Գլխավոր Լրահոս

Քաղքենին և օրենքը

Հայտնի է, որ ԱԺ պատգամավորը գործ ունի օրենքի հետ՝ գրում է օրենքը կամ հարթում արդեն գրված օրենքի բացերը։ Այսօրվա ՀՀԿ խմբակցությունն իր կազմում գրեթե օրենք գրող չունի: ՀԱԿ-ում 5 հոգի կարող են գրել, ԲՀԿ-ի՝ մոտ կեսը, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի բոլոր պատգամավորները։ ԱԺ-ում ՀՀԿ-ն վճռորոշ մեծամասնություն է, ինքն իրեն կարող է թույլ տալ անգրագետ լինելու շռայլությունը. օրենքն ուղնուծուծով ընկալողներն այդ խմբակցությունում 2-3 հոգի են, այսինքն՝ խելքի տեսանկյունից ջախջախիչ փոքրամասնություն են։ Խմբակցության անդամների 95 տոկոսը կոճակ է։ Հնարավոր չէ, որ 5 տարի 2-3 հոգի տքնաջան օրենք գրեն և վատ չզգան, որ աշխատում են մնացածի փոխարեն։

Միջազգային կառույցները, որ հավանություն են տվել վերջին ընտրություններին, գերազանց գիտեն, թե ինչին են հավանություն տվել։ Նրանք գիտեն, որ իրենից ոչինչ չներկայացնող երկրում ջախջախիչ փոքրամասնությունը՝ որպես իշխող մեծամասնություն, հնազանդություն և ստրկամտություն կորզելու իրենց արեալն է։ Միայն այդպիսի երկրներում իրենք կարող են թելադրող դիրքեր ունենալ։ Այդպիսի երկրներում իրենք մատների վրա կարող են խաղացնել ոչ թե գեներալ Մանվելին կամ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, այլև առանց սրանց յոլա չգնացող Սերժ Սարգսյանին և օրենքներ գրող Դավիթ Հարությունյանին։ Նրանք գիտեն, որ առանց գեներալ Մանվելի Սերժ Սարգսյանը կլիներ ռեալ ուժ և լեգիտիմ նախագահ, ահա ինչու խրախուսում են հենց գեներալ Մանվելի և օլիգարխ Սամվելի մուտքը խորհրդարան։ Նրանք գիտեն, որ եթե Հայաստան երկրին շտապ օրենք է պետք, նա այդ օրենքն ԱԺ-ից չի մուրում, այլ՝ կառավարությունից կամ միջազգային կազմակերպություններից։

Եվ նրանք գիտեն, որ Հայաստան ասվածն իրենցով անելու նրանց խաղադրույքը գեներալ Մանվելն է, երգչիստ Շուշանը և մի ամբողջ Գալուստ Սահակյան։ Այսինքն, երբ սրանց բոլորին դարձնում ես պատգամավոր, էն գլխից հայտնի է, որ նրանք քաղաքական գործիչ չեն լինելու։ Հետևաբար, պետք է նախ խոստովանել, որ երկրի գլխավոր փորձանքը Մանվելը, Շուշանը, Գալուստը կամ Սամվելը չեն, այլ՝ ես։ Որովհետև ես գիտեմ, որ մեր Ազգային ժողովը ձևված է ուրիշի մենթալիտետով և հանցավոր նպատակներով։ Ես գիտեմ, որ ավելի վատ է լինելու, որ առաջիկա հինգ տարիներին, Հայաստան ասվածը փախչելու է մեկնարկային տարածք։

Հայաստանում իշխանությունը քաղքենիներինն է։ Ովքե՞ր են քաղքենիները։ Քաղքենին պահպանողականն է, որը օղի խմելիս կհայհոյի, եթե հայհոյեն բոլորը, և կլռի, եթե լռեն բոլորը։ Քաղքենին նախաձեռնող չէ, նա պոչ է։ Ինքը շարժման զգացում չունի, բայց շարժվում է միշտ, ինչպես պոչն են շարժում ճանճեր քշելիս կամ տիրոջ ձեռքի միսը տեսնելիս։ Քաղքենու դրսևորման առաջին ազդակը հարմարավետությունն է։ Նրա հիշողությունը հարմարեցված է հարմարավետությանը։ Նա այլևս չի մոռանա այդ օրը, երբ իրեն լավ է զգացել։ Քաղքենին անտանելի է ընտանիքում, որտեղ ոչ ոք դպրոց չի գնացել, բայց փորձանք է պետության մեջ, որտեղ կրթությունը խրախուսվում է։ Ահա ուրեմն, երկրում, որտեղ քաղքենիությունը իշխանություն է ունենում, որևէ գաղափարախոսություն չի կարող աշխատել։ Ավելի ճիշտ, սարսափելի է, երբ ամենալավ գաղափարի թիկունքում թաքնված է քաղքենին։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար ՀՀԿ-ի թիկունքում նժդեհականությունն է, որը նույնիսկ Նժդեհին լավ օրի չի հասցրել, եթե միայն ինքը տեղյակ լիներ, որ իր անունով գաղափարախոսության ներկայացուցիչն է։ Քաղքենին չի կարող օրենք գրել, որովհետև ոչ ոք չի գրում, բայց նա կարող է իր անունը դնել ուրիշի ձեռքով գրված օրենքի տակ, որովհետև օրենք գրողը նույնպես ուզում է կրծել հարմարավետության հացը։

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում