Գլխավոր Լրահոս

Մեղրին ու Ագարակը ամռան շոգին առանց խմելու ջրի են մնացել

Մեղրին ու Ագարակը ամռան շոգին առանց խմելու ջրի են մնացել

Մեղրի և Ագարակ համայնքներում ամռան շոգին մարդիկ շուրջ տասն օր է՝ զրկված են խմելու ջրից: Այստեղ ցերեկային ժամերին ջերմաստիճանը 40 աստիճանի է հասնում, իսկ նշված համայնքները ջուր են ստանում մեկ ժամով։ «Վեոլիա ջուր» ընկերությունից պարզաբանում են, որ պատճառը վթարն է, ինչպես նաև ջրամբարի մաքրման աշխատանքները: Վստահեցնում են` կանոնավոր ջրամատակարարումը շուտով կսկսվի։ 

Մեղրեցիները, սակայն, թերահավատ են. նրանք պատմում են, որ քաղաքի ջրամատակարարումը կատարվում է երկու ջրամբարից: Այստեղ ջուրը լցվում է քաղաքի վերնամասում գտնվող ավելի մեծ ջրամբարից, որտեղ հնարավոր չէ՝ ջուր չլինի: Համայնքում խոսում են նաև, որ ջուր կա, պարզապես այն անմիջապես մատակարարվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ արտադրական գործընթացի համար։ 

«Վիճակն ավելի ծանր է Ագարակում,- ասում է Յուրա Ավդալյանն ու ավելացնում։ - Եթե Մեղրիում մի քիչ  ջուր են տալիս, ապա մեզ մոտ դա իսպառ բացակայում է: Այս շոգ տարծաշրջանում առանց ջրի դիմակայելն անհնար է»:

Բնակիչները չգիտեն՝ ում դիմեն, որ հարցը լուծում ստանա։ Համայնքապետարանից վստահեցրել են՝ հարցը լուծելու իրավասություն չունեն․ խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է: 

Ջրի բացակայության հարցից տեղյակ է նաև Սյունիքի մարզպետը: Եղել է Մեղրի և Ագարակ քաղաքներում և անձամբ ծանոթացել խնդրին, որից հետո տեղի է ունեցել «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուների հետ հանդիպում-խորհրդակցությունը. քննարկվել են խմելու և ոռոգման ջրի հարցերը։ Ջրամատակարարող ընկերությունից տեղեկացրել են, որ ձնհալի պատճառով ջրի պղտորվածությունը դեռ չի հաջողվել հասցնել սահմանված չափի, որպեսզի ապահովեն անխափան ջրամատակարարում: 

Ռոբերտ Ղուկասյանը իրավիճակից դուրս գալու և ջրամատակարարումը վերականգնելու համար հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Վերջիններս վստահեցրել են՝ կարճ ժամկետում կվերացնեն խնդիրները, և երկու քաղաքների ջրամատակարարումը պատշաճ կկատարվի: 

Տեղացիները պատմում են, որ ջրի բնականոն մատակարարման հետ կապված՝ հաճախ են բախվում խնդիրների: Նրանց խոսքով՝ նախորդ տարի էլ Ագարակ բնակավայրում ոռոգման ջրի բացակայության պատճառով չորացել էին արքայանարնջի և թզի այգիները, ինչի պատճառով տեղացիները զրկվել էին տարվա բերք ու բարիքից՝ ապրուստի միջոցից:

Պարբերաբար կրկնվող խնդրի լուծումը հրատապ է մարզի այս հատվածի համար, և տեղացիները լիահույս են, որ իրենց մտահոգող հարցը, ի վերջո, կստանա համակարգային լուծում:

Արմինե Սիմոնյան, Գորիս

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում