Գլխավոր Լրահոս

Աջարիայի ղեկավարը կեղծ տվյալներ է ներառել ռեզյումեում

Աջարիայի ղեկավարը կեղծ տվյալներ է ներառել ռեզյումեում

Թաթա Շոշիաշվիլի, OC Media  

Կիևի համալսարանը հրապարակավ մեղադրել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավարին՝ պնդելով, որ նա դուրս է մնացել դոկտորական ծրագրից, թեև Աջարիայի կառավարության պաշտոնական կայքում նրա կենսագրությունում հակառակն է ասվում։

Կիևի համալսարանն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ Թոռնիկե Ռիժվաձեն, որը նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, հրաժարվել է  Ռուսաստանին մեղադրել Ուկրաինա ներխուժելու համար:  

Երկուշաբթի «Փիրվելի» հեռուստաընկերությունը Ռիժվաձեին հարցրել էր, թե ով է իր կարծիքով սկսել պատերազմն Ուկրաինայում, ինչին Աջարիայի ղեկավարը պատասխանել էր, թե «պետք է ոլորտի փորձագետներին հարցնել»։ «Ուկրաինացիներին մաղթում եմ, որ այս պատերազմը շատ շուտ ավարտվի»,- ասել էր նա։

Հաջորդ օրը «Միրոտվորեց»-ը, որը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ Կիևում տեղակայված կազմակերպություն է և հրապարակում է տեղեկատվություն, որպեսզի  մատնացույց անի այն անձանց, որոնց համարում է ռուսամետ, հայտարարեց, որ Ռիժվաձեն ռուսների ռազմական հանցագործների աջակից է, ժխտում է Ուկրաինա ներխուժումը և Ուկրաինայի դեմ մարդասիրական իրավունքները խախտող ագրեսիվ գործողությունների մասնակից է։ Կազմակերպությունը նաև իրավապահ մարմիններին խնդրեց արձագանքել իր պնդումներին։

Ռիժվաձեն խիստ քննադատության է ենթարկվել վրացական ընդդիմադիր խմբերի կողմից, ոմանք նրան անվանել են «համր» և մեղադրել «դավաճանական հայտարարություններ» անելու մեջ։

«Չի սիրահարվել Ուկրաինային»

Ռիժվաձեի շուրջ սկանդալը սրվեց, երբ Կիևի համալսարանը, ուր նա ուսանել էր, հայտարարեց, որ վերջինս համալսարանից դոկտորական կոչում չի ստացել։

«2015-ին նա ընդունվել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան, իսկ 2017-ին նա հեռացվել է սեփական ցանկությամբ՝ ընտանեկան հանգամանքների պատճառով,- ասվում է հայտարարությունում,- Այսպիսով՝ ուսումնառության այս շրջանը չի ավարտվել գիտական աստիճան և որակավորում ստանալով, քանի որ ուսումն ընդհատվել է»։

«Շատ ենք ցավում, որ նա՝ որպես մեր նախկին ուսանող, չի սիրահարվել Ուկրաինային»,- ասվում էր համալսարանի տարածած հայտարարությունում։ 

Աջարիայի կառավարության պաշտոնական կայքում տեղադրված կենսագրությունում, սակայն, նշված է, որ Ռիժվաձեն դեռ շարունակում է ուսումը էներգետիկայի ոլորտում իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում ստանալու նպատակով:

Համալսարանի հայտարարությունից հետո Ռիժվաձեն հակադարձեց՝ ասելով, թե վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է կանգնած Կիևի համալսարանի հայտարարության հետևում:

«Քաղաքական նեղ շահեր սպասարկող մի շարք լրատվամիջոցներ, կեղծ հայրենասիրական քաղաքական ուժեր և «Միացյալ ազգային շարժման» կամակատար կազմակերպությունները […] ժամանակ գտան խեղաթյուրելու արտաքին քաղաքականության հարցերում իմ հայացքներն ու իմ ակադեմիական կենսագրությունը»,- գրել էր նա Facebook-ում։

Աջարիայի ղեկավարը նաև ասել է, որ «Փիրվելի» հեռուստաընկերության տված հարցը «հռետորական և սադրիչ» էր՝ պնդելով, որ Կիևում ուսանելու ժամանակ ինքն ստիպված է եղել կամավոր կերպով ակադեմիական արձակուրդ վերցնել իր թեկնածուական աշխատության խորհրդատուի մահվանից հետո և «ընտանեկան ու աշխատանքային հանգամանքների պատճառով»։

Ռիժվաձեի հետ վեճը վերջինն է Վրաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև վեճերի շարքից, որն սկիզբ է առել Ուկրաինա ռուսական ներխուժմանը Վրաստանի արձագանքի հետևանքով։

Վրաստանում զայրույթի մեծ ալիք է տարածվել՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը Վրաստանի կառավարության արձագանքի հետ: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Մարտի 1-ին Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին, ինչպես նախագահ Զելենսկին է նշել, Վրաստանի կառավարության «անբարոյական դիրքորոշման» համար:

Վրացի պաշտոնյաները բազմիցս փորձել են շեղել ներքին զայրույթը Ուկրաինայի հարցում իրենց դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով, թե «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ազդեցություն ունի Ուկրաինայի կառավարության որոշումների վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում