Գլխավոր Լրահոս

ԱՄՆ և ՌԴ դեսպանները նույն օրն այցելել են Սյունիք՝ տարբեր ուղղություններով

ԱՄՆ և ՌԴ դեսպանները նույն օրն այցելել են Սյունիք՝ տարբեր ուղղություններով

Հայաստանում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանները նույն օրը` մայիսի 24-ին, ացելել են Սյունիքի մարզ` տարբեր օրակարգերով: 

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է հայ-ադրբեջանական սահման, հանդիպել այնտեղ տեղակայված ռուս սահմանապահների հետ։ 

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուշադրության կենտրոնում եղել են համայնքային զարգացման խնդիրները և մարզում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով կատարված աշխատանքները: 

Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը, մայիսի 24-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որը «‎Սյունիքի համար մարտահրավերներով լի շրջանում» հայտնել է  ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով դեսպանատան աջակցության մասին: 

Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերը, հատկապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքները:  

«‎Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական,  ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացման ուղղություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հաղորդվում է նաև, որ դեսպանը կարևորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։ «‎Կողմերի միջեւ հետագա համագործակցության եւ փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։ 

Նույն օրը Սյունիք այցելած ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի օրակարգն ավելի շատ վերաբերել է անվտանգության խնդիրներին: Մինչ Սյունիք հասնելը նա ՌԴ ԱԴԾ սահմանային տնօրինության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին, որը 2020-ին զոհվել էր Երասխ բնակավայրի մոտ մարտական ​​առաջադրանք կատարելիս:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը այցելել է նաև ՀՀ սահմանի «Տեղ» և «Պարույր Սևակ» սահմանային կետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա և ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև «սեղմ ժամկետում զգալիորեն բարելավված ռուսական կողմի կեցության և ծառայության իրականացման պայմաններին»:

«Կապանում Սերգեյ Կոպիրկինին դիմավորել են քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները, որոնք համայնքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար», - ասված է հաղոդագրությունում:

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում