Գլխավոր Լրահոս

Ապահանրապետականացում

Ապահանրապետականացում

Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմում է գրել ՀՀԿ-ից դուրս գալու մասին: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մասամբ հերքեց այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ ՀՀԿ-ն ներկայում Վարդան Ղուկասյանից կուսակցությունից դուրս գալու դիմում չի ստացել: 

Հավանական է, որ Վարդան Ղուկասյանը մեծ ցանկություն ունի ՀՀԿ-ն լքելու և դիմում իրականում գրել է: Սակայն այդ փաստը այժմ փորձում են թաքցնել: Գյումրիի քաղաքապետը նախքան հանրապետականացվելը քանիցս հայտարարել էր, որ ինքը կուսակցականացվել չի ցանկանում, սակայն այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց սեփական դիմումի համաձայն համալրեց ՀՀԿ-ի շարքերը: Ըստ երևույթին՝ Վարդան Ղուկասյանը հանրապետականցվել է կամավոր-պարտադիր սկզբունքով:

Երբ «հարազատ» ՀՀԿ-ն այլևս նրան չցանկացավ տեսնել քաղաքապետի պաշտոնում, բնականաբար Վարդան Ղուկասյանի համար հարմար պահ էր աղմուկ անելու: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե արդյոք Վարդան Ղուկասյանին կհաջողվի՞ հաղթած դուրս գալ ՀՀԿ-ի հետ սկսած հակամարտությունից: Եթե լուրջ մտածելուց հետո Վարդան Ղուկասյանը գնում է կենտրոնական իշխանությունների հետ հարաբերությունների սրման, ապա նպատակը պետք է լինի ի հեճուկս ՀՀԿ-ի առաջադրվել ու փորձել հաղթել Սամվել Բալասանյանին:

Գյումրիից ստացվող տեղեկությունների համաձայն՝ գյումրեցիների շրջանում ստորագրահավաք է սկսվել Վարդան Ղուկասյանին կրկին քաղաքապետ առաջադրելու համար: Բացի այդ, նույն թեմայով Ղուկասյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում որոշ ՀԿ-ների հետ: Այսինքն՝ քաղաքապետը գնում է «վա բանկ», քանի որ պարտվելու դեպքում (ինչը խիստ հավանական է), կորցնելու է ամեն ինչ: Այդ քայլին դիմելու համար պետք է լուրջ դրդապատճառներ ունենալ, որոնցից առաջինը հասարակական մեծ աջակցությունն է: Այդ մեկը Վարդան Ղուկասյանը հազիվ թե ունենա: Առավել հավանական է, որ այժմ քաղաքապետը խոսում է շանտաժի լեզվով և փաստի առաջ է կանգնեցնում իշխող կուսակցությանը: Խնդիրն այն է, թե արդյոք ՀՀԿ-ն կընդունի՞ Ղուկասյանի նետած ձեռնոցը:

Առաջին հայացքից այդ ձեռնոցը վերցված է, և հանրապետականները սկսել են փոխադարձ հարվածներ հասցնել: ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը այսօր կրկին խիստ քննադատության է ենթարկել Վարդան Ղուակսյանին: Նա մասնավորապես ասել է. «Ինքը սկի իրան պետք չի, նա ո՞նց կարա հանրապետականին պետք գա… Ինքը հանրապետականի համար երբեք էլ լուրջ ռեսուրս չի եղել ձեր նշած իմաստով, երբեք: Ինքը ՀՀԿ-ի մարզային խորհրդի նախագահն էր ու երբեք կուսակցաշինությամբ չի զբաղվել»: Այս հայտարարությունը կարելի է համարել նախնական հարված, իսկ եթե որոշում կայացվի խորտակել Վարդան Ղուկասյանին, ապա շատ հետաքրքիր փոխհրաձգության ենք ականատես լինելու:

Մյուս կողմից՝ Վարդան Ղուկասյանի ակտիվությունը կարող է պայմանավորված լինել նրա հուզական հոգեվիճակով: Սակայն հազիվ թե անցյալի սեփական բեռը նրան թույլ տա շատ առաջ գնալ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում