Գլխավոր Լրահոս

Կիսաձայն բողոք

Կիսաձայն բողոք

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում զգուշավոր խոստովանում է, որ Հայաստանում բիզնեսին խոչընդոտող համակարգային խնդիրներ կան:

«Մենք ինքներս` որպես ներքին ներդրողներ, մշտապես բողոքում ենք և երեք հարց ենք բարձրացնում կառավարության առջև` հավասար մրցակցային դաշտ, որ առողջ մրցակցությունն է տնտեսության խթանը, օլիգարխիկ, օլիգոպոլ տնտեսության կազմաքանդում և կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի առաջ բոլորիս հավասարում: Այդ նույն բանն ասում է կառավարությունը, ասում է հանրապետության նախագահը արդեն չորրորդ տարին, և բարեփոխումները սկսված են այդ նպատակով: Ուղղակի բարեփոխումների տեմպը և արդյունքները մեր ցանկություններին և տնտեսության պոտենցիալին մի փոքր չեն համապատասխանում: Բնական է, որ եթե ներքին ներդրողներս այդ մասին խոսում ենք, արտաքին ներդրողների համար դա շատ կարևոր է»,- ասել է Արսեն Ղազարյանը:

Մերձիշխանական տիրույթում գործող կազմակերպության՝  ՀԱԳՄ-ի նախագահի գնահատականները բավական ուշագրավ են: Փաստացի, Ղազարյանը իշխանություններին մեղադրում է բավարար չափով քաղաքական կամք չդրսևորելու մեջ, որովհետև մրցակցային դաշտի ապահովումը, մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարը խնդիրներ են, որոնք կարող են լուծվել միայն քաղաքական հարթությունում և քաղաքական կամքով:

Ինքը՝ Արսեն Ղազարյանը, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության սեփականատերն է, և բնական է, որ զգուշավոր պետք է լինի իր հայտարարություններում՝ հարկայինից անկոչ հյուրեր չունենալու կամ իշխանությունների հետ հավելյալ խնդիրներ չունենալու համար: Սակայն անգամ զգուշավոր քննադատությունը խոսում է այն մասին, որ այդ դժգոհությունը ոչ թե կոնկրետ մեկ անձի դիտարկումներ են, այլ գործարար շրջանակներում տիրող ընդհանուր տրամադրությունների արտացոլում:

Հայտնի է, որ ՀԱԳՄ-ն իր ստեղծման օրվանից երբևէ չի հակադրվել (առնվազն՝ հրապարակային հարթությունում) կառավարության քաղաքականությանը, երբևէ չի քննադատել վարվող քաղաքականությունը և երբևէ չի ունեցել առողջ հրապարակային բանավեճ՝ պաշտպանելու և նպաստելու ընդհանուր բիզնես միջավայրի առողջացմանը:

Գործարարները մասնավոր հանդիպումներում բոլորն էլ դժգոհում են վարվող քաղաքականությունից, անհավասար մրցակցությունից, պետությանը սերտաճած բիզնեսից և շատ այլ բաներից, բայց վախենում են այդ խնդիրները կոնկրետ անուններով ու գերատեսչություններով հասցեագրել, հատկապես, երբ խնդիրը վերաբերում է հարկային և մաքսային ոլորտներին: Թերևս նաև սա է պատճառը, որ Հայաստանում կա այն բիզնես միջավայրը, որը կա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում