Գլխավոր Լրահոս

Վրաստանի վարչապետը բացատրել է, թե ինչու չի միանում հակառուսական պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետը բացատրել է, թե ինչու չի միանում հակառուսական պատժամիջոցներին

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխող կուսակցությունը անցյալ շաբաթվանից մրցակից քաղաքական գործիչներին մեղադրում է Վրաստան ռուսական ռազմական ներխուժման ձգտելու մեջ, ինչպես դա եղավ «ինչպես 2008-ին»:

Ուրբաթ կառավարության նիստին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղադրել է ընդդիմադիր խմբերին՝ նրանց անվանելով «մարգինալ-ավերիչ» և «արմատական»։

«Ես վստահ եմ՝ նրանք շատ հիասթափված են, որ այսօր այստեղ պատերազմ չկա։ Որևէ մեկը մտածե՞լ է, թե որտեղ կլինեինք, եթե [Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ] Սաակաշվիլին իշխանության ղեկին լիներ։ Պատերազմը սկզբում կսկսվեր Թբիլիսիում, հետո՝ Կիևում»։

Թեև Վրաստանում հանրային տրամադրությունները խիստ քննադատական Ռուսաստանի նկատմամբ՝ 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում պատերազմի բռնկումից հետո Վրաստան ներխուժման համար, հարցը, թե արդյոք Վրաստանի իշխանություններն ամեն ինչ արե՞լ են դա կանխելու համար, մնում է վիճելի և խիստ բևեռացված:

Ղարիբաշվիլին այսօր կրկնել է իր կուսակցության կողմից նախկին կառավարության դեմ (որին նրանք փոխարինեցին 2012-ին) մշտապես հնչեցված տեսակետը․

«Մեզ քաջածանոթ է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում։ Մենք դա զգացել ենք շատ ավելի վաղ՝ 2008-ին: Շատ ցավալի է, որ արմատական ընդդիմությունը ուրախ է ուկրաինական պատերազմով [...] Պետք է ուղղակիորեն ասել՝ նրանց նպատակն է, որ նույն աղետը տեղի ունենա Վրաստանում, ինչպես 2008-ի աղետը, որը չկարողացան կանխել իրենց ժողովրդի և երկրի համար։ 

Մեղադրանքներն անհասցե «ընդդիմության» դեմ հնչեցին այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբերի մեծ մասը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, քննադատեցին Ղարիբաշվիլիին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում այլ երկրներին չմիանալու և Վրաստանի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար չփակելու համար, ինչպես դա արել է Եվրոպայի մեծ մասը:

Ղարիբաշվիլին երկուշաբթի հանրությանը հիշեցրեց, որ Վրաստանը մեծապես կախված է Ռուսաստանից՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանման, ռուս զբոսաշրջիկներից ստացվող եկամուտների և Ռուսաստանում ապրող «մեկ միլիոն վրացիներից» դրամական փոխանցումների առումով։

«Ուրեմն ի՞նչ են նրանք խնդրում ինձնից։ Պատժամիջոցներ կիրառել սեփական ժողովրդի դե՞մ»,- հարցադրում է արել Ղարիբաշվիլին կառավարության նիստին։

Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում և Ղարիբաշվիլիի բառամթերքն այս հարցում, հատկապես փետրվարի 25-ին՝ Վրաստանի խորհրդային օկուպացիայի հիշատակի օրը, խթանել են Ուկրաինա ներխուժման դեմ ամենօրյա բողոքի ցույցերը Թբիլիսիում:

Քաղաքացիական ակտիվիստների մի քանի խմբեր, որոնցից առավել հայտնի է «Ամոթի շարժումը», հանդես են եկել Ռուսաստանի դեմ «ժողովրդական պատժամիջոցների» օգտին, այդ թվում՝ կոչ անելով վրացիներին ձեռնպահ մնալ ռուսական ապրանքներ գնելուց: Իրենց կառավարության արձագանքից հիասթափված վրացիները պահանջում են նաև սահմանափակել «ռուսական քարոզչությունը» Վրաստանում։

«Խոսեք ռուսական քարոզչական լրատվամիջոցների արգելափակման մասին. Ղարիբաշվիլին Վրաստանում Կրեմլի գլխավոր քարոզիչն է, և առաջին հերթին նրան պետք է արգելել խոսել երկրի անունից»,- կոչերին ի պատասխան ասել է  ամենամեծ ընդդիմադիր խմբի՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան։

Երկուշաբթի իր ելույթում Ղարիբաշվիլին վերստին անդրադարձել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ «Եվրոպայում՝ Եվրոպայի ամենամեծ պետությունում, մեծ պատերազմ է ընթանում։ Ուկրաինայի մայրաքաղաքը ռմբակոծվում է, և դա կանգնեցնող չկա, և եկեք պարզ ասենք, որ պատժամիջոցներն արդյունավետ չեն»:

Ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» հրամանից ժամեր առաջ, Ղարիբաշվիլին քննադատել էր Ուկրաինային զենքի մատակարարումը՝  նշելով, որ «Ամերիկան այդ ուղղությամբ ամենամեծ դոնորն է և ամենամեծ ներդրումն է ունեցել»։

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան իր ֆեյսբության էջում վրդովմունք է հայտնել վարչապետի հռետորաբանությունից․ «Ոչ ոք ձեզ չի խնդրում դառնալ Զելենսկի։ Պարզապես լռի՛ր։ Մի՛ խայտառակիր մեզ»։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում