Պետական եկամուտների կոմիտեի կողմից եռամսյակային կտրվածքով հրապարակվող «ՀՀ արտաքին առևտուրը, երկիր-ապրանք» աղյուսակից երևում է, որ այս տարի Հայաստան ներկրված 1000 խմ ռուսական բնական գազի մաքսային արժեքը կազմել է $219։
Նշենք, որ ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ Ռուսաստանից անցած տարի Հայաստան ներկրված 1000 խմ գազի միջին մաքսային արժեքը կազմել է $198։ Սա այն դեպքում, երբ անցած հուլիսին էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում էր, որ գազի գինը չի փոխվել, չի փոխվելու մինչև 2012թ. ապրիլ, և կազմում է $180։
«ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը ՍիվիլՆեթի հարցին, թե ինչ գնով է Հայաստանը ներկայում ձեռք բերում ռուսական գազը, նշեց. «Որքանով ես տեղյակ եմ, սահմանին գազի գնի փոփոխություն չի եղել, և այն ձեռք է բերվում $180-ով»։ Դիտարկմանը, թե ՊԵԿ-ի տվյալներով այս տարվա առաջին կիսամյակում գազի մաքսային արժեքը կազմել է $219, Սարդարյանն ասաց. «Ես իրավասու չեմ մեկնաբանել ՊԵԿ-ի կողմից հրապարակվող տվյալները»։
Նշենք, որ հուլիսի 12-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, թե Հայաստանին մատակարարվող ռուսական բնական գազի գնի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցություններ են վարվում, դրանք շուտով կավարտվեն։ Նախարարը, այդուհանդերձ, հրաժարվեց մեկնաբանել, թե թանկանալու է արդյոք Հայաստան մատակարարվող գազը, թե ոչ։
ՍիվիլՆեթի աղբյուրները պնդում են սակայն, որ Հայաստանը հուլիսից 1000 խմ ռուսական գազը ձեռք է բերում $240-ով։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական թանկը գազը մինչև 2013թ. նախագահական ընտրությունները սուբսիդավորելու է կառավարությունը՝ «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» իր 20% բաժնեմասից 10%-ը։ Արդյունքում «Գազպրոմի» մասնաբաժինը ընկերությունում կհասնի 90%-ի։
Հիշեցնենք, որ ըստ «Գազպրոմէքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» միջև 2008թ. հուլիսի 2-ին ստորագրված պայմանագրի՝ յուրաքանչյուր տարի կողմերը պատրաստում և ստորագրում են պայմանագրի լրացում, որում և ամրագրվում է գազի տվյալ տարվա գինը։ Գազի գնի հաշվարկման հիմքում դրվում է նախորդող ինն ամիսներին եվրոպական երկրների գազի միջին գինը, նավթամթերքի գները, ինչպես նաև տվյալ երկրի համար սահմանված ճշգրտման գործակիցը։
Civilnet











