կորպորացիայի մասնաճյուղի կողմից։
Civilnet











