Գլխավոր Լրահոս

Սիրիական տագնապը և սիրիահայությունը

Մայր գաղութներից մեկի՝ Հալեպի հայապարպումը, ամենալուրջ հարվածներից ու անդառնալի կորուստներից մեկը կարող է լինել համայն Սփյուռքի համար: Հիմնականում Հայոց ցեղասպանությունից հետո ձևավորված այս կարևորագույն գաղութը անցնող գրեթե հարյուր տարիների ընթացքում աշխարհասփյուռ հայությունը սնել է հոգևորականներով, բժիշկներով, ուսուցիչներով, ազգային գործիչներով: Իրավամբ, հալեպահայությունը անցնող տասնամյակներում եղել է հայկականության պահպանման շտեմարան:

Այսօր, ցավալիորեն, հալեպահայությունը և Սիրիայի շուրջ 60 հազարանոց հայկական գաղութը ընդհանրապես, ապրում է իր ամենածանր օրերը Հայոց ցեղասպանությունից հետո: Այսպես կոչված «արաբական գարունը» այսօր շրջապատել է Սիրիան: Արևմուտքը, անկասկած, անելու է հնարավորը, որպեսզի Սիրիայում վերջ տրվի Ասադների շուրջ կեսդարյա մենատիրությանը: Որքա՞ն է դեռ շարունակվելու ներքաղաքական պատերազմը Սիրիայում, արդյո՞ք նախագահ Բաշար Ասադը պատրաստվում է մինչև վերջ պայքարել, վարչակարգի տապալման դեպքում ո՞վ կամ ովքե՞ր են իշխանության գալու Սիրիայում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները միանշանակ չեն:

Իրականությունն այն է, որ այս օրերին սիրիական ընդդիմությունը Թուրքիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի (Միացյալ Նահանգներ, Եվրամիության առաջատար երկրներ) ռազմական, ֆինանսական և քաղաքական-դիվանագիտական օգնությամբ փորձում է վերահսկողության տակ վերցնել Հալեպը և նահանգը՝ ամուր ոտքի տեղ ունենալու Ասադի կառավարական ուժերի դեմ հետագա պայքարելու շարունակելու համար: Եվ առաջիկայում հենց Հալեպն ու շրջակայքն է դառնալու իշխանություն-ընդդիմություն զինված արյունալի պայքարի թատերաբեմը:

Ահա այս պայմաններում է, որ հալեպահայությունն ու սիրիահայությունը ընդհանրապես պիտի կայացնեն իրենց կյանքի ճակատագրական որոշումը՝ մտքում անընդհատ ունենալով նույն անպատասխան հարցը՝ «Ի՞նչ անել, ո՞ւր գնալ»:

Հեշտ է ասել՝ դռները կողպեք ու հեռացեք Հալեպից ու Դեր Զորից, Ղամշլիից ու Քեսաբից, Լաթաքիայից ու Դամասկոսից: Իսկ ո՞ւմ թողնել մեր եկեղեցիներն ու վանքերը, մեր դպրոցներն ու ակումբները, հայկական մյուս կազմակերպություններն ու միությունները:

Որքան էլ վտանգավոր ու անտանելի լինի՝ սիրիահայությունը պետք է փորձի գտնել իր տներում մնալու ձևը, եղանակը, միջոցները: Այդ մարդկանց համար Սիրիան՝ անկախ վարչակարգից, նախ և առաջ հայրենիք է: Որքան շուտ հանգուցալուծում ունենա սիրիական տագնապը, այնքան նպաստավոր կլինի հայության համար: Որքան քիչ հայեր լքեն Սիրիան, այնքան կշահի Սփյուռքը:

Սիրիահայության ջլատման և արտագաղթի դեպքում առաջիկա տարիներին և տասնամյակներին հայությունը հոգևորականության, հայոց լեզվի ու պատմության և հայապահպանության համար կարևոր այլ մարդկանց սուր պակաս է զգալու Հարավային Ամերիկայում ու Ավստրալիայում, Միացյալ Նահանգներում ու Կանադայում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում: Սիրիահայության ջլատման դեպքում տկարանալու է նաև հայկական պահանջատիրության ոգին: Առաջինը հենց Թուրքիան է շահագրգռված, որ հայությունը նվազի ու կազմակերպչական ուժը կորցնի Սիրիայում և Լիբանանում:

Մյուս կողմից, չես կարող մեղադրել այն սիրիահայերին, ովքեր ժամանակավորապես կամ ընդմիշտ լքում են բնակավայրերը: Սիրիահայությունը արդեն տվել է զոհեր ու վիրավորներ: Եթե ընդդիմություն-կառավարական ուժեր մարտերը մնայուն կերպով շարունակվեն Հալեպում, ապա հայությունը կարող է կրել անդառնալի կորուստներ:

Լիբանանի 15-ամյա քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև Իրաքի ներքաղաքական արյունահեղության պայմաններում տեղի հայությունը կարողացավ գտնել գոյատևման եղանակ ու արտագաղթի կողքին պահպանեց հայկական համայնքները: Նույնը պետք է փորձի անել նաև սիրիահայությունը: Այդուհանդերձ, եթե նրանց մի մասը որոշել է հեռանալ, ապա հայացքը պիտի ուղղի Հայաստան կամ Արցախ:

Այստեղ միանգամից տրամաբանական հարց է ծագում. Հայաստանը ինքն է արտագաղթի աղբյուր, հետևաբար՝ ինչպե՞ս կարող է ընդունել սիրիահայերին, երբ չի կարողանում իր տներում պահել հայաստանցիներին: Այո, ճիշտ է, հատկապես վերջին մի քանի տարիներին Հայաստանից կրկին սկսվել է արտագաղթ: Սակայն եթե Հայաստանից տարբեր պատճառաբանություններով մարդիկ արտագաղթում են, ապա դի չի նշանակում, որ արտագաղթի կողքին չի կարող լինել նաև ներգաղթ: Վիճակագրական ճշգրիտ տվյալներ մեր ձեռքի տակ չկան, սակայն իրողություն է, որ 1991-ից ի վեր Հայաստանում և Արցախում հաստատվել են հազարավոր սփյուռքահայեր նույն Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Կանադայից, Միացյալ Նահանգներից ու բազմաթիվ այլ երկներից:

Այլ հարց է՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, Հայաստանի ու Արցախի ժողովուրդը պատրաստակամ է՞, ունի՞ կարելիություններ, որպեսզի մարդավայել ընդունի ու կացարան տրամադրի այն սիրիահայերին, ովքեր որոշել են հեռանալ Սիրիայից և հաստատվել Մայր Հայրենիքում։

Այս հարցերին պատասխան տալուց առաջ նախ պետք է մոտ տասը տարի հետ գնալ և հիշել, թե ինչ էր կատարվում Իրաքի պատերազմի օրերին: Հայաստանն ու հայաստանցիները մարդավայել ընդունեցի՞ն իրաքահայերին: Նրանցից քանի՞սը հաստատվեցին Հայաստանում կամ Արցախում: Անշուշտ, կարելի է արդարացում գտնել, ասելով, որ պատերազմի օրերին Երևան ժամանած իրաքահայերը չցանկացան ապրել ու աշխատել հայրենիքում: Բայց դա արդարացում չէ և ոչ էլ՝ պատասխան այն հարցին, թե ինչու իրաքահայերը հեռացան Հայաստանից:

Վերջին օրերին Հայաստանի իշխանությունները, վերջապես, ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները: Թվում է, ազգային փոխադրողի հավակնորդ «Արմավիան» որոշել է այլևս գերշահույթ չստանալ փորձանքի մեջ հայտնված հալեպահայության հաշվին՝ նրանց վրա օդանավի տոմսը վաճառելով սուղ գներով կամ ստիպելով, որ նրանք գնեն հետադարձ տոմս՝ Հալեպ-Երևան-Հալեպ:

Անշուշտ, Հայաստանի և Արցախի տնտեսական հնարավորությունները դեռևս թույլ չեն տալիս մեծապես օգնել սփյուռքահայերին: Սակայն նաև պիտի ընդունել, որ հայկական երկու պետությունները, բարեբախտաբար, այնպիսի ծանր տնտեսական իրավիճակում չեն, որպեսզի չկարողանան օգնության ձեռք մեկնել այն սիրիահայերին, ովքեր իրոք դրա կարիքն ունեն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում