Գլխավոր Լրահոս

Պուտինը հաղթում է Էներգետիկ պատերազմում. Bloomberg-ի հոդվածագիր

Պուտինը հաղթում է Էներգետիկ պատերազմում. Bloomberg-ի հոդվածագիր

Bloomberg-ի սյունակագիր Խավիեր Բլասն (Javier Blas) իր «Էներգետիկ շուկաներում Պուտինը հաղթում է պատերազմում» (In the Energy Markets, Putin Is Winning the War) վերնագրված հոդվածում, որը հրապարակվել է The Washington Post թերթում, անդրադառնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև սկսված էներգետիկ դիմակայությանը։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Անկախ ինչ ցուցանիշ կվերցնեք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթում է էներգետիկ շուկաներում։ Մոսկվան կթում է իր նավթային կովը՝ ամեն օր հարյուր միլիոնավոր դոլարներ վաստակելով Ուկրաինա ներխուժումը ֆինանսավորելու և պատերազմի համար ներքին աջակցություն գնելու համար: Երբ նոյեմբերին սկսվեն ռուսական հում նավթի արտահանման դեմ եվրոպական պատժամիջոցները, տարածաշրջանի երկրները կկանգնեն դժվարին ընտրության առաջ, քանի որ էներգետիկ ճգնաժամը սկսում է սպառնալ սպառողներին և ընկերություններին:

Էլեկտրաէներգիայի ծախսերը անհատ սպառողների և ձեռնարկությունների համար հոկտեմբերից կմեծանան, քանի որ նավթի եկամուտների աճը Պուտինին թույլ է տալիս զոհաբերել գազից ստացվող եկամուտը և կրճատել մատակարարումները Եվրոպային: Մեծ Բրիտանիայում գները, ամենայն հավանականությամբ, կբարձրանան 75%-ով, մինչդեռ Գերմանիայում կոմունալ իշխանություններն արդեն զգուշացրել են, որ գները կբարձրանան 100%-ից ավելի:

Ռուսաստանը հաջողությամբ էներգիայի մատակարարումներն օգտատգործում է որպես զենք. արևմտյան կառավարությունները կենթարկվեն աճող ճնշման՝ միլիարդներ ծախսելու կամ կոմունալ ծախսերի սուբսիդավորման վրա կամ, ինչպես արդեն իսկ Ֆրանսիայում է, վերահսկողության տակ վերցնելով էներգետիկ ընկերությունները։

Առաջին ցուցանիշը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Պուտինը հօգուտ իրեն շրջել նավթի ալիքը, ռուսական հում նավթի արդյունահանումն է: Անցյալ ամիս երկրի արդյունահանումը բարձրացավ մինչև նախապատերազմյան մակարդակ՝ միջինը օրական գրեթե 10,8 մլն բարել, ինչը մի քիչ է ցածր Ուկրաինա ներխուժումից անմիջապես առաջ ցուցանիշի՝ հունվարին արտադրված 11 մլն բարելի համեմատ: Ելնելով ոլորտի գնահատականներից՝ այս ամիս նավթի արդյունահանումը մի փոքր ավելի բարձր է:

Սկզբնական խնդիրներից հետո Ռուսաստանը գտել է օրական մեկ միլիոն և ավելի բարելի նոր գնորդներ՝ եվրոպական նավթավերամշակողների փոխարեն, որոնք դադարեցրել էին գնումները՝ ինքնապատժամիջոցների պատճառով: Այդ հումքի մեծ մասը իրացվում է Ասիայում, մասնավորապես՝ Հնդկաստանում, բայց նաև Թուրքիայում և Մերձավոր Արևելքում: Իսկ մի մասը  դեռևս իրացվում է Եվրոպայում․ գնորդները դեռ գնում են ռուսական հում նավթ՝ նոյեմբերի սկզբին նախատեսված պաշտոնական պատժամիջոցների սահմանումից առաջ: Բոլոր նրանք, ովքեր գրազ էին գալիս, թե ռուսական նավթի արդյունահանումը կշարունակի նվազել, այդ թվում՝ ես, սխալվել են:

Երկրորդ ցուցանիշը ռուսական նավթի գինն է։ Մոսկվան սկզբում ստիպված եղավ գնորդներին գրավելու համար իր նավթը վաճառել մեծ զեղչերով՝ համեմատած այլ նավթատեսակների: Վերջին շաբաթներին, սակայն, Կրեմլը վերագտել է գին թելադրելու իր ուժը՝ օգտվելով սուղ շուկայից:

Ռուսաստանի հեռավորարևելյան ESPՕ (Eastern Siberia Pacific Ocean) նավթատեսակը այս միտման լավ օրինակ է։ Այս տարվա սկզբի ցածր գների ժամանակ այն վաճառվում էր Ասիայի տարածաշրջանի համար Դուբայի՝ գնային հենանիշ հանդիսացող նավթից 20 դոլարով էժան: Վերջերս ESPO-ն և Դուբայի նավթը փոխատեղվել են։ Իսկ ուրալյան նավթը, որին բաժին է ընկնում Եվրոպա ռուսական նավթի արտահանումների մեծ մասը, այնքան օգուտ չի բերում, որքան ESPO-ն, քանի որ դրա հիմնական գնորդներն ավանդաբար եղել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, այլ ոչ թե Հնդկաստանը: Բայց նրա գինը ևս վերականգնվում է, և այն վերջերս արդեն վաճառվում էր 20-25 դոլարով էժան, քան հենանիշ համարվող Brent նավթը, մինչդեռ ապրիլի սկզբին տարբերությունը կազմում էր 35 դոլար:

Մոսկվան նավթի նոր թրեյդերներ է գտնում, որոնք հաճախ գործում են Մերձավոր Արևելքից և Ասիայից ու, հավանաբար, ֆինանսավորվում են ռուսական փողերով։ Դրանք պատրաստ են գնել ռուսական հումքը և ուղարկել քաղցած շուկաներ: Քանի որ Brent տեսակի նավթը տատանվում է բարելի դիմաց 100 դոլարի սահմաններում, իսկ Ռուսաստանը կարող է որոշ զեղչեր առաջարկել, Կրեմլը շատ փող է վաստակում: Էներգետիկ պատժամիջոցներն առնվազն առայժմ չեն գործում։

Ռուսաստանի հաջողության վերջնական ցուցանիշը, սակայն, ոչ թե շուկայական, այլ քաղաքական է: Դեռ մարտին և ապրիլին Արևմուտքի քաղաքականություն մշակողները լավատես էին, որ ՕՊԵԿ-ի նավթային կարտելը Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավորությամբ կհրաժարվի Ռուսաստանի հետ դաշինքից: Եղավ հակառակը։

Չնայած ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Ռիադ կատարած այցին, Պուտինը պահպանել է ազդեցությունը ՕՊԵԿ+ դաշինքի ներսում։ Բայդենի՝ Սաուդյան Արաբիայից հեռանալուց անմիջապես հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, որը ղեկավարում էր կարտելի հետ հարաբերությունները, մեկնեց այդ թագավորություն: Մի քանի օր անց ՕՊԵԿ+-ը հայտարարեց նավթի արդյունահանման աննշան աճի մասին՝ շարունակելով ճնշումը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա:

Նավթի շուկայում հաղթանակը նշանակում է, որ Պուտինը կարող է իրեն թույլ տալ հրաժարվել բնական գազի եկամուտներից՝ կրճատելով դրա մատակարարումները Եվրոպային և ճնշում գործադրելով Բեռլինի, Փարիզի և Լոնդոնի վրա, որոնք պատրաստվում են էներգակիրների մանրածախ գների զանգվածային աճին և սպասվող դեֆիցիտին, ինչը կարող է հանգեցնել այս ձմռանը խիստ խնայողական օգտագործման: Մոսկվան այնքան մեծ գումար է վաստակում նավթի վաճառքից, որ կարող է իրեն թույլ տալ սահմանափակել հումքի մատակարարումը Արևելյան Եվրոպայի երկրներին այնպես, ինչպես դա արեց այս շաբաթվա սկզբին:

Ցուրտ եղանակի, էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի և այս տարվա վերջում գների աճի համակցությունը սպառնում է խաթարել Ուկրաինային Արևմուտքի աջակցությունը: Եվրոպացի քաղաքական գործիչները, որոնք ցանկանում էին միջազգային գովասանքի արժանանալ՝ ցուցադրելով իրենց աջակցությունը Կիևին, կարող են ավելի քիչ պատրաստակամ լինել իրենց ընտրազանգվածի շրջանում վճարելու էներգետիկ աղքատությունը կանխելու հաշիվը:

Հանրայնորեն, եվրոպական կառավարությունները դեռ ամուր են ռուսական էներգիայից հրաժարվելու իրենց վճռականության մեջ: Վարագույրի ետևում, սակայն, նրանք գիտակցում են այն դժվարությունները, որ այդ դիրքորոշումը կարող է հասցնել իրենց տնտեսություններին: Պուտինը հաղթում է էներգետիկ պայքարում։ Հուսանք, որ այդ լծակը բավականաչափ հզոր չէ, որպեսզի արևմտյան քաղաքական գործիչներին մղի մեղմել իրենց դիրքորոշումը իրական պատերազմում:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում