Մայիսի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանն ու Ռուտեն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
Մարկ Ռուտեն իր ելույթում նշել է, որ Հայաստանը շատ բարեփոխումներ է իրականացրել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում։ Ըստ նրա՝ ՀՀ-ն «գնում է ժողովրդավարության ճանապարհով»։
«Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի կառավարության ջանքերն այդ առումով, մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել»,- ասել է Նիդերլանդների վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը վճռական է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով:
«Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում»,- նշել է Փաշինյանը։
Civilnet











