Գլխավոր Լրահոս

«Թող չմտածեն, թե հաղթանակած պետություն են, իսկ էստեղ մնացածներս՝ ոչնչություն». Մարտակերտի ղեկավար

«Թող չմտածեն, թե հաղթանակած պետություն են, իսկ էստեղ մնացածներս՝ ոչնչություն». Մարտակերտի ղեկավար

Հայկ Ղազարյան

Փետրվարի 17-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ մարտակերտցիները փակել են դեպի Քարվաճառ շարժվող ադրբեջանական ռազմական շարասյունը: Նույն օրը ՍիվիլՆեթը կապ հաստատեց շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շրջանում: Վերջինս ասաց, որ մանրամասներ կհաղորդի միայն այն դեպքում, եթե գանք Մարտակերտ:   

Փետրվարի 19-ին Ավանեսյանի հետ զրուցել ենք Մարտակերտի սրճարաններից մեկում․ նա չցանկացավ տեսանկահարանվել: 

Զրույցից պարզ դարձավ, որ շարասյունը ամենևին էլ ռազմական չէր, այլ շինանյութեր էր տեղափոխում Քարվաճառ: Բացի այդ, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, սակայն համացանցում ադրբեջանցիների տեսանյութը տարածվել է հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին: Շրջանի երիտասարդները ճամփան փակել էին Մարտակերտ քաղաքի մոտ գտնվող խաչմերուկում, մոտավորապես այն ցուցանակի մոտ, որտեղ մի ճանապարհը դեպի Հաթերք է տանում, մյուսը՝ Մատաղիս: 

Ըստ տարածվող տեղեկության՝ ճանապարհը փակելու հիմնական պատճառը շրջանի դիրքերից մեկում փետրվարի 15-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայողի վիրավորվելն էր:  Սակայն, ինչպես Արսեն Ավանեսյանն է ասում, այդ դեպքը պարզապես համբերության բաժակի վերջին կաթիլն էր: Զինվորի վիրավորվելու օրը հրաձգային զենքերից կրակել են նաև Ճանկաթաղի ուղղությամբ: Ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ կրակում են նաև Նոր Ղազանչի ու Չարեքտար համայնքների վրա: 

«Ճանապարհ փակելու նպատակը հակառակորդի ոչ ադեկվատ պահվածքն է խաղաղ բնակչության նկատմամբ: Շարասյունը Քարվաճառ տեղափոխելու ընթացքում նրանք հաճախ քշում են ավտոների վրա, դաշտերը չեն թույլատրում մշակել՝ կրակի տակ են պահում, վախեցնում են, անասունները իրենց կողմ անցնելուց հետո էլ հետ վերադարձնել չի լինում: Մի խոսքով, ի տարբերություն մեզ՝ նրանք եռակողմ հայտարարությունը չեն պահպանում»,- ասում է Ավանեսյանը: 

Նույն օրը շարասյունը հետ է վերադարձել ելման կետ, իսկ հաջորդ օրը նրանց՝ Քարվաճառ տեղափոխվելուն խոչընդոտ չի եղել: Պայմանն այն էր, որ այսուհետև ադրբեջանական կողմը «իրեն նորմալ է պահելու»: 

«Մոտ երկու ժամ կանգնեցրել ենք շարասյունը: Խաղաղապահները համոզել են, որ դուրս գանք ճանապարհից, չենք համաձայնել: Արդյունքում նրանց վերադարձրել ենք ելման կետ՝ Մատաղիս: Այդ նույն և հաջորդ օրերին պայմանավորվածություն ենք ձեռք բերել ռուս խաղաղապահների և մեր վերադաս իշխանությունների՝ Անվտանգության խորհրդի հետ և այլն: Պայմանն այն էր, որ նման դեպքեր էլ չեն լինելու: Բայց զգուշացրել ենք, որ հանկարծ նման դեպք տեղի ունենա՝ նույն ձև շարասյան ճանապարհը փակելու ենք», - պատմում է շրջվարչակազմի ղեկավարը:  

Միջնորդություն անող ռուս խաղաղապահների հետ անձամբ բանակցում էր Ավանեսյանը: Նա ասում է՝ «թող չմտածեն, թե հաղթանակած բանակ ու պետություն են, իսկ էստեղ մնացածներս՝ ոչնչություն»։ 
Շրջանի ամենաողբերգական դեպքը տեղի էր ունեցել 2021-ի հոկտեմբերի 9-ին, երբ գյուղատնտեսական աշխատանքներ անող տրակտորիստ Արամ Տեփանցին ադրբեջանցի դիպուկահարը սպանել էր խաղաղապահների ներկայությամբ: Այդ դեպքից հետո շատ հողագործներ չեն ցանկանում աշխատել դաշտերում: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում