Գլխավոր Լրահոս

Հայաստանում հետաքրքրված են կոռուպցիայի դեմ պայքարի ռումինական փորձով

Հայաստանում հետաքրքրված են կոռուպցիայի դեմ պայքարի ռումինական փորձով

Կոռուպցիայի դեմ պայքարի ռումինական փորձին ծանոթանալու նպատակով մայիսի 2-6 Հայաստանից պատվիրակություն է մեկնել Բուխարեստ: ԵՄ անդամ, հետսոցիալիստական երկրի՝ Ռումինիայի, հակակոռուպցիոն ոլորտում անցած ճանապարհը հետաքրքրել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողներին, պետական պաշտոնյաներին և ՔՀԿ ներկայացուցիչներին: Այդ մասին ասված է Կովկասի ինստիտուտի տարածած հաղորդագրությունում: Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է գլխավորել հայկական պատվիրակությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է` հնգօրյա ճանաչողական այցի ընթացքում հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ռումինիայի Պարկեշտության ազգային գործակալության (National Integrity Agency), аրդարադատության նախարարության, Հակակոռուպցիոն ազգային տնօրինության (National Anticorruption Directorate), Ակտիվների վերականգնման և կառավարման գրասենյակի, խորհրդարանի, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

Ալեքսանդր Իսկանդարյանը, ամփոփելով այցի արդյունքները, նշել է, որ հայաստանցի մասնակիցներին շատ հետաքրքիր էր և կարևոր ծանոթանալ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալացման ոլորտում հաջողություններին և անհաջողություններին: Իսկ թե ինչու հենց ռումինական փորձն է կարևորվել, Իսկանդարյանը բացատրում է այսպես. 

«Ռումինիան հետսոցիալիստական երկիր է, որը հանդիպում է այն նույն խնդիրներին և դժվարություններին, ինչ բոլոր մնացած հետխորհրդային երկրները։ Ազատվելով տոտալիտար կոմունիստական ռեժիմից մոտավորապես նույն ժամանակ, ինչ Վարշավյան պայմանագրի մնացած գործընկերները՝ Ռումինիան այս պահին շարժվում է ժամանակակից ժողովրդավարական հասարակության կառուցման ուղղությամբ։ Այն դարձել է ՆԱՏO և ԵՄ անդամ, ունի տնտեսական զարգացման բավականին լավ ցուցանիշներ, կառուցում է իր քաղաքական և կուսակցական համակարգը։ Մյուս կողմից՝ Ռումինիան առնչվում է լուրջ խնդիրների, որոնցից ամենակարևորներից է կոռուպցիան։ Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզացիան չափազանց կարևոր խնդիր է բալկանյան այս երկրի համար։ Հայաստանցի մասնակիցներին շատ հետաքրքիր էր և կարևոր ծանոթանալը այդ ոլորտում հաջողություններին և անհաջողություններին»։

«Քննարկվել են Ռումինիայում գործող հայտարարագրման, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների ինստիտուտների փորձը, կոռուպցիայի կանխարգելման գործող մեթոդներն ու գործիքակազմը, ինչպես նաև Արդարադատության նախարարության և խորհրդարանի դերը հակակոռուպցիոն համակարգում, կոռուպցիայի հասարակական ընկալումները և հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներգրավվածությունը հակակոռուպցիոն քաղաքականության, ռազմավարության մշակման ու իրագործման գործում», - ասված է հաղորդագրությունում։

«Համեմատելով Ռումինիայի և Հայաստանի հակակոռուպցիոն համակարգերը՝ հայ քաղաքացիական ծառայողները՝ որպես հայաստանյան համակարգի առավելություններից մեկը նշում են կայացած կանխարգելման մարմինը իր լայն լիազորություններով, իսկ ռումինական համակարգինը՝ հակակոռուպցիոն քննություն իրականացնող մարմինների  փորձառությունը։ Ի տարբերություն Ռումինիայի՝ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և պատժելիության ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան»,- նշվում է հաղորդագրությունում։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում