Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը շարունակում է անորոշ պատասխաններ տալ Հայաստան առաքվող ռուսական գազի գնի և «Գազպրոմի» հետ ստորագրած նոր փաստաթղթի վերաբերյալ։ Նախարարությունում պնդում են, որ գազի գնի վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվել, այնինչ «Գազպրոմը» ՍիվիլՆեթին տեղեկացրել է, որ ստորագրվել է այս տարվա մայիսին։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը ՍիվիլՆեթի հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ըստ «Գազպրոմի»՝ Հայաստան առաքվող գազի գնի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է այս տարվա մայիսին, այնինչ նախարար Արմեն Մովսիսյանը հուլիսի 12-ին հայտարարում էր, թե գազի գնի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են և դրանք շուտով կավարտվեն, ասաց, թե չգիտի՝ ինչով է պայմանվորված այդ հակասությունը: «Երբ որևէ հստակ բան որոշվի գազի գնի հետ կապված, մենք պաշտոնապես կտեղեկացնենք»,- նշեց նա` հավելելով, որ այս պահին դեռ բանակցություններ են ընթանում:
Հարցին, թե Հայաստանը ի վերջո ի՞նչ գնով է ձեռք բերում ռուսական գազը, եթե հաշվի առնենք որ Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը կազմել է $219, Հարությունյանը նշեց, որ Հայաստանը գազ ձեռք է բերում այն գնով, ինչ հայտարարվել է՝ $180։ «Ավելի մանրամասն տեղեկությունների համար նամակով դիմեք նախարարին»,- ասաց նա։
Գազի գնի վերաբերյալ հայկական կողմի գաղտնիությունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը ցանկանում է Հայաստան առաքվող գազի թանկացման իրողությունը գաղտնի պահել մինչև 2013թ. նախագահական ընտրություններ։ Նշենք, որ գործադիրը պատրաստվում է գազի ձեռքբերման գների տարբերությունը վճարել սեփական միջոցներով։ ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը գազի գնի բարձրացումը փոխհատուցելու է «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» իր 20% բաժնետոմսերի 10%-ը։ Գործարքը թույլ կտա անփոփոխ պահել սակագները ներքին շուկայում։
Civilnet











