Այս տարվա մարտից մինչ օրս Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները գրանցել են շուրջ 2 000 ընկերություն: Այդ մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում:
«Շուրջ 2 000 ընկերություն է գրանցվել, մի մասը տեղափոխվել է Ռուսաստանից Հայաստան այս տարվա մարտից, - նշում է փոխնախարարն ու հավելում: - Խոսքը նրա մասին չէ, որ այդ ընկերությունները տեղափոխվել են Հայաստան, որ օգտագործեն Հայաստանը որպես հարթակ արտասահմանյան գործըկերների հետ աշխատելու համար»:
Ըստ փոխնախարարի՝ Հայաստանում են այն ընկերությունները, որոնք հավելյալ արժեք են ստեղծում. «Այն է` այդ ընկերություններն ունեն աշխատակիցներ, արտադրական հզորություններ Հայաստանում և հարկեր են վճարում»:
Նշենք, որ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Հայաստանում հայտնված տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներն էականորեն բարձրացրել են բանկային համակարգում ակտիվությունը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի բանկերն ունեցել են 111 մլրդ դրամի շահույթ՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 70 մլրդ դրամով ավելի, օգոստոսի 26-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
«Կիսամյակի կտրվածքով շահույթի նման ցուցանիշը պայմանավորված է նաև իրենց տնտեսական շահի կենտրոնը Հայաստան տեղափոխած ոչ ռեզիդենտների կողմից բացված շուրջ 20 հազար հաշիվների, Հայաստան այցելած շուրջ 600 հազար զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունների հանգամանքով։ Մեր գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է ստեղծված իրավիճակով և կրում է ժամանակավոր բնույթ»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
https://civilnet.am/news/672362/2022-%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-111-%D5%B4%D5%AC%D6%80%D5%A4-%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%AB-%D5%B7%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/
Civilnet











