Միջազգային վարկանշային Standard&Poor's (S&P) գործակալությունը օգոստոսի 7-ին հաստատել է Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշն օտարերկրյա և ազգային արժույթով ССС սպեկուլյատիվ մակարդակի վրա՝ վարկանիշի կանխատեսումն իջեցնելով «կայունից» «բացասականի»:
Վերլուծաբանների կարծիքով՝ Հունաստանի վարկային վարկանիշին «բացասական» կանխատեսում շնորհելու վերաբերյալ S&P-ի որոշումը պայմանավորված է պարտքային ճգնաժամի դեմ պայքարում այս երկրին միջազգային վարկատուների կողմից լրացուցիչ օժանդակության տրամադրման անհրաժեշտությամբ:
«Մեր կարծիքով՝ 2012թ. Հունաստանը լրացուցիչ ֆինանսավորման կարիք կունենա Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում՝ պայմանավորված բյուջետային կոնսոլիդացիայի միջոցների իրականացման ուշացմամբ և Հունաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:
S&P-ի վերլուծաբանները նաև նշում են, որ հունական կառավարությունը ֆինանսական աջակցության հերթական տրանշ ստանալու նպատակով բյուջետային ծախսերի նոր կրճատումներ անելու դժվարություն կունենա: «Վարկանիշի «բացասական» կանխատեսումը նշանակում է, որ եթե Հունաստանը չկատարի ԵՄ և ԱՄՀ ծրագրի շրջանակում ֆինանսական օգնության հերթական տրանշ ստանալու պայմանները, նրա վարկային վարկանիշը կարող է իջեցվել»,- նշում է գործակալությունը:
S&P-ն կանխատեսում է, որ 2012-2013 թթ. ընթացքում Հունաստանի ՀՆԱ-ն կկրճատվի 10-11%-ով, այն դեպքում, երբ ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից ֆինանսական աջակցության ծրագիրը նախատեսում է ՀՆԱ-ի 4-5% կրճատում:
Civilnet











