Համաշխարհային շուկայում մետաղների գների կայուն նվազման դեպքում Հայաստանը կզրկվի տնտեսական աճի գրեթե միակ գործոնից։ Մետաղների գների նվազումն արդեն ազդում է արտահանումից ստացվող դրամական հոսքերի վրա։
Հայաստանի տնտեսական իրավիճակի զարգացման ուղղությունը մեծ մասամբ կախված է արտաքին գործոններից։ Հայաստանի արտահանման հիմնական հոդվածը կազմող ապրանքների բարձր գների և մասնավոր դրամական փոխանցումների ծավալի աճի պայմաններում կվերականգնվի տնտեսության առանձին սեկտորների աճը։ Դրա արդյունքում կարագանա երկրի տնտեսական աճի տեմպը՝ մոտենալով նախաճգնաժամային միջին տեմպին (2000-2007 թթ. ՀՆԱ-ի միջին աճը կազմել է 12%)։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի հուլիսյան «ԱՊՀ - Մակրոմոնիտոր» զեկույցում։
Բանկի մասնագետները գտնում են, որ համաշխարհային շուկայում մետաղների գների կայուն նվազման դեպքում Հայաստանը կզրկվի աճի գրեթե միակ գործոնից, ինչը տնտեսությունը խոցելի կդարձնի արտաքին բացասական գործոնների ազդեցության համար։
Ըստ բանկի մասնագետների՝ թեև Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումներով այս տարի գնաճը կլինի թիրախային 4±1,5%-ի միջակայքում, սակայն ներկայում մեծ է հավանականությունը, որ կիրականանա գնաճի այլ սցենար։ Սեզոնային գնանկման և համաշխարհային շուկայում գների նվազման, մասնավորապես՝ էներգակիրների գնանկման զուգակցման դեպքում երկրում կարձանագրվի դեֆլյացիա, ինչը կարող է բացասական ազդել տնտեսական աճի վրա։
Նշենք, որ հունիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 0,7%՝ թիրախային ցուցանիշի ստորին մակարդակից շեղվելով 1,8 տոկոսային կետով։ Նշենք նաև, որ այսօր համաշխարհային շուկայում 1 տոննա պղնձի գինը $7,5 հազ. է՝ անցած տարվա հուլիսի $9,8 հազ-ի դիմաց։ Եթե ընթացիկ տարվա յոթ ամիսներին արձանագրված պղնձի առավելագույն գինը կազմել է $8,6 հազ. (փետրվարի 27-ին), ապա անցած տարվա առավելագույնը $9,8 հազ. էր։
Այս տարվա առաջին կեսին Հայաստանից արտահանվել է մոտ 5 հազ. տոննա չմշակված պղինձ (աճը 15%), գումարային արտահայտությամբ արտահանումը կրճատվել է 10%-ով կամ մոտ 6 մլն-ով։
Civilnet











