Գլխավոր Լրահոս

Վերադարձը առկա ուսուցման Թբիլիսիում հանգեցրել է ուսանողական բողոքի

Վերադարձը առկա ուսուցման Թբիլիսիում հանգեցրել է ուսանողական բողոքի

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները COVID-19 համաճարակի սկզբից ի վեր երկուշաբթի վերադարձել են դասասենյակներ։ Որոշումը, սակայն, չեն ողջունում մայրաքաղաքից դուրս բնակվող ուսանողները, որոնք ի վիճակի չեն վճարել Թբիլիսիում կացարանների բարձր վարձավճարները։

Վրաստանի տարբեր շրջաններից գրեթե երկու տասնյակ ուսանող երկուշաբթի ցույց է անցկացրել Թբիլիսիի պետական համալսարանի դիմաց՝ պահանջելով վերականգնել հիբրիդային կրթական համակարգը՝ առկա ուսուցման փոխարեն:

Մայրաքաղաքում վարձավճարների գները բարձրացել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, ինչի արդյունքում Վրաստան են տեղափոխվել տասնյակ հազարավոր ռուս ներգաղթյալներ։ Սա Վրաստանի հեռավոր շրջաններից եկած ուսանողներին կանգնեցրել է մի իրավիճակի առաջ, երբ նրանք ի վիճակի չեն կացարաններ վարձակալել Թբիլիսիում։

Թբիլիսիի պետական համալսարանի բակում ցույցին միացած բանասիրության չորրորդ կուրսի ուսանող Բարբարե Սաուրին OC Media-ին ասել է, որ համալսարանի ռեկտորի և ղեկավարության հետ հանդիպումը կոնկրետ արդյունքներ չի տվել։

«Թբիլիսիի պետական համալսարանի՝ մինչև 2 400 ուսանող հայտնվել են այսպիսի ծանր վիճակում։ Ղեկավարությունը մեզ ասաց, որ յուրաքանչյուր ուսանողի խնդիրն ու պահանջը անհատապես կդիտարկեն։ Բայց երբ ուսանողները զանգահարում են և հայտնում իրենց խնդիրների մասին, նրանք ասում են, որ չեն կարող օգնել»։

Բողոքի ցույցի մասնակիցներն ասում էին, որ համալսարանը փոքրացնում է խնդիրը՝ պնդելով, որ միայն մոտ 200 ուսանողի չի կարողացել ապահովել կացարանով: Ցուցարարները համալսարանից պահանջում են կառուցել լրացուցիչ կահավորված հանրակացարան, որը հարմարեցված կլինի ուսանողների կարիքներին: Թբիլիսիի պետական համալսարանն արդեն ունի երկու հանրակացարան, սակայն նրանցից մեկը գտնվում է կիսավեր վիճակում, իսկ մյուսը՝ լեփ-լեցուն է ուսանողներով։

Ապրիլի 27-ին համալսարանը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ առկա կրթության վերականգնումն անհրաժեշտ որոշում է դասարաններում «կրթության որակը բարելավելու համար, քանի որ ոչ մի այլ ձևաչափ՝ ոչ ամբողջությամբ հեռակա, ոչ էլ հիբրիդային, չի կարող ապահովել ուսուցման պահանջվող որակը»։ 

«Ուսանողներին տրվել է ավելի քան երկու ամիս՝ ուսումնական գործընթացին պատրաստվելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուսանողների հետ հանդիպմանը համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն ասել է, որ երկու ուսանողի կհյուրընկալի իր տանը։ Նա առաջարկել է նաև նախաձեռնություն՝ ներգրավել համալսարանի շրջանավարտներին այլ մարզերի ուսանողներին կացարան տրամադրելու գործընթացում:

Համալսարանի խոսնակ Նատա Ասաթիանին քննադատել է ցուցարար ուսանողների պահանջները՝ նրանց մեղադրելով բուհի՝  խնդիրը լուծելուն ուղղված ջանքերը խափանելու մեջ։

«Ռեկտորը պատրաստ է արշավ սկսել՝ շրջանավարտներից և բիզնեսի ներկայացուցիչներից գումար հայթայթելու համար, և այդ ֆոնդը կօգնի ուսանողներին տեղավորվել»,- գրել է նա։ «Ուսանողները պետք է ներգրավված լինեն դրանում, սակայն նրանք ռեսուրսները համախմբել են առկա դասերը խոչընդոտելու և միասին լուծում չփնտրելու համար»:

Հավաքված ուսանողները երկուշաբթի OC Media-ին ասել են, որ շարունակելու են բողոքի ցույցերը, իսկ հետագա ծրագրերի մասին կհայտարարեն ավելի ուշ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում