Զայրույթի փոխարեն զվարճանք

Առայժմ միայն լրատվամիջոցներով, Վարդան Ղուկասյան – Աշոտ Աղաբաբյան փոխհրաձգությունը ի ցույց է դնում գոյություն ունեցող քաղաքական և հատկապես իշխանական էլիտայի նեխածությունն ու դեգրադացիան: Այս երկու «քաղաքական» գործիչների վիճելու կամ հարաբերվելու լեզուն և բառապաշարը հարիր է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում երկար ժամանակ անցկացրած ու հանցագործ հարուստ անցյալ ունեցող քրեական տարրերին: Սակայն եթե քրեականների հաղորդակցվելու հռետորաբանությունն ու մակարդակը ոչ ոքի չի զարմացնում (քրեական աշխարհն ունի իր ավանդույթներն ու բառապաշարը), ապա Վարդան Ղուկասյանի ու Աշոտ Աղաբաբյանի մակարդակը պետք է, որ հասարակական զայրույթ առաջացներ: Իրականում, սակայն, զայրույթի փոխարեն այդ երկու գործիչները հասարակական զվարճանքի առարկա են դարձել:
Քաղաքակիրթ որևէ երկրում իշխող կուսակցության ներկայացուցչի և երկրի երկրորդ քաղաքի ղեկավարի կիսաքրեական պահվածքը կարող էր հասարակական լուրջ դժգոհություն առաջացնել և ունենալ անգամ իրավական հետևանքներ: Նրանք, մեծ հաշվով, իշխանությունների դեմքն են, էությունն ու բովանդակությունը: Նրանք իրենց տեսակով եզակի չեն իշխանական համակարգում: Այդ տեսակը գերիշխում է իշխանության բոլոր օղակներում՝ վերից վար:
Ղուկասյանի և Աղաբաբյանի «երկխոսությունից» կրկին ակնհայտ երևում է, որ կարևոր խնդիրները լուծվում են ոչ թե քաղաքական քննարկումների, այլ ներկլանային «բազարների» միջոցով: Պետականության հիմքերը սկսում են վտանգվել այն ժամանակ, երբ ժողովրդի «ընտրյալ» են դառնում ոչ թե ժողովրդի կամարտահայտության, այլ Վարդանիկի, Բուռնաշի ու Ռոյի միջև «ռազբորկաների» արդյունքում: Անշուշտ, այս դեպքը եզակի չէ, և խորհրդարանի ներկայիս կազմի մեծամասնությունը ներկլանային «բազարների» հետևանք է:
Վարդան Ղուկասյանի և Աշոտ Աղաբաբյանի դուելը ցույց է տալիս, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե անձերով արտահայտված իշխանափոխություն, այլ համակարգափոխություն:
Civilnet










