Գլխավոր Լրահոս

Խոշորները թաքցնում են ուղղակի հարկերը

Խոշորները թաքցնում են ուղղակի հարկերը

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 261,9 մլրդ դրամի հարկեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 29,4 մլրդ-ով կամ 12,6%-ով։

Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «2012թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծությունների» ցանկից երևում է, որ խոշոր հարկատուներին բաժին է ընկել այս հունվար-հունիսին պետբյուջե վճարած հարկերի 81%-ը։ Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին կիսամյակում ցուցանիշը 76,4% էր։

Ուշագրավ է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալի աճն ավելի մեծ է եղել, քան պետբյուջեի հարկային եկամուտների աճը (առաջին կիսամյակում պետբյուջե հարկային մուտքերի ծավալն աճել է 6,2%-ով)։ Խոշորների կողմից վճարած հարկերի աճի առաջանցիկ տեմպը ցույց է տալիս, որ նրանք որոշակիորեն, մասնավորապես՝ անուղղակի հարկերի մասով, բերվել են հարկային դաշտ։ Բացի այդ՝ վճարած հարկերի ծավալի աճին նպաստել է այս տարի մի շարք ապրանքատեսակների մասով հարկադրույքների բարձրացումը։

Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին (եկամտահարկ, շահութահարկ), որոնք բնութագրում են խոշոր հարկատուների գործունեությունը՝ ապա անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս հարկատեսակներով հավաքագրումների ծավալն աճել է 6%-ով՝ կազմելով 69,6 մլրդ։ Համեմատության համար նշենք, որ պետբյուջե մուտքագրված ուղղակի հարկերի ծավալն ընդհանուր առմամբ աճել է 11,1%-ով։

Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների կողմից վճարած ուղղակի հարկերի մասնաբաժինը վճարած հարկերում կազմել է 26,6% (պետբյուջե ընդհանուր հարկային մուտքերում ուղղակի հարկերի ծավալը կազմել է 32,3%)։ Անցած տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկ վճարողների հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմում էր 28,1%, այն դեպքում, երբ պետբյուջե մուտքագրված հարկերի ծավալում ուղղակի հարկերի մասնաբաժինը 30,8% էր։

Ստացվում է, որ թեև խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ծավալն աճում է, նրանք այդուհանդերձ «ծանրաբեռնված» չեն ուղղակի հարկերով։ Մյուս հարկատուների մոտ, որոնք ապահովել են պետբյուջեի հարկային մուտքերի 19%-ը, վճարած հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժին ավելի մեծ եղել, քան խոշոր հարկատուների մոտ։

Նշենք, որ առաջին 300 խոշոր հարկատուների մոտ (բաժին է ընկնում պետբյուջեի հարկային մուտքերի 66%-ը) վճարած հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 26,4% (անցած տարվա առաջին կիսամյակում ցուցանիշը 28% էր)։ Ստացվում է, որ թեև անցած տարվա համեմատ 300 խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ծավալն աճել է 13%-ով՝ կազմելով 213,5 մլրդ, աճը գրեթե ամբողջովին եղել է անուղղակի հարկերի հաշվին։

Հիշեցնենք՝ անուղղակի հարկերը ի վերջո վճարում է վերջնական սպառողը, այնինչ ուղղակի հարկերը՝ տնտեսավարողները։ Թեև ստվերի դեմ պայքարի մասին կառավարության հայտարարությունների՝ միջոցառումներն իրականում չեն տարածվել 300 խոշոր հարկատուների վրա։ Վերջիններիս թվում, ի դեպ, մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ են։

Թոփ 10

Այս տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականը գլխավորել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ վճարելով 18,2 մլրդ դրամի հարկեր (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճը՝ 44,3% կամ 5,5 մլրդ)։

Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ վճարած 11,35 մլրդ դրամ հարկերով։ Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ այս ընկերության գործերը «վատացել» են, քանի որ վճարած հարկերի ծավալը նվազել է 1,4 մլրդ-ով կամ 11%-ով։

Երրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ վճարած 9,3 մլրդ դրամ հարկերով (անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճը՝ 13,4% կամ 1,1 մլրդ)։ Այս ընկերությունը, ինչպես և նախկինում, չի փայլել վճարած ուղղակի հարկերով. այս տարվա առաջին կիսամյակում ընդհանուր վճարած հարկերում ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 5,1%։ Ուշագրավ է, որ թեև ընկերության վճարած հարկերի ընդհանուր ծավալն այս տարի աճել է, ուղղակի հարկերի ծավալը նվազել է 1,5%-ով՝ կազմելով 478 մլն դրամ։

Խոշոր հարկատուների ցանկի չորորդ հորիզոնականում է «Ղ-Տելեկոմը»՝ վճարած 7,25 մլրդ դրամով (նախորդ տարվա վեց ամիսների համեմատ վճարած հարկերի ծավալն աճել է 2,5 մլրդ-ով կամ 53%-ով)։ Հինգերորդ տեղում «ԱրմենՏելն» է՝ վճարած 6 մլրդ դրամով (ծավալը կրճատվել է 0,8 մլրդ-ով կամ 11,7%-ով)։

Հարկատուների ցանկում վեցերորդ տեղում է բենզինի և դիզվառելիքի շուկայի խոշոր խաղորդ «Ֆլեշ» ընկերությունը՝ վճարած 5 մլրդ դրամով (աճը՝ 0,4 մլրդ կամ 8,7%)։

Յոթերորդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն» է՝ վճարած 4,6 մլրդ դրամ հարկերով (անցած տարվա վեց ամիսների համեմատ ծավալը կրճատվել է 0,3 մլրդ-ով կամ 6,1%-ով)։

Ցանկի ութերորդ տեղում է բենզինի և դիզվառելիքի շուկայի մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Սիթի պետրոլ գրուպ»-ը՝ վճարած 4,15 մլրդ դրամ հարկերով (կրճատվել է 0,7 մլրդ-ով կամ 14,4%-ով)։

Հանքարդյունաբերական «Դինո գոլդ մայնինգ» ընկերությունը վճարած 3,86 մլրդ դրամով (աճը՝ 1,8 մլրդ կամ 90%) զբաղեցրել է իններորդ տեղը։

Տասնյակը եզրափակել է Հայկական ատոմակայանը՝ վճարելով 3 մլրդ դրամի հարկեր (աճը՝ 1 մլրդ-ով կամ 50%-ով)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում