Շոթա Կինչա, OC Media
Վրաստանում ընդդիմադիր հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիայի բանտարկությունը բողոքի ալիք է բարձրացրել, նաև դատապարտման է արժանացել արևմտյան երկրների կողմից։
Չորեքշաբթի մի քանի հազար մարդ դուրս է եկել մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներ՝ ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքի համահիմնադիր և տնօրեն Նիկա Գվարամիայի նկատմամբ հետապնդումների պատճառով, որը, ըստ նրանց, քաղաքական դրդապատճառներով է իրականացվում։
Ցույցին, որը կազմակերպել էին տեղական լրատվամիջոցները, միացել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:
Երկուշաբթի Թբիլիսիի քաղաքային դատարանը Գվարամիային դատապարտել է երեք տարի վեց ամիս ազատազրկման՝ 2019 թ. մեկ այլ հեռուստաընկերության՝ «Ռուսթավի 2»-ի ղեկավարման ժամանակ իր դիրքը չարաշահելու համար։
Նախկինում՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կառավարման տարիներին, Գվարամիան բարձրաստիճան մի շարք պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում և այս ողջ ընթացքում մնացել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը: Նա նաև դատարանում Սաակաշվիլիի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկն է եղել։
Ավելի փոքրաթիվ ցույցեր են անցկացվել նաև Բաթումի և Զուգդիդի քաղաքներում։

Թեև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի խոսել Գվարամիային ներում շնորհելու մասին, վերջինիս որոշ կողմնակիցներ նման ենթադրություններ են արել։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները զգուշացրել են, որ նախագահը նման քայլ չանի՝ կուսակցության ակնհայտորեն համակարգված ուղերձով հիշեցնելով, որ Գվարամիան անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել նախագահի նկատմամբ:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ Գվարամիան Զուրաբիշվիլիին անվանել էր «տրանսգենդեր» (կնատյաց եզրույթ) և Ռուսաստանից եկած «շան աղջիկ»:
«Վրացական երազանքը» հակադարձում է արևմտյան քննադատներին
Տեղական և միջազգային իրավապաշտպան խմբերը, ինչպես նաև Արևմուտքի երկրների կառավարությունները լայնորեն քննադատել են Գվարամիայի դատապարտումը։
Երեքշաբթի Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրա դատավճիռը անվանեց «քաղաքական դրդապատճառներով հետապնդման բացահայտ գործողություն՝ ի պատասխան նրա այլակարծիք տեսակետների և իշխանությունների քննադատության»:
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնակատար Քլեր Օլբլեսն ասել է, որ «հիասթափված է» դատավճռից, իսկ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դա «կասկածի տակ է դնում օրենքի գերակայության նկատմամբ Վրաստանի հաձնառությունը»։
«Հատկապես այս պահին, երբ Վրաստանն ունի աննախադեպ հնարավորություն՝ առաջ մղելու իր եվրատլանտյան ինտեգրումը, նույնիսկ քաղաքականացված քրեական հետապնդման գաղափարը վնասակար է»,- ասվում էր ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արձագանքել է՝ խիստ քննադատություն հնչեցնելով արտերկրում իրենց քննադատների հասցեին:
Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն օտարերկրյա դիվանագետներին մեղադրել է «հանցագործներին» օգնելու մեջ՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի։
Վրաստանի փոխվարչապետ և մշակույթի նախարար Թեա Ցուլուկիանին մերժել է տեսակետը, թե Գվարամիայի դատավճիռը վտանգի տակ է դնում Վրաստանի ուղին դեպի ԵՄ անդամակցություն։
Իշխանական «Իմեդի» հեռուստաալիքի հետ զրույցում Ծուլուկիանին արևմտյան քննադատներին մեղադրել է կառավարությանը տապալելու նպատակով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ համագործակցելու մեջ։
Նա ասել է, որ ընդդիմությունը «փորձում է 10-11 օտարերկրացիներից բաղկացած փոքր խմբին», որոնք, ըստ նրա, «անհարգում են վրաց ազգին», ներկայացնել որպես «իրական Եվրոպա»:

«Նրանց թվում ես նկատի ունեմ Վիոլա ֆոն Կրամոնին, որը գրեթե վրացի քաղաքական գործիչ է դարձել, և որը ուղղակիորեն միջամտում է վրացական քաղաքականությանը՝ մատ թափ տալով սրա-նրա վրա, կարծես այդ իրավունքն ունի»,- հայտարարել է Ծուլուկիանին։
«Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը մեկն է Եվրախորհրդարանի այն ինը պատգամավորներից, որոնք քննադատել են Գվարամիայի դատավճիռը:
«Կա նաև Յան Քելլին,- ասել է Ցուլուկիանին՝ նկատի ունենալով 2015-2018 թթ. Վրաստանում ԱՄՆ դեսպանին,- վրացի մայրերը, հավանաբար, Յան Քելիի քաշի չափ արցունք են թափել՝ իրենց երեխաներին ուղարկելով պաշտպանելու [Վրաստանի] եվրոպական և արևմտյան ընտրությունը»:
Յան Քելլին Գվարամիայի բանտարկությունն անվանել էր «մութ օր» վրացական ժողովրդավարության աջակիցների և երկրի «եվրաատլանտյան ձգտումների» համար։
Մեկ տասնամյակ Իվանիշվիլիի անխոնջ քննադատը
45 տարեկանում Գվարամիան Վրաստանում արդեն հակասական կերպար է դարձել: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո, երբ իշխանության եկավ «Վրացական երազանք»-ը, Գվարամիայն դարձավ կառավարության ամենաբացահայտ և երևացող քննադատներից և քաղաքական փորձագետներից մեկը:
2012 թ. խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից շաբաթներ անց Գվարամիան ստանձնեց «Ռուսթավի 2» հեռուստաալիքի կառավարումը։

Հինգ շաբաթ անց նա մեղադրվեց նույն տարվա սկզբին կոռուպցիոն սխեմա կազմակերպու մեջ: 2013 թ. նոյեմբերին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան անմեղ ճանաչեց, ինչից ոգեշնչված նա գովաբանեց վրացական դատական համակարգը:
«Ռուսթավի 2», այնուհետև «Մթավարի Արխի» հեռուստաընկերությունների տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա նաև հաճախակի էր հայտնվում էկրաններին որպես հեռուստահաղորդավար: Նրա երբեմն զազրելի ելույթները ուղղված էին ոչ միայն «Վրացական երազանքի» իշխանությանը, այլև Վրաստանի մշակութային և կրոնական վերնախավերին, որոնք, ըստ նրա, չափազանց մտերիմ էին իշխանությունների հետ:
Կառավարությունում նրա եղած ժամանակներից Գվարամիային, թերևս, ամենաշատը հիշում են որպես գլխավոր դատախազի տեղակալ, որը 2007 թ․ «բացահայտեց» այն, ինչը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պնդմամբ ընդդիմության կողմից իրականացված հեղաշրջման փորձ էր: Այնուհետև կառավարությունը դաժանորեն ճնշեց ընդդիմության բողոքի ցույցերը մայրաքաղաքում, ներխուժեց «Իմեդի» հեռուստաընկերություն և փակեց այն:

Գվարամիայի քննադատները համարում են, որ իշխանության եղած ժամանակ հենց նա է կազմակերպել պետական քարոզչությունը՝ թիրախավորելով հակառակորդներին։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության իշխանության տարիներին Գվարամիան նաև եղել է պատգամավոր, զբաղեցրել է արդարադատության և կրթության նախարարների պաշտոնները։
Civilnet











