ՀՀ Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվել են հանրապետության համայնքների բյուջեների 2012թ. 7 ամիսների կատարողականի ցուցանիշները, ասված է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի մամլո հաղորդագրության մեջ: Օգոստոսի 1-ի դրությամբ ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 82.6%, անցած տարվա 7 ամսվա համեմատ աճը կազմել է 3 860 899 հազ. դրամ: Սեփական եկամուտները, առանց պաշտոնական դրամաշնորհների, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 1 450 748 հազ. դրամով. արձանագրվել է 83,7% կատարողական:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանն անբավարար է համարել հողի հարկի հավաքագրման արդյունքները` ընդգծելով, որ հատկապես ցածր ցուցանիշներ ունեցող մարզերում չկան օբյեկտիվ պատճառներ նման արդյունքներ գրանցելու համար: 80%-ից ցածր ցուցանիշներ են արձանագրվել Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում: Հանձնարարվել է ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին և փոխնախարար Արտաշես Բախշյանին շարունակել հետևողական աշխատանքները` նշված մարզերում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
Սեփական եկամուտների հավաքագրման մեջ, անցած տարվա համեմատ, նվազում է գրանցվել նաև տեղական և պետական տուրքերի մասով: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ և առաջիկա երկու շաբաթում մարզերում վերլուծել տեղական տուրքերի հավաքագրման նվազման պատճառները:
Համայնքների սեփական եկամուտներում պետական տուրքերի հավաքագրման մակարդակն անցած տարվա համեմատ նվազել է 12.7%-ով` 57 926 հազ. դրամով: Ա. Գևորգյանը հանձնարարել է ուսումնասիրել պետական տուրքերի նվազման օբյեկտիվ պատճառները և հատկապես նոտարական և անշարժ գույքի կադաստրի համակարգերում իրականացված բարեփոխումների ազդեցությունն այս գործընթացի վրա:
Տարածքային կառավարման նախարարն առաջարկել է մարզպետների և համայնքների ղեկավարների ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները գործելու են մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:
Civilnet











